ՀՀ-ն համաճարակի առումով նշված է կարմիրով՝ որպես ամենավտանգավոր երկրներից մեկը ․ Զոհրաբյան
Ոստիկանական համակարգում ցանկացած բարեփոխում միանշանակ կարևոր և ընդունելի է, որովհետև տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե այդ համակարգում ինչ է կատարվում, այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ ամենաայլասերված համակարգերից մեկն է եղել: Շատ կարևոր է ոստիկանի կերպարը: Ինչպիսի՞ ոստիկան մենք պետք է ունենանք. ոստիկան, որը բերման է ենթարկում ճանկռտելո՞վ, բռնի ուժ գործադրելո՞վ, հետո ասելով, որ քաղաքացին մեքենայում ինքն իրեն կծե՞լ է», – հարց ուղղեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ ոստիկանական համակարգում պետք է լրջագույն կրթական ծրագրեր իրականացնել:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի տարածմանը և ներկայացրեց այսօրվա թվերը, ըստ որի՝ կա 517 վարակակիր և 19 մահ:
«Այսօր մենք ունենք ցավալի, աղետալի վիճակագրություն, ես չեմ ուզում ասել, թե այս ամենն ինչի արդյունքն է, չեմ ուզում ասել, որ շատ կարևոր ժամանակ բաց թողեցինք երկիրը երևի թե հերմետիկ փակելու, ես դրա մասնագետը չեմ, բայց ահազանգում են բժիշկները, որ պետք է անել քայլեր: Հայաստանն այլևս նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր ու ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով: Որևէ անձնական խնդիր չկա և ընդդիմությունը որևէ քաղաքական շահ չունի, յուրաքանչյուր կյանք մեզ համար կարևոր է: Այո՛, մենք՝ բոլորս այստեղ նստած պետք է իսկապես լուծում գտնենք այս իրավիճակից, եթե իրավիճակը իսկապես չի դարձել անկառավարելի»,-ասաց նա: