17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը. Արմեն Գևորգյան

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է երկիրը համավարակով պայմանավորված իրավիճակից դուրս բերելու մի շարք քայլերի: Ըստ նրա՝ պետք  է ձևավորել երկրի կառավարման հակաճգնաժամային թիմ, որում պետք է ներգրավված լինեն պրագմատիկ մարդիկ, թիմը պետք է լինի ժամանակավոր, բայց նրա աշխատանքը պետք է լինի բեկումնային: Հոդվածը կարող եք կարդալ ստորև:

Այս հոդվածը, որոշակի իմաստով, վերջին շաբաթների իմ հակասական զգացողությունների, ապրումների արտացոլումն է։

Նախորդ հրապարակումներում ես զգուշացնում էի.

Հայաստանում իշխանության որակի և պետական պոպուլիզմի դրսևորումների մասին: Մենք առնչվում ենք նոր տիպի և սերնդի քաղաքական դերակատարների հետ, բայց զգում ենք լիարժեք պետական գործիչների բացակայությունը:

Նորագույն պատմությանը հայտնի է, որ պետությունները և հասարակությունները հաճախ հայտնվում են “զարգացման” երեք Դ-ի հետևյալ փուլերում՝ դեգրադացիա, դեստաբիլիզացիա և դեֆոլտ։ Ցավոք, այս պահին մենք առաջին փուլից անցում ենք կատարում դեստաբիլիզացիայի՝ ապակայունացման փուլ։ Պետականության դեֆոլտը իմ նախորդ հրապարակումներում նկարագրել եմ Վրաստանի և Ուկրաինայի օրինակով. այդ երկրներում այն ուղեկցվել է տարածքային կորուստներով։

Մենք փակել ենք «նախկինի» փուլը, որին վերադարձ հնարավոր չէ։ Ես արդեն գրել եմ, որ պետք է համախմբում՝ հանուն ապագայի և գալիք մարտահրավերների։ Ես գրել եմ, որ նա, ով կկարողանա հասնել այդ համախմբմանը, պատմության մեջ կմնա որպես խոհեմ և կշռադատված գործիչ։ Իսկ նա, ով այսօր սա չի հասկանա, տեղ չի ունենա երկրի ապագայի պատմության մեջ։ 

Մենք պետք է վարժվենք «սեփական հյութի մեջ եփվելուն» և ապրել արտաքին աշխարհից որոշակիորեն մեկուսացված պայմաններում։

Համառոտ՝ ռիսկերի մասին.

Աղետ առողջապահական համակարգում
Աղետ կրթական համակարգում
Հայաստանի նոր, բացասական իմիջ՝ պետություն, որը չկարողացավ կառավարել համաճարակը
Հակառակորդի համար հնարավորություն՝ օգտվել Հայաստանում ստեղծված անբարենպաստ իրավիճակից
Զգալի տնտեսական կորուստներ՝ երկրի և բնակչության համար:

Հնարավոր հետևանքները

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը (երկրի տնտեսական անբարենպաստ ցուցանիշներ, չքավորության բարձր մակարդակ, կրթվածության ցածր մակարդակ, քաոս պետական և համայնքային կառավարման համակարգերում, քրեածին իրավիճակի վատթարացում)

Հայաստանը կարող է դառնալ «փակ երկիր». մենք կարող ենք ընդգրկվել համաճարակի կառավարման տեսանկյունից անբարենպաստ պետությունների ցանկում, որի քաղաքացիներին չթողնեն այլ երկրներ, և ուր չգան այլ երկրների քաղաքացիներ։ Առաջին ազդանշանները, ցավոք, արդեն կան։ 

Ոչ միայն մեր երկրում, այլև մի շարք այլ պետություններում ևս «քաղաքական կոմայից» դուրս գալուց հետո իշխանություններից պահանջվելու են բացատրություններ՝ ինչո՞ւ հիվանդների այսքան մեծ թվեր, ինչո՞ւ այսքան մահեր, և արդյո՞ք հնարավոր չէր խուսափել այդ զոհերից։ 
Ամեն ինչ պետք է արվի՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում «առողջապահական թիկունքը» մարտունակ պահելու համար. այստեղ խափանումներ թույլ տալ չի կարելի։  

Ինչ է պետք անել

Նախապես ներկայացնելով ռիսկերը և դրանց հնարավոր հետևանքները՝ ես ունեմ բացառապես մեկ նպատակ. արդիական լուծումների, գործողությունների ճիշտ համակարգերի մշակման առաջարկներ անել։ Դրանց մի մասը ներկայացրել եմ մարտ-ապրիլ ամիսներին հրապարակված հոդվածներում: Այսօր արդեն իրավիճակը, այո, բավականին բարդ է, բայց ես չեմ ընդունում այն բացարձակ հոռետեսությունը, որը երբեմն հնչում է. լուծումներ կան, և դրանք ամենևին անմատչելի չեն։

1. Պետք է ձևավորել երկրի կառավարման հակաճգնաժամային թիմ։

Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, երկարատև պլանները և կենտրոնանան կարճաժամկետ խնդիրների լուծման վրա՝ համաճարակի կասեցում, առողջապահական համակարգի փրկություն, տնտեսության գահավիժման կասեցում, երկրի պաշտպանունակության-անվտանգության բարձրացում։ Հակաճգնաժամային թիմը պետք է ազատ լինի ֆորմալ առումով իրեն ձևավորած քաղաքական ուժերի հանդեպ պարտավորություններից։ Պետք է իշխի այն գիտակցումը, որ մենք բոլորս մեկ նավի մեջ ենք, որի կործանումը վերաբերելու է բոլորին՝ անկախ նրանց քաղաքական և այլ պատկանելությունից և վերջին ընտրություններին ստացած քվեների քանակից։ Սա հավասարապես վերաբերում է նաև այն գործիչներին, որոնք կարող են ստեղծված պայմաններում փորձել իրենց հեռու պահել և չառնչվել իրողություններին՝ հայկական տարբերակով՝ ինչո՞ւ «անշառ գլուխս» փորձանքի տակ դնեմ: 

2. Հակաճգնաժամային թիմը կոչված է լինելու լուծել հետևյալ խումբ խնդիրները. 

Երկրում ձևավորել կառուցողական քաղաքական երկխոսություն և խիստ աշխատանքային մթնոլորտ, թուլացնել ներքին լարվածությունը, բացառել ատելությունն ու անհանդուրժողականությունը
Թույլ չտալ հումանիտար աղետ
Նվազագույնի հասցնել Հայաստանի միջազգային մեկուսացումը, երկրի հիմնական գործընկերների հետ կառուցողական երկխոսություն ապահովել, այդ թվում՝ կարգավորելով գազի սակագնի և հայկական ապրանքների արտահանման հետ կապված հարցերը
Սահմանի երկայնքով թույլ չտալ իրավիճակի լարում, բացառել երկրի անվտանգությանը սպառնացող գործոնների ուժեղացումը
Իրականացնել տնտեսության վերականգնման նպատակային քաղաքականություն՝ ձևավորելով տնտեսական աճի համար նպաստավոր պայմաններ (հատուկ ուշադրություն դարձնել ծառայությունների ոլորտին, գյուղատնտեսությանը և մի շարք այլ խոցելի ուղղություններին)
Կանգնեցնել բնակչության աղքատացման պոտենցիալ աճը՝ նպատակային և հասցեական սոցիալական օժանդակության միջոցով։
Ձևավորել սփյուռքի հետ հարաբերությունների նոր՝ ավելի ընդգրկուն և արդյունավետ հարթակներ և մեխանիզմներ
Նախապատրաստել պետությունը քաղաքական զարգացման հաջորդ փուլին՝ նոր ընտրությունների:

3. Առաջին խումբ խնդիրների համար կարող են պետք գալ հետևյալ լուծումներն ու քայլերը.

3.1 Նոր հակաճգնաժամային գործունեության տրամաբանության մեջ վերակառուցել, վերափոխել կառավարության կառուցվածքը՝ այն դարձնելով ավելի ռացիոնալ, նախարարությունների առկայությունը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին և հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությանը։ 

3.2 Գտնել չեզոք ձևաչափ՝ պետության հովանու տակ, օրինակ՝ Նախագահի, որի շրջանակներում քաղաքական ուժերը կարող են նստել մեկ սեղանի շուրջ և քարտեզագրել հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։ Նման հանդիպումները կարող են լինել պարբերական, անցնել փակ ձևաչափում՝ ավելի արդյունավետ լինելու համար։ Առաջին իսկ թեման կարող է դառնալ համավարակը:

3.3 Գալ քաղաքական փոխհամաձայնության՝ առ այն, որ Սահմանադրական հանրաքվեն չեղարկվում է, և բոլոր վիճարկելի քաղաքական նախաձեռնությունները սառեցվում են՝ մինչև նոր ընտրությունների անցկացում:

3.4 Չեղարկել երկրում արտակարգ դրության ռեժիմը և հայտարարել «արտակարգ իրավիճակի» ռեժիմ։ Արտակարգ դրության ռեժիմն արդարացված է միայն իրական կոշտ քայլերի դեպքում, օրինակ՝ պարետային ժամի կիրառում և այլն։ 

3.5 Գործադիր իշխանության համակարգում պետք է ամրապնդվի կատարողական կարգուկանոնը, հաստատվի աշխատանքային փոխհարաբերությունների ճիշտ մշակույթ, ներդրվեն պետական մարմինների և պետծառայողների աշխատանքի գնահատման նոր չափորոշիչներ։

3.6 Աշխատանքի այլ ձևաչափի և որակի է անցնում իրավապահ համակարգը, այդ թվում՝ ՆԳՆ ձևավորմամբ և նախարարի քաղաքական պատասխանատվությամբ՝ այդ կառույցների աշխատանքի արդյունավետության համար։ 

4. Ձեռնարկել հրատապ և կոշտ քայլեր՝ վիրուսի տարածումը կասեցնելու ուղղությամբ, կարգի բերել տեստավորման համակարգը։ Կոշտություն՝ ոչ թե բառերի, այլ՝ գործնական քայլերի մակարդակով։ Քաղաքացիները հենց այդ պահերին պետք է զգան և գիտակցեն պետության առկայությունն իրենց կյանքում։ Ճիշտ մատուցման, իրականության և հետևանքների ճիշտ նկարագրման դեպքում քաղաքացիները, վստահ եմ, ըմբռնումով կմոտենան կոշտ քայլերին։

5. Ընդունել բուժաշխատողների անվտանգության և նյութական խրախուսման հատուկ ծրագիր։ Հատուկ ուշադրություն դարձնել վարակված բուժաշխատողների բուժմանը, որպեսզի նրանք օր առաջ վերադառնան ծառայության վայր։ 

6. Իրականացնել անկախ աուդիտ՝ գնահատելու համար իրական իրավիճակն այն հաստատություններում, որտեղ մեկուսացվում են պոտենցիալ վարակակիրները, խնդիրների հայտնաբերման դեպքում գտնել նոր, ավելի արդյունավետ ու պարզ մեխանիզմներ՝ տարբեր խմբերի քաղաքացիների ինքնամեկուսացման համար։ 

7. Անհապաղ սկսել ինտենսիվ քննարկումներ՝ բարեկամ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ վիրուսի դեմ պայքարում օժանդակության համար։ Դեսպանների և օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների հետ անցկացնել մշտական փակ ճեպազրույցներ՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև՝ Հայաստանին հատկացվող օժանդակությունն առավել օպերատիվ դարձնելու համար։ Ես վստահ եմ, որ սա արդյունավետ աշխատող մեխանիզմ է, որովհետև 2016-2017թթ. ինքս եմ զբաղված եղել մեր երկրի համար մեկ այլ ոլորտում կարևոր մի խնդիր լուծելու հարցում նմանատիպ օպերատիվ համակարգի ներդրմամբ։ 

8. Մոբիլիզացնել բոլոր հնարավոր աղբյուրները (միջազգային, ֆինանսական կազմակերպություններ, սփյուռք, գործընկեր պետություններ)՝ հատուկ հիմնադրամի ձևավորման նպատակով, որն օժանդակություն ցույց կտա համաճարակի հետևանքով տուժած տնտեսական ոլորտներին։ Հնարավոր են բանակցություններ որոշ պարտատերերի հետ՝ մեր պետական պարտքի որոշակի դուրսգրման նպատակով։ Այդ եղանակով խնայված միջոցները կուղղվեն տնտեսության վերականգնմանը։

9. Իրականացնել մինչ այժմ ընդունված բոլոր հակաճգնաժամային քայլերի և ծրագրերի աուդիտ՝ դրանց նպատակահարմարությունը և արդյունավետությունը գնահատելու նպատակով, դրանք շարունակելու կամ կասեցնելու համար, ինչպես նաև նախաձեռնել նոր ծրագրեր։

10. Ստեղծված իրավիճակում կրթական համակարգի հանդեպ ուշադրությունն անթույլատրելիորեն թուլացել է։ Այն կարող է հայտնվել քաոսի մեջ, և կրթության որակն էականորեն կարող է ընկնել։ Անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի մեկը գտնել արդյունավետ և գործուն լուծումներ՝ նոր ուսումնական տարին հնարավորինս լիարժեք ձևով սկսելու և շարունակելու համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է շտապ հանդիպումներ և քննարկումներ ունենալ կրթության ոլորտի մասնագետների, բոլոր խոշոր բուհերի, պրոֆիլային ֆակուլտետների, կրթօջախների ղեկավարների հետ՝ գտնելու այն առավել ընդունելի և անվտանգ եղանակները, որոնք թույլ կտան՝ դասերը կազմակերպել ստացիոնար պայմաններում՝ միաժամանակ պահպանելով առողջապահական նորմերը։ Հեռավար ուսուցումն ընդամենը ժամանակավոր և հարկադրված միջոցառում էր, որի նպատակն էր՝ ժամանակ շահել և նախապատրաստվել ուսման կազմակերպման հետագա՝ ավելի անվտանգ եղանակներին։ Հակառակ պարագայում վնասները, որոնք կհասցվեն դպրոցական և բուհական կրթության ոլորտներին, շատ խորքային կլինեն։

11. Կառավարությունը պետք է խրախուսի և երախտագիտություն ցուցաբերի բոլոր նրանց հանդեպ՝ առանձին անհատներ, կազմակերպություններ, միավորներ, որոնք պատրաստակամ են գտնվել և նյութապես աջակցել են դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին և անձանց։  

Ամփոփելով վերը գրվածը՝ փորձեմ նկարագրել, թե, իմ պատկերացմամբ, ինչպիսին պետք է լինի հակաճգնաժամային թիմը.

·     Պետք է լինի ամուր, խիստ, պահանջկոտ, բայց ոչ երբեք՝ դաժան 

·     Պետք է լինի պրագմատիզմի մարմնացում, բայց ոչ երբեք՝ անտարբերության

·     Պետք է լինի ժամանակավոր, բայց նրա աշխատանքը պետք է լինի բեկումնային

·     Պետք է լինի հույսի թիմ՝ հույսի, որ մեզ կհաջողվի խուսափել պետության դեֆոլտից:

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ