26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրականացվում են զարգացմանը միտված փոփոխություններ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ուղեկցությամբ  ծանոթացավ  շինարարական աշխատանքների ընթացքին:  2013 թվականին մեկնարկած աշխատանքների ավատից հետո ինստիտուտը կհամալրվի նոր մասնաշենքով, որտեղ  կկազմակերպվի 5-6 նոր բաժանմունք, այդ թվում` մանկական կուրության կանխարգելման գերազանցության առաջին կենտրոնը:  Շուրջ երկու տարի տեւած նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքից հետո այցելուների համար կենտրոնն իր դռները կբացի ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին:

«Գերազանցության կենտրոնը կգործի  Երեւանի Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ինստիտուտի շենքում: Կենտրոնի առաքելությունը  մանկական կուրության կանխարգելումն ու անհասության ռետինոպաթիա  հիվանդության դեմ պայքարն է»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` ինստիտուտում լայն թափով  իրականացվող  շինարարական աշխատանքների ավարտը նախանշված է 2015 թվականի վերջին: Շինարարությունն իրականացվում է  բացառապես ինստիտուտի ֆինանսական միջոցների հաշվին` առանց հավելյալ օժանդակության:

Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը  հանրապետության ծննդօգնություն իրականացնող ամենամեծ հիմնարկներից մեկն է, որտեղ մատուցվում է  մանկաբարձա-գինեկոլոգիական համալիր ծառայություն` սպասարկելով ողջ հանրապետության ազգաբնակչությանը, հատկապես՝ մարզերից ուղեգրված ծանր դեպքերը:

 

Առաջիկայում ինստիտուտում նախատեսվում է ընդլայնել եւ արդիականացնել անհաս եւ ցածր քաշով ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող նորածինների բաժանմունքը, մասնավորապես`  նրանց տեսողության հետազոտության ներդրումը, ներգանգային արյունազեղումների ժամանակին ախտորոշումը, որի համար կառուցվում է կից բաժանմունք։

Նախատեսվում է նաեւ բոլոր ծննդաբերությունների եւ ծննդկանների համար ունենալ անհատական հիվանդասենյակներ, ինչպես նաեւ արդիական պայմաններ խնամողների համար։

Նախարարը բարձր գնահատեց ինստիտուտի զարգացմանը միտված փոփոխությունները:

Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ  իր ղեկավարած կառույցում իրականացվող բոլոր բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են մեր երկրում պերինատալ ծառայության զարգացմանը:

«Այլ ծառայություններ մենք միտումնավոր չենք ներդրել՝ բուժանձնակազմի ողջ ներուժը պերինատալ ծառայությունների իրականացման վրա կենտրոնացնելու նպատակով»,- ասաց տնօրենը:

 

Նախարարն առաջարկեց  ստեղծել  արագ արձագանքման հատուկ խմբեր, որոնք  հնարավորություն կտան հեռակապի միջոցով մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով Երեւանում եւ մարզերում  անգամ ամենադժվարին իրավիճակներում ապահովել մատուցվող բժշկական ծառայությունների որակն ու օպերատիվությունը:

Ինստիտուտի ծննդաբերական բաժանմունքում տարեկան արձանագրվում է մոտ 3 հազար ծննդաբերություն։ Այստեղ առաջատար տեխնոլոգիաներով ցուցաբերվում է ժամանակակից մանկաբարձական օգնություն: Բարձր որակավորում ունեցող բժիշկների թիմը` մանկաբարձ-գինեկոլոգները, անեսթեզիոլոգները, նեոնատոլոգները` տիրապետելով անհետաձգելի օգնության բոլոր մեթոդներին, շուրջօրյա օգնություն է ցուցաբերում:

Այցի շրջանակում նախարարը շրջեց բաժանմունքներով, ծանոթացավ շենքային եւ նյութատեխնիկական պայմաններին, զրուցեց հիվանդների հետ:

Նույն օրը Արմեն Մուրադյանն այցելեց նաեւ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն։ Տնօրեն Նորայր Դավիդյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ գերմանացի մասնագետների կողմից նվիրաբերված սարքավորումներին:

Կենտրոնն զբաղվում է բժշկական ռադիոլոգիայի, ռադիոկենսաբանության, ճառագայթային հիգիենայի եւ ճառագայթային էկոլոգիայի ակտուալ խնդիրներով: Կիրառելով ժամանակակից հետազոտության մեթոդները` բարձրակարգ մասնագետներն իրականացնում են ընդհանուր եւ տեղական ճառագայթային վնասնածքներ ունեցող հիվանդների, այդ թվում` Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ ճառագայթային այլ վթարների հետեւանքների վերացմանը մասնակցած անձանց ախտորոշում, բուժում եւ վերականգնում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ