Հրատապ ահազանգ ՀՀ արդարադատության նախարարին
Գագիկ Խաչատրյանների փաստաբանական խումբը հրատապ ահազանգ է ներկայացրել արդարադատության նախարարին, որում ասվում է, որ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Քրեակատարողական ծառայությունը բացահայտ և կոպիտ կերպով խախտում են նրա առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը: Հայտարարությունում նաև նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ և պահվում է վատ պայմաններում: Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի հայտարարությունում ասվում է.
«Հրատապ ահազանգ ՀՀ արդարադատության նախարարին
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Քրեակատարողական ծառայությունը բացահայտ և կոպիտ կերպով խախտում են կալանավորված անձի՝ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը:
Քանի որ, 22.05.2020թ. իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը օպերատիվ կարգով արձագանքում է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ անօրինականություններ իրականացնելու վերաբերյալ նրա փաստաբանական խմբի հրապարակային ահազանգերին, ուստի հուսով ենք, որ մարդու և ՀՀ քաղաքացու կյանքին և առողջությանը սպառնացող այս իրավիճակում, ՀՀ արդարադատության նախարարությունը ևս օպերատիվ կարգով կարձագանքի և անհապաղ միջոցներ կձեռնարկի այդ անօրինականությունները վերացնելու ուղղությամբ:
Այսպես.
1. «Աստղիկ» բժշկական կենտրոնից Գագիկ Խաչատրյանի դուրս գրման էպիկրիզի համաձայն՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա ստացել է համալիր թերապևտիկ բուժում, համաձայնեցված նյարդաբանների, նյարդավիրաբույժների, վնասվածքաբանների, սրտաբանների, գաստրոէնտերոլոգների, ուրոլոգների հետ, ինչպես նաև վերականգնողական կինեզոթերապիա և ֆիզոթերապիա: Գտնվել է այդ մասնագետների մշտական հսկողության տակ:
Նույն էպիկրիզի համաձայն, Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում նյարդաբանական բաժանմունքից, հաշվի առնելով ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թիվ Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և նրա հղումը 08.04.2020թ. կայացած կոնսիլիումի եզրակացության վրա, հիվանդը, անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը վերոհիշյալ բուժհիմնարկությունում շարունակելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենի նամակում և էպիկրիզում վկայակոչված՝ ՀՀ առողջապահության նախարարի 07.04.2020թ. թիվ 1206-Ա հրամանի հիման վրա՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի գնահատման նպատակով իրականացված մասնագիտական կոնսիլիումի 08.04.2020թ. եզրակացության համաձայն նրա մոտ ախտորոշվել է. «ողնուղեղային խողովակի ստենոզ պարանոցային C5-C6 մակարդակում՝ կատարված վիրահատության ֆոնի վրա /դիսկոէկտոմիա և տեղադրված միջողնային էնդոպրոտեզ/, ցերվիկալ ռադիկուլոպաթիայի զարգացումով, ԷՆՄԳ հաստատված պոլիռադիկուլոնեյրոպաթիա՝ մկանային սուբատրոֆիայով, ստորին վերջույթների հենաշարժական ապարատի ֆունկցիայի չափավոր խանգարումով: Գլխուղեղի բազմօջախային լակունար իշեմիկ ախտահարում:
Առկա է երկու ծնկահոդերի արտահայտված դեֆարթրոզ՝ կանգնելու և քայլքի ֆունկցիայի չափավոր խանգարումով»։
Դրա հիման վրա կոնսիլիումը եզրակացրել է, որ. «անհրաժեշտ է պարանոցի ստենոզի վիրահատական բուժում: Մինչ վիրահատական միջամտության կազմակերպումը, ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա»:
Ինչպես ակնհայտ է, վերոնշված բժշկական փաստաթղթերից, Գագիկ Խաչատրյանն ունի բուժման կարիք, իսկ հիվանդանոցից էլ դուրս է գրվել հաշվի առնելով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաստիացումներն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանին տրամադրվելու է համարժեք բուժում, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ «Աստղիկ» ԲԿ-ից «Երևան-Կենտորն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո մինչ օրս՝ շուրջ 6 օր, Գագիկ Խաչատրյանը բացարձակապես որևէ բուժում չի ստացել, չի գտնվել էպիկրիզում նշված մասնագետների հսկողության տակ, չի զննվել այդպիսի մասնագետների կողմից, քանի որ քրեակատարողական հիմնարկում այդպիսի մասնագետներ չկան, ինչպես նաև բացակայում է վերոնշված բուժումը տրամադրելու հնարավորություն:
Այսինքն, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ոչ միայն համարժեք բուժմամբ չի ապահովել Գագիկ Խաչատրյանին, այլև, մեր խորին համոզմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարաողական ծառայությունը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, դիտավորյալ կերպով Գագիկ Խաչատրյանի համար անընդհատ այնպիսի պայմաններ են ստեղծում, որոնք ոչ միայն իրական վտանգ են ստեղծում նրա կյանքի և առողջության համար, այլ նաև մշտական սուր ֆիզիկական ցավեր և հոգեկան տառապանքներ են պատճառում, նվաստացնում են նրա արժանապատվությունը:
Այս առումով նշենք, որ.
2. ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման 11-րդ գլխի 101-րդ կետով սահմանված է, որ. «յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից»:
Դեռևս 23.05.2020թ. ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված գրություններով հայտնելով վերոնշյալ հանգամանքները, խնդրել ենք.
«Գագիկ Խաչատրյանին անհապաղ տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով ստանալ Կոնսիլիումի կողմից որոշված բուժումը», ինչպես նաև.
«Գրավոր հայտնել, թե ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առկա են արդյոք Գագիկ Խաչատրյանի բժշկական փաստաթղթերում նշված մշտական ցավերի, քայլքի դժվարությունների և հիվանդությունից բխող մյուս խնդիրների կանխման նպատակով հատուկ հարմարեցված պահման, խնամքի, զբոսանքի, հիգիենայի պահպանման և նրա կենսագործունեության համար անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն նրա նկատմամբ վատ վերաբերմունքը և խոշտանգումը, լրացուցիչ անհարմարություններ, ցավեր չեն պատճառի նրան, չեն նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը:
Եթե այո, ապա խնդրում եմ հայտնել այդ պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ»:
Այս դիմումները ոչ միայն մնացել են անպատասխան՝ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն չի տեղափոխվել բուժման և նրան որևէ բուժում չի տրամադրվել, ոչ միայն չի հաստատվել, որ Գագիկ Խաչատրյանի պահման վայրում առկա են վերոնշված անհրաժեշտ պայմանները, այլև՝
27.05.2020թ. նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ և ներկայումս պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է, փոքրիկ սեղան և զուգարանակոնք: Սենյակում առկա չէ իր հիգիենայի և խնամքի համար անհրաժեշտ այլ հարմարություններ, ոչ էլ հարմարեցված է հենակով շարժվող անձի համար անհրաժեշտ պայմաններին:
Գագիկ խաչատրյանը տեղեկացվել է, որ այդ պայմաններում պետք է պահվի մոտ 14 օր՝ ինչը պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով և ՀՀ Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:
3. Ավելին, ՀՀ կառավարության վերոհիշատակված N 825-Ն որոշման 1-ին գլխի 3-րդ կետով սահմանված է, որ. «Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից՝ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների (այսուհետ՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն»։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 01.02.2020թ. և 01.04.2020թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված դիմումներով խնդրել էինք գրավոր հայտնել. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի արդյոք Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներ, ինչպես նաև համապատասխան խորը մասնագետներ ու հնարավորություններ, եթե այո, ապա՝ խնդրում ենք հայտնել, թե որ լիցենզիաներն են առկա, ինչպես նաև տրամադրել յուրաքանաչյուր նեղ մասնագետի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն) և նմանատիպ հիվանդների բուժման պրակտիկայի և բժշկական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն՝ ըստ մասնագիտությունների»։ Մինչ օրս այդ մասին որևէ պատասխան չի տրամադրվել, իսկ մեր տեղեկատվությամբ «Քրեակատարողական բժշկության կենտորն» ՊՈԱԿ-ը Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիաներ և բժշկական մասնագետներ չունի:
4. Հայտնում ենք նաև, որ այս ամենի մասին տեղեկացվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և խնդրել ենք հրատապ այց կազմակերպել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խոշտանգումը դադարեցնելու նպատակով:
Վերոնշված և առավել մանրամասն հիմնավորումներով էլեկտրոնային փոստով դիմում-բողոքներ են անհապաղ ուղարկվել և՛ ՀՀ Արդարադատության նախարարություն, և՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, և՛ Քրեակատարողական ծառայություն։ Ակնկալում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը և վերոնշված կառույցները, ինչպես նախորդ հրապարակային հայտարարությունների դեպքում, այնպես էլ այս անգամ ևս կվերահաստատեն, որ երաշխավորում են յուրաքանչյուր կալանավորված անձի, այդ թվում նաև Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը և անհապաղ միջոցներ կձեռնարկեն թվարկված խնդիրների լուծման հետ կապված»։