17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանը մի բան պետք է անի՝ հրաժարական տա, քանի որ այս ամենի միակ մեղավորն ինքն է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն և մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

«Երբ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասում է՝ բոլորս էլ մեղավոր ենք, թող բոլորին չխառնի այս ամենին, միակ պատասխանատուն ինքն է։ Ինքն օրինակ է ծառայել ժողովրդին։ Երբ հանրահավաք էր անում, մենք ասում էինք՝ չի կարելի, երկրում նման իրավիճակ է։ Հետո առանց դիմակի և ձեռնոցի շրջում էր դեղատներում և ժողովրդի հետ սելֆի էր անում։ Հետո ասացինք՝ սահմանափակումները խստացրու, բայց ոչ թե խստացրեց, այլ ամբողջությամբ հանեց, բա էլ ի՞նչ էր ուզում։ Բա, դա էինք ասում, իսկ հիմա սրտաճմլիկ դեմքով ուղիղ եթեր է մտնում, ասում է, որ ինքն էլ է վարակված, Աստված չանի՝ կարող է մահանալ․․․ նախ, Աստված չանի՝ դու մահանաս, թող ոչ ոք չմահանա, քեզ առողջություն, բայց հրաժարական տուր, հեռացիր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի ղեկավարը պետք է անի այն, ինչ անում են, օրինակ՝ Հունաստանի և Վրաստանի ղեկավարները․ «Հունաստանի և Վրաստանի իշխանություններն առաջին օրվանից խիստ սահմանափակումներ կիրառեցին, ոչ թե ուղիղ եթեր մտան, սելֆիներ արեցին։ Նրանք արտակարգ դրության ժամանակ գործով են զբաղվել։ Նիկոլ Փաշինյանին ասեք՝ երկրի կառավարումը պոեզիայի ժամ չէ, այ ընկեր։ Ես ուզում եմ դիմել մեր բջջային օպերատորներին՝ անջատեք Նիկոլ Փաշինյանի ինտերնետը։ Ժողովրդին հավաքել՝ քարոզարշավ էր անում, հիմա րոպեն մեկ նկար է գցում, թե տեսեք՝ այստեղ կուտակում կա, այնտեղ կուտակում կա։ Բա, որ լացակումած ասում է՝ ես հո ժողովրդին դուբինկեքով ծեծել չե՞մ տալու․ քո ժամանակով չե՞ն Իջևանում ժողովրդին դուբինկեքով ծեծել։ Սյունիք դու չէի՞ր մի քանի ավտոբուս սպեցնազ ուղարկում։ Հիմա ինքը մի բան պետք է անի՝ հրաժարական տա, քանի որ այս ամենի միակ մեղավորն ինքն է»։

 Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամից երկիրը դուրս հանելու համար, ըստ նրա՝ հետևյալ քայլերը պետք է արվեն․ «Առաջին՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Երկրորդ՝ ստեղծվում է հակաճգնաժամային կառավարություն, որը պետք է Հայաստանը սահմանափակումների և խստագույն կարանտինի մեջ մտցնի, այն, ինչ ինքը չի արել։ Կրկնում եմ՝ ո՞նց եղավ, որ Վրաստանում և Հունաստանում այդպես արդյունավետ պայքարեցին, կարո՞ղ է վրացիներն ու հույները մեզնից պակաս ուտող-խմող ժողովուրդ են․ պարզապես, առաջին իսկ վայրկյանից մարդիկ աշխատեցին, սահմանափակումները խիստ կիրառեցին։ Իսկ ինքը բացեց խոշոր առևտրի կենտրոնները, սրճարանները, մարդիկ էլ սկսեցին շփվել, ու վիրուսը տարածվեց։ Արտակարգ դրության սկզբնական օրերին, երբ նույնիսկ խիստ հսկողություն չկար, մարդիկ փողոց դուրս չէին գալիս, ինքն ամբողջը բացեց, մարդիկ էլ դուրս եկան փողոց»։

Դիտարկմանը՝ տնտեսական գործոնը կար, նա արձագանքեց․ «Ինչի Վրաստանում և Հունաստանում տնտեսական գործոնը չկա՞ր․ մարդկանց եկամուտների կորուստները փոխհատուցում էին, բայց դա էլ չկարողացավ անել։ Ով իրականում օգնության կարիք ուներ, այդ գումարը չստացավ, ով կարիք չուներ, եղան մարդիկ, որ ստացան։ Այդ գումարները, որ հավաքել է, թող մտցներ տնտեսության մեջ։ Մենք առաջին օրվանից ասել ենք, որ սա պատերազմ է, և պետք է բոլորս համախմբվենք, բայց ինքը սկսեց մեզ ձեռք առնել, դրա փոխարեն՝ սկսեց տարբեր օրենքներ ընդունել, քրեական գործեր հարուցել, ըստ մամուլի՝ ծխախոտի, ադամանդի և զենքի գործեր անել։ Ինքը գնացել Արցախ՝ ուտում, խմում, քեֆ էր անում, եկել ասում է՝ երեխեքը Հունիսի 1 էին նշում․ բա ժողովրդի վարչապետն ես, քո ծնունդն էին նշում, հետաքրքիր մարդ է»։

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ երկրի վարչապետը պետք է բոլոր ժամանակներում սառնասրտություն պահպանի․ «Այս մարդը պանիկայի մեջ է, ասում է՝ ես հիվանդ եմ, կարող է՝ մեռնեմ։ Նույնիսկ, երբ թուրքը հարձակվում է, հրամանատարն իրավունք չունի նման բան ասել։ Հասկանո՞ւմ եք, որ պատերազմ լինի՝ ինչ կանի։ Եղբայր, դու մի մահացիր, Աստված քեզ առողջություն տա, ուղղակի հրաժարական տուր, հերիք է՝ ուրիշ մեղավորներ փնտրես։ 15 օր առաջ Նիկոլ Փաշինյանը դիմակ կրե՞լ է, որ ժողովրդին մեղադրում է։ Հայաստանում կորոնավիրուսը վխտում է, մարդիկ մահանում են, իսկ վարչապետը կեռաս է հավաքում։ Երբ ԱԺ-ում ծեծկռտուք էին անում, քանի՞ պատգամավոր էր դիմակով։ Ինքն է իր սեփական օրինակով, իր անպատասխանատու վերաբերմունքով այնպես արել, որ ժողովուրդն այս ամենին լուրջ չվերաբերվի։ Ես շատ հարգում եմ հույն և վրացի ժողովուրդներին, բայց այն կարծիքին չեմ, որ նրանց կազմակերպչական ունակությունն ու մտավոր պոտենցիալը հայ ժողովրդից բարձր է։ Հերիք է այս ժողովրդին դեբիլի տեղ դնես, գցես ժողովրդի վրա։ Պարզապես, հույն և վրացի ժողովուրդների բախտը բերել է, ունեն նորմալ կառավարություններ, որոնք զբաղվում են արդյունավետ ճգնաժամային կառավարմամբ, այլ ոչ թե մեր վարչապետի և կառավարության նման՝ անլուրջ են եղել։ Խնդիրը Նիկոլի ուղեղում է, եթե մարդու նպատակը և առաջնահերթությունը ոչ թե խնդրի լուծումն է, այլ իր վարկանիշի պահպանումը և լայքեր հավաքելը, այսպես է լինում։ Այս մարդն ամբողջ կյանքում տուրք է տվել ձևին և արհամարհել բովանդակությունը»։

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ