Այս իշխանությունն ունակ չէ հասկանալ, որ արհավիրքի դիմաց ենք, ու որ այլ տիպի լուծումներ են պետք. Արթուր Վանեցյան. «Առավոտ»
Aravot.am-ը ներկայացնում է հարցազրույց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
– Պարոն Վանեցյան, երեկ Դուք Վանաձորում էիք՝ «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը, տեսանք, որ շփվում էիք կուսակիցների, ժողովրդի հետ, ո՞րն էր մարդկանց ամենահուզող հարցը Ձեր շփումների ընթացքում:
– Մարդկանց հուզող խնդիրները շատ են և տարբեր` սկսած խաբված լինելու զգացողությունից մինչև համաճարակի պայմաններում անպաշտպան լինելը՝ և հոգեբանական, և կենցաղային տեսանկյունից: Բազմաթիվ մարդիկ չեն տեսնում վաղվա օրը, միայն գիտակցում են, որ օրեցօր վատ են ապրում, չնայած մեծ հույսեր ունեին լավ ապրելու:
Մարտահրավերները ձնագնդիի պես աճում են բոլոր ուղղություններով: Դա տեսնում և սեփական մաշկի վրա զգում են արդեն բոլորը: Ես անընդմեջ եմ հանդիպում մարդկանց հետ՝ շատ տարբեր մարդկանց, քննարկումներ եմ նախաձեռնում տարբեր ձևաչափերով
Այս օրերին մեր քննարկումների հիմնական թեման երկրում ստեղծված իրավիճակն է։ Մենք շատ մտահոգ ենք։ Շատ։ Այսպես շարունակելն այլևս անկարելի է։ Հենց ձեզ մի քանի պարզ հարց տամ՝ Երբ նայում եք շրջապատի բոլոր երկրներին, նրանց կառավարությունների քայլերին, վարակի տարածման նվազող տեմպերին ու մտքում համեմատում եք Հայաստանի հետ՝ ի՞նչ եք մտածում։ Երբ կարդում եք, թե համաճարակից ազատվող երկրներն ինչ պլաններ են արդեն քննարկում տնտեսական նախագծերի, տուրիզմի աշխուժացման, միջազգային ֆինանսավորում ներգրավելու վերաբերյալ ու մտովի համեմատում եք այն հեռանկարի հետ, որ Հայաստանին է սպասում մոտակա ամիսներին, ի՞նչ եք մտածում։
Երբ տեսնում եք, թե համաճարակի դեմ պայքարի ընթացքում շատ ու շատ երկրների կառավարություններ ու հասարակություններ ինչպես դարձան մի բռունցք, մեկ միասնություն ու ճակատամարտ տվեցին մահաբեր ալիքի դեմ ու մտքում համեմատում եք Հայաստանի իրականության հետ, ի՞նչ եք մտածում։ Ասեմ՝ ես ինչ եմ մտածում։ Մեր երկիրն ու մեր ժողովուրդն արժանի չէին այս վիճակին, իսկ գործող իշխանությունը՝ անարժան է Հայաստանին։
Տխուր է, շատ տխուր։ Մենք մեծ արհավիրքի շեմին ենք։ Եթե հիմա էլ չլրջանանք ու քայլեր չձեռնարկենք, շատ վատ կլինի։ Այս կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա։ Մինչև մենք այս հարցը չլուծենք և չլուծենք օր առաջ, պետք է սպասել միայն ու միայն խորացող ճգնաժամ և հանցավոր մեծ քանակի մահեր։
Այս կառավարության ունակությունն այսքանն է, ոչ ավելին։ Իսկ ինչո՞վ են զբաղված այս օրերին որոշում կայացնողները։ Ասեմ՝ ինչով։
Մարդկանց գույքահարկն են բարձրացնում և քննարկում են համատարած եկամուտների հայտարարագրման անցնելու հարցը։ Մարդիկ օրական տասնյակներով մահանում են, իսկ կառավարությունը հերթական հիմարությունն է առաջ բրթում։ Բավական չէ՞, գրքերից կարդացած ու չհասկացած՝ կայացած երկրների համար գործող միջազգային նորմերը կույր ընդօրինակեք, իբր գործ եք անում։ Կառավարության հախուռն քաղաքականության հետևանքով Հայաստանում ոչ միայն զրոյացել են ներդրումները, այլև դեռ շատ երկար ժամանակ որևէ բանական ներդրող հայացք չի ուղղելու մեր ուղղությամբ։ Մենք հիմա ոչ թե պետք է համատարած հայտարարագրում մտցնենք, այլ գոնե ուղիղ հակառակ գործընթացներն անենք՝ թուլացնելու փոխարեն կրկնակի ուժեղացնենք բանկային գաղտնիքի ինստիտուտը, ավելի հանգիստ վերաբերվենք կանխիկ շրջանառությանը, խրախուսենք արագ փողերի մուտքը երկիր, պետությանը հեռու պահենք արտագնա աշխատանքի գնացածների դրամական փոխանցումներից, դրանից հետաքրքրվելուց։ Այս իշխանությունն այլևս ունակ չէ հասկանալ, որ արհավիրքի դիմաց ենք, ու որ այլ տիպի լուծումներ են պետք։ Եթե գոնե ոչինչ չանեինք, քիչ ավելի թեթև կլիներ։ Ինչ անում են, վատացնում է իրավիճակը։ Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա։ Ու այս հարցում մենք դաշնակից ենք ցանկացած ուժի և անհատի հետ։ Սպասելու ժամանակ չկա: