«Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ;
Այս վերնագիրը կարդալուց չզարմանաք: Այո, աննախադեպ է և առանց չակերտների:
Այսօր Բրյուսելից լուր ստացանք, որ Եվրոպական Հանձնաժողովն իր այսօրվա որոշմամբ Հայաստանին ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում, հիմք ընդունելով երկրի անվտանգային վերահսկողություն իրականացնելու հնարավորությունների ցածր մակարդակը: Որոշումը վերաբերում է Հայաստանում գրանցված վեց ընկերություններին:
Ասեմ ավելին, այս հարցով արտահայտվել է նաև ԵՄ տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան, որոշումն ընդունվել է ԵՄ օդային անվտանգության հանձնաժողովի միաձայն գնահատականի հիման վրա: Էլ ավելին, այս որոշումը ստացել է նաև Եվրոպական խորհրդարանի տրանսպորտի հարցով հանձնաժողովի համաձայնությունը:
Ու չփորձեք կրկին խնդիրը բարդել ավիաընկերությունների վրա: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում նշված է, որ արգելքի պատճառը տվյալ երկրի ավիացիոն իշխանությունների ոչ ադեկվատ անվտանգային վերահսկողությունն է:
Ուստի բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ»: Լավ էլ կոմպանիա է՝ Աֆղանստան, Էրիթրեա, Ջիբութի, Լիբիա, Սուդան, Կոնգո…, ընդհանուր առմամբ 16 երկիր, որից մեկը մենք ենք:
Աչքներս լույս»: