23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը գահավիժում է. Էդուարդ Շարմազանովը՝ Սահակյանին առաջադրված մեղադրանքի մասին

Այսօր Փաստաբան Էմին Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Գալուստի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել։ Փաստաբանը չի նշել, թե ինչ քրեական գործով է Գալուստ Սահակյանի որդին որպես մեղադրյալ անցնում։ Թեմայի շուրջ զրուցեցինք ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, որ, իր համոզմամբ, սա հերթական քաղաքական հետապնդումն է Հանրապետական կուսակցության անդամների նկատմամբ․  

«Արման Սահակյանի փաստաբանն արդեն իրավական գնահատական տվել է, արդեն 2 տարի է՝ ես Նիկոլ Փաշինյանի ռեժիմից այլ բան չեմ էլ սպասում, իրենք հենց վաղն էլ կարող են իմ կամ Ձեզ վրա գործ հարուցեն լուսին չթռնելու համար կամ Քենեդու սպանությունն իրականացնելու համար, այսինքն՝ Նիկոլական Հայաստանում ամեն ինչ ակնհայտ է, ամեն բան շատ պարզ է, ընտրովի է և երկակի ստանդարտներով, և սա, իմ համոզմամբ, հերթական փորձն է՝  քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ամենաարմատական ընդդիմադիր կուսակցություններից մեկի վրա  հերթական  շինծու գործերը կարելու։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը մի քանի օր առաջ պարլամենտում ասած, չէ՞,  որ «դե կտեսնեք, էս ենք անելու, էն ենք անելու․․․»,  Նիկոլ Փաշինյանին ասեք՝ այ ընկեր, կորոնավիրուսը վխտում է երկրումդ, գնա հրաժարական տուր, նորմալ կառավարություն գա, էս երկիրը փրկի։ Արդեն Իտալիային ենք հասնում, օրական 7-ից 10 մահ ենք ունենում, 300-ից 400 նոր դեպք ենք ունենում․․․ իսկ ինքը կեռաս է հավաքում։ Ինքը էլ ի՞նչ պիտի անի․ իր ապաշնորհությունը, իր քաղաքական անմեղսունակությունը, իր ոչ պրոֆեսիոնալ լինելը քողարկելու համար պետք է այսօր Արմանի վրա գործ հարուցի, վաղը ինձ վրա, հաջորդ օրը՝ մամուլի վրա, սա է այդ մարդու փեշակը, ինքն այլ բան չի կարող անել։ Սա ակնհայտ հերթական քաղաքական հետապնդումն է։ Նիկոլ Փաշինյանը եկել է վենդետտա անելու, վրեժ լուծելու։ Փորձում է քաղաքական ընդդիմախոսների լռեցնել։ Տեսեք ինքն ինչ է անում․ հենց մի փոքր ակտիվանում են ընդդիմադիր ուժերը․․․ մի օր ասում է՝ Հանրապետականին, մյուս օրն  ասում ՝ Միքայել Մինասյանին, հաջորդ օրը՝ Արթուր Վանեցյանին է ասում, որ կբռնեն, էն մյուս օրը՝ Դաշնակցությանը և այլն։ Էս մարդն էս է, բայց բռնակալները և հաջողություն չեն ունենում, որովհետև այդ ամենը ժամանակավոր է»,- ասաց Շարմազանովը։

Շարմազանովը ևս մանրամասներ չասաց քրեական գործից՝ ասելով, որ ճիշտ չի համարում նախաքննական գաղտնիքի բացահայտումը, հետո շատ մանրամասների տեղեկացված էլ չէ․

«Գործը նախաքննության փուլում է, ես մանրամասներին շատ ծանոթ չեմ, և նաև իրավունք չունեմ նախաքննական գաղտնիքը բացահայտելու,  փաստաբանը որքան հնարավոր է, արել է, նախաքննության փուլում ճիշտ չէ, որ ես խոսեմ այդ մասին։ Ես ուղղակի կարող եմ ասել, որ սա նոր բան չէ , այսօր կամ երեկ չէ, որ մեր կուսակիցներին հրավիրել են տարբեր քննչական գործողությունների , ակնհայտ է, որ սա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է։ Այս 2 տարվա մեջ բազմաթիվ են հրահանգները, Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ի՞նչ է։ Սա ուղղակի փորձ է՝ տեռորի ենթարկելու քաղաքական ընդդիմախոսներին և նրանց լռեցնելու։ Ռոբերտ Քոչարյանի գործի, Սերժ Սարգսյանի գործի, Ռուբեն Հայրապետյանի և հազար ու մի այլ գործի․․․ Արմեն Աշոտյանի նկատմամբ էին ուզում․․․ ։ Ընդդիմության մի մասին պարլամենտում են ուզում լռեցնել, մյուս մասին նկատմամբ ուզում են բանեցնել իրավապահ համակարգի պատժիչ ողջ ռեսուրսը։ Սա իմ կարծիքն է, և չեմ կարծում , որ այն նորություն է բոլորի համար։ Ես 2 տարի շարունակ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրում ոչնչից մի զարմացեք, զարմացեք միայն մի բանից, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի, հայրենիքի համար մի լավ բան անի։ Ինչքա՞ն պետք է աննորմալ վիճակ լինի, երբ Ադրբեջանը քեզ պատերազմի ուղիղ սպառնալիք ներկայացնի, երբ ասում է, որ ուժային լուծում պետք է լինի, մյուս կողմից  մենք կորոնավիրուսի թվերով ռեկորդ ենք խփում , իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ակնհայտ երևում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում միայնակ է մնացել, կառավարությունը՝ իր գլխավորությամբ, չի կարողանում որևէ բան անել․․․ բոլոր երկրներում սահմանափակումը մտցնում են, որ թվերը նվազի, մեզ մոտ սահմանափակում մտցրին, շատացավ, պիկի վրա էլ սահմանափակումները հանեցին։ Բնականաբար, այս ամենը քողարկելու համար պիտի էլի իր հին երգը երգի՝ «Թալանչիներ, նախկին կոռումպացված համակարգ և այլն»։ Տեսնում է, որ սա այլևս չի աշխատում, հիմա էլ նոր ընդդիմադիրների վրա է բաներ կարել, բայց չի անցնելու։ Ծեծե՞ն, վախեցնե՞ն․․․ ես ասեմ եմ Նապոլեոնի խոսքերը՝ « Կանգնել հնարավոր է վերելքի ժամանակ, բայց գահավիժման ժամանակ կանգնել հնարավոր չէ։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ու իր վարկանիշը գաժավիժում են, արգելակել չի կարողանալու, պարզապես մեր խնդիրն այն է, որ իր գահավիժման հետ մեկտեղ պետությունն էլ է գահավիժում », – ասաց Շարմազանովը։

Աղբյուրը՝ Hraparak.am։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ