Աննա և Հրաչյա Հակոբյանները Միքայել Մինասյանից պահանջում են 5 միլիոն դրամ՝ որպես պատճառած վնասի փոխհատուցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի: Հայցվորները պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասը:
Դատական հայցը մակագրվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին: Հայցը դատարանը ստացել է հունիսի 1-ին, այն վարույթ ընդունելու, մերժելու կամ վերադարձնելու մասին դատարանի որոշում դեռևս չկա:
Հայցվորների ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացված հայցի հիմքը Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն է, որտեղ Մինասյանը, խոսելով «ծխախոտային սկանդալի» մասին, նշել էրնաև Աննա Հակոբյանի, Հրաչյա Հակոբյանի, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Սիփան Փաշինյանի անունները:
Անդրադառնալով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի փոխհատուցման պահանջին՝ փաստաբանն ասաց, որ ներկայացվել է օրենքով նախատեսված առավելագույն չափով, այսինքն՝ ընդհանուր 5 միլիոն դրամի պահանջ:
«Կոնկրետ Հրաչյա Հակոբյանի դեպքում եղել է զրպարտող արտահայտություն, ներկայացրել ենք 2 մլն դրամի բռնագանձման պահանջ, նաև հրապարակային հերքում տարածելու պահանջ, իսկ Աննա Հակոբյանի դեպքում եղել են և՛ վիրավորական արտահայտություններ, և՛ զրպարտող, վիրավորանքի դեպքում նույնպես պահանջել ենք օրենքով նախատեսված առավելագույն չափը, որն այս դեպքում 1 մլն դրամ է, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոն»,- ասաց փաստաբան Լիլիթ Ենոքյանը:
Մեր զրուցակիցը, որ ներկայացնում է նաև Սիփան Փաշինյանի շահերը, ում անունը ևս հիշատակվել էր հիշյալ տեսանյութում, 168.am-ին փոխանցեց, որ Ս. Փաշինյանի անունից Միքայել Մինասյանի դեմ առանձին հայցադիմում մուտք է արվել դատարան, սակայն դեռ որևէ դատավորի մակագրված չէ:
«Պահանջում ենք տեսանյութում հրապարակված զրպարտող արտահայտությունները հերքել, նաև ներկայացվել է 2 մլն դրամի բռնագանձման պահանջ»,- հավելեց Լիլիթ Ենոքյանը: