Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ, նշել իր հասցեն. Ամրամ Մակինյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/05/8BCDACE8-3CFF-4B4C-A065-42351D16A542.jpeg)
Այսօր Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյան նկատմամբ նախաքննական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննարկումը:
Հրապարակված որոշման ու դրա պատճառների մասին 168.am-ը զրուցել է Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանի հետ:
– Դատարանը հրապարակեց ՀՖՖ նախկիննախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբնախաքննական մարմնի` կալանքը որպեսխափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Ի՞նչորոշում կայացրեց դատարանը:
– Առաջ ընկնելով` միանգանից ասեմ, որ կայացվեց որոշում, որն ինձ համար սպասելի ու կանխատեսելի էր: Կանխատեսումներ ես արել էի դեռևս ամիսներ առաջ, իսկ շատ ավելի հստակ` հանրային դաշտում` արդեն 10 օր առաջ, ու նշել էի, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ կալանավորման որոշում կկայացվի, որը վերջապես կայացվեց: Բայց մի կարևոր հանգամանքի մասին, այնուամենայնիվ, ուզում եմ նշել. Դատարանը Ռուբեն Հայրապետյանի առնչությունն իրեն մեղսագրված 2 արարքներին առնվազն չհաստատեց, այդ թվում՝ նաև նրան վերագրված առերևույթ ծանր հանցագործությանը, որը որակվել էր՝ որպես հոգեկան ուժեղ տառապանք պատճառել և ապօրինի ազատությունից զրկել: Այս երկու հոդվածներով Ռուբեն Հայրապետյանի առնչությունը չհաստատվեց: Բայց նախաքննական մարմինը Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու իր ցանկությունները սկսել էր իրագործել դեռևս ապրիլի 16-ից սկսած, երբ սկսեցին անընդհատ ծանուցագրեր ուղարկել, ու մենք շարունակ հիմնավոր պատասխաններ էինք ներկայացնում վարույթն իրականացնող մարմնին, որ Ռուբեն Հայրապետյանի կոնկրետ գտնվելու վայրը հայտնի է, նա գտնվում է ռիսկային խմբում, մեկուսացման ռեժիմում, ու չի կարող վերադառնալ Հայաստան: Փաստացի մեր ներկայացրած փաստարկները դատարանը հաշվի չառավ, ու դիտարկվեց, որ Ռուբեն Հայրապետյանը թաքնվում է քննությունից:
– Պնդում եք, որ Ռուբեն Հայրապետյանը չի թաքնվում քննությունից:
– Ես բացահայտ ու ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել ի լուր աշխարհի՝ Ռուբեն Հայրապետյանի գտնվելու վայրը, կոնկրետ հասցեն, որը վարույթն իրականացնող մարմինն ու դատարանը շատ լավ գիտեն:
– Այսինքն` գործի նյութերում կա՞ն այդ տվյալները:
– Միանշանակ: Ես իզուր չէ, որ ավելի վաղ գրել էի՝ «հետախուզվում են հետախուզման հիմքերը»: Հետախուզման հիմքերը երկուսն են` թաքնվելը վարույթն իրականացնող մարմնից ու գտնվելու վայրը պարզ չլինելը: Երկու հիմքն էլ բացակայում են, բայց պետք էր Ռուբեն Հայրապետյանին կալանավորել, այդ որոշումը կայացվեց: Շատ կանխատեսելի որոշում էր, բայց արդարության համար մեկ անգամ էլ կրկնեմ, որ դատարանն արձանագրեց, որ Ռուբեն Հայրապետյանը առնչություն չունի իրեն վերագրված մեկ ծանր և մեկ միջին ծանրության հանցագործությանը, փաստ է: Արձանագրվել է նաև, որ չկա հիմնավոր կասկած Ռաֆիկ Հայրապետյանին` Ռուբեն Հայրապետյանի որդուն վերագրված արարքների մասով, կրկին երկու հոդվածներով:
– Այդ դեպքում ի՞նչ հիմքով կալանքի որոշում կայացրեց դատարանը:
– Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված երեք արարքներից երկուսի մասով չհաստատվեց վերջինիս առնչությունը, մեղսագրված էր նաև ինքնիրավչության արարքը:
– Փաստորեն կալանքի միջնորդություննինքնիրավչության հիմքով է բավարարվել:
– Այո:
– Ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու:
– Այս իրավական կամայականություններին մենք արձագանքելու ենք օրենքով չարգելված բոլոր եղանակներով: Չմոռանամ ասել, որ, երբ մենք հասկացանք, որ քննիչն ամեն ինչ անում է Ռուբեն Հայրապետյանին կալանավորման տանելու համար, մենք քննիչի գործողությունները դիտարկեցինք՝ որպես առերևույթ հանցանք, և ես դատախազությանը ներկայացրի հաղորդում հանցագործության մասին:
– Որևէ պատասխան ունե՞ք դատախազությունից:
– Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ` դեռ որևէ պատասխան չեմ ստացել: Վարույթն իրականացնող մարմնի հարգելի քննիչը ձգտում է արհեստական ապացույցներ գտնել, թե իբրև Ռուբեն Հայրապետյանը թաքնվում է քննությունից:
– Դուք նշում եք, որ գործի նյութերում կա Ռուբեն Հայրապետյանի գտնվելու հասցեն, և պնդում եք, որ նա վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու միտում չունի, սակայն այս համավարակի պայմաններում, երբ սահմանները փակ են, Ռուբեն Հայրապետյանն ինչպե՞ս պետք է վերադառնա:
– Իհարկե, չի կարող վերադառնալ, որովհետև հեռահաղորդակցություն չկա, բայց մի շատ հետաքրքիր հանգամանքի մասին եմ ուզում նշել: Վարույթն իրականացնող մարմինը, «կարևորելով» այս գործը, կապվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հետ, որպեսզի վերջինս ապահովի Ռուբեն Հայրապետյանի` մայիսի 25-ին Հայաստան վերադառնալը, այն դեպքում, երբ այդ օրվա դրությամբ ՀՀ մոտ 3000 քաղաքացի հերթագրված է 220 տեղանոց ինքնաթիռով վերադառնալու համար:
– Ձեր վարկածը ո՞րն է: Ի՞նչ տրամաբանություն եք տեսնում նախաքննական մարմնի ու դատարանի գործողություններում:
– Պատճառները շատ պարզ են: Սա պայմանավորված է Ռուբեն Հայրապետյանի անձով, նրա նկատմամբ դեռևս անցած տարեվերջից սկսված հետապնդումներով: Սա հերթական փուլն էր:
– Ռուբեն Հայրապետյանը մի առիթով 168.am–ին տված իր հարցազրույցի ժամանակ ասել էր, որ իրեն իշխող խմբակցության պատգամավոր, իր երբեմնի ընկեր Անդրանիկ Քոչարյանը միջնորդավորված առաջարկել է լքել երկիրը, որովհետև իր նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվելու, ինչը վերջինս մերժել է: Այս իրադարձությունները Դուք դիտարկո՞ւմ եք այն համատեքստում, որ իշխանություններն ուզում են հասարակությանը ցույց տալ, որ Ռուբեն Հայրապետյանը մեղավոր է, այլապես կվերադառնար:
– Այո, դիտարկում եմ, և այստեղ մի շատ մեծ ինչո՞ւ կա: Փաստացի վարույթն իրականացնող մարմնի գործողությունները ոչ թե ուղղված են Ռուբեն Հայրապետյանին ՀՀ վերադարձնելուն, այլ վերադարձը խոչընդոտելուն: Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ, նշել իր հասցեն, պատրաստակամությունը նախաքննական մարմնին ներկայանալու, և ասել, որ հանրահայտ փաստ է, որ աշխարհը գտնվում է համավարակի մեջ: Եվ հարց է առաջանում, և ես այն քննիչին ուղղել եմ` պարետի որոշմամբ` ՀՀ վերադարձող ցանկացած անձ գտնվում է 14-օրյա պարտադիր մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմում` պայմանավորված նրա մոտ հայտնաբերված սիմպտոմներով: Անգամ, եթե Ռուբեն Հայարպետյանը կարողանար էլ գար, անհնար էր լինելու նրա ներկայանալը վարույթն իրականացնող մարմնին: Այս ամենը գրավոր քրեական գործի մեջ կա: Թե ոնց էր պատկերացնում քննիչը Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունը…
– Ի վերջո, սա ինչի՞ համար է արվում` հանրային կարծիք ձևավորելո՞ւ համար, թե՞ այլ պատճառ էլ կա:
– Առաջինը, սա արվում է Ռուբեն Հայրապետյանի մուտքը ՀՀ արգելափակելու համար:
– Ինչո՞ւ չեն ուզում, ըստ Ձեզ, որ Ռուբեն Հայրապետյանը վերադառնա:
– Այս գործը, որ այժմ այսպես է «պատրաստվել», այլ լույսի ներքո պետք է գնահատվի: Մենք հանցագործության մասին նաև հաղորդում ներկայացրինք, որ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքը տուժող է, և որպեսզի քննությունն այդ ուղղությամբ չընթանա, խոչընդոտում են Ռուբեն Հայրապետյանի մուտքը ՀՀ: Դրան գումարած նաև հանրային կարծիք ձևավորելու գործոնը. Նպատակ կա, որ ամեն ինչ միակողմանի ներկայացվի: