17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էդ չհավատալն էր, որ ինձ ստիպեց արդեն մայիսի 1-ի երեկոյան մի անգամ էլ հեռախոսը վերցնել ու զանգել էս անգամ կնոջը` Աննային, նրա միջոցով փոխանցելու նույն ուղերձն ու զայրույթը. Սամվել Ֆարմանյան

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է .

«Նիկոլի հետ իմ վերջին շփումը եղել է 2018թ. ապրիլի 30-ին (նկարում): Դա այն օրն էր, երբ Նիկոլ Փաշինյանը, նախորդ օրն արված իմ հորդորին անսալով, եկավ Երևան` խորհրդարան, ու հանդիպեց էդ պահի խորհրդարանական մեծամասնության հետ: Հանդիպման ֆորմալ մասի ավարտից հետո նրա հետ շփվել եմ երկու րոպե: Ասել եմ հետևյալը. դեպքերն ամենաանընդունելի սցենարով են զարգանում. չի կարելի թույլ տալ, որ քաղաքական անգամ ամենասուր մրցակցությունը, ճգնաճամն ու դրա հնարավոր հանգուցալուծումն ուղեկցվի հայհոյանքներով, վիրավորանքներով, անվանարկումներով ու մեր ժողովրդին ոչ հարիր քաղաքական տեխնոլոգիաներով: Բառացի ասացի. «գնա հրապարակ ու հենց հրապարակից կոչ արա, որ նման կեղտոտ տեխնոլոգիաների դիմողը չի կարող համարվել իմ կամ իմ ղեկավարած շարժման աջակից»: Ասացի կանխի էդ անընդունելի երևույթի խորացումը, որովհետև այն արմատներ է գցելու, հետո արդեն բումերանգի նման հետ է գալու, քեզ է հարվածելու: Պատասխանեց, որ լրիվ համաձայն է և հրապարակից անպայման կանի դա: Չարեց: Անկեղծ ասած` միամտորեն հավատում էի, որ ժողովրդական զանգվածների հսկայական աջակցությունն ունեցող ու երկու քայլ առաջ նայող ու պետության ղեկին հավակնող գործիչը կհասկանար էդ ամենն ու գոնե սեփական շահերից ելնելով, կլսեր հորդորս ու կկանխեր այդ ամենը: Չկանխեց:

Հետո արդեն եղավ այն, ինչ եղավ` դագաղներ, սև ժապավեններ, ծաղկեպսակներ և այլն: Ամեն կերպ ինքս ինձ համոզում էի, որ անհնար է, որ մարդը, ում հետ կողք կողքի 6 տարի աշխատել եմ, միասին ճաշել ու սրճել, ճամփորդել, ով ինձ կորստի պահին ցավակցության ձեռք է մեկնել ու ինձ շատ թե քիչ ճանաչում է, ի վիճակի է կազմակերպել ու հրահանգել, որ բերեն իմ տան մոտ, իմ երեխաների աչքի առաջ սև ժապավեն կախեն: Դեռ չէի հավատում, որ դա հնարավոր է: Էդ չհավատալն էր, որ ինձ ստիպեց արդեն մայիսի 1-ի երեկոյան մի անգամ էլ հեռախոսը վերցնել ու զանգել էս անգամ կնոջը` Աննային, նրա միջոցով փոխանցելու նույն ուղերձն ու զայրույթը: Բառացի ասացի հետևյալը.«Դուք չգրված օրենք եք խախտում: Մեկի նյարդերը չեն դիմանա սեփական երեխաների արցունքները տեսնելիս` արյուն կթափվի: Մի՛ արեք»: Պատասխան` «մենք կապ չունենք» և այլն և այլն: Բարեբախտաբար արյուն չթափվեց:

 

Անցան ժամանակներ, ամեն բան տեղն ընկավ` քար առ քար հավաքվեց, արխիվացվեց ու ամբողջացավ փազլը` ով, երբ, ում հանձնարարությամբ, ինչ խմբերով ու ինչպես է այդ ամենն արվել… Ցավոք, հրահանգները եկել էին մեկից, ով ինձ հետ սեղան էր նստել, ինձ հետ աշխատել, ինձ հետ ճամփորդել… Նա, հենց նա էր հրահանգել սև ժապավեն կախել իմ անունով` իմ երեխաների աչքի առաջ: Նա էր հրահանգել անել այնպես, որ անչափահաս երեխան, տեսնելով մահագույժ ժապավենը, մեկ տարի շարունակ մտքից չհաներ, որ իր հոր հետ հենց 40 տարեկանում շատ վատ բան է պատահել, քանի որ էդ դաժան պատկերը մխրճվել էր իր հիշողության ու հոգու մեջ:

Հետո արդեն մնացածը` արդեն նոր կարմիր գծերի ու նոր չգրված օրենքների վրայով անցնել` քրոջս հանդեպ լկտի ու տմարդի քրեական հետապնդում: Էլի սկզբից չէի ուզում հավատալ, որ պետության ղեկին նստած տղամարդը իր քաղաքական ընդդիմախոսի հետ հարցեր լուծելու համար կդիմի նման ստոր քայլի` անվանարկելով, հետապնդման ենթարկելով ու ի վերջո տարագրության մղելով ընդդիմախոսի ընտանիքի կին անդամին, համալսարանի մանկավարժին, երեք թոռների տատիկին, ում միակ իրական մեղքն այն էր, որ իմ քույրն էր և իմ ազգանունն էր կրում: Ես էլի չէի ուզում հավատալ, որ դա հնարավոր է: Ու էլի հիասթափվեցի. ամեն ինչ շա՜տ մանրամասնորեն ու հետևողականորեն արված էր… հենց իր կողմից:

Ու հիմա, երբ կարդացի Artur Danielyan-ի գրառումը` ինքս տատանվում եմ, թե կշեռքի որ նժարն է առավել ծանր` ներելու, թե՞ չներելու: Մարդու ներքին ձայնը, հիշողությունը, հանրային բարոյականությունը, ապագայում նման ստորության ու քաղաքական խուժանության բացառումը պահանջում է չմոռանալ ու արժանին փոխհատուցել մարդկանց, ովքեր ինչ-որ պահի, մոտալուտ փառքից կուրացած, կորցրել էին չափի զգացումն ու անցել գրված ու չգրված բոլոր օրենքների վրայով` հոգու ցավ ու տառապանք պատճառելով ուրիշներին, հատկապես կանանց ու երեխաներին: Առավել ևս, երբ քեզ անուն առ անուն հայտնի են շղթայի բոլոր օղակները` այդ սրիկայությունների գլխավոր հանձնարարողից մինչև վերջին կատարող: Մյուս կողմից, իմ երազած պետության ապագան պահանջում է` չտրվել նման զգացողությունների, ջնջել էդ էջն ու առաջ գնալ` հանուն ապագայի: Քանի որ իմ երազած ապագայում պետական այրին ոչ վայել մանրախնդրությունը, քինախնդրությունն ու անբարոյականությունը տեղ չպիտի ունենան ու վերջ: Վատ նախադեպն իր կործանարար շարունակությունը չպիտի ունենա ու վերջ: Իմ մտքում կշեռքի ծանր նժարը հենց էս կողմում է: Միանշանակ էս կողմում է: Ու վստահ եմ, որ ինքս ճիշտ եմ մտածում: Պետական շահը, ավելի լավ ու ավելի բարոյական ապագան հենց դա են պահանջում: Ու էս թեմայով շատ հաճախ եմ խոսում տարբեր, շա՜տ տարբեր մարդկանց հետ: Ու հասկանում եմ, որ, ցավոք, ես մենակ եմ…մենակ եմ…մենակ եմ…»:

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ