Ինչպես ենք դիմավորում նոր ուսումնական տարին. Արմեն Աշոտյան

Օգոստոսի 28-ին կառավարության նիստում Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, թե ինչպես են սկսում նոր ուսումնական տարին:
“Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք զեկուցել, որ հանրապետությունում ողջ թափով ընթանում են նախապատրաստական աշխատանքները: Նոր ուսումնական տարվա նախաշեմին մենք կանխատեսում ենք, որ դպրոց կհաճախեն շուրջ 40 հազար առաջին դասարանցիներ: Աշակերտների վերջնական վիճակագրությունը մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի հետ կամփոփվի մինչեւ սեպտեմբերի 10-ը եւ կներկայացվի գալիք ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող աշակերտների վերջնական թիվը:
Այս ընթացքում տեղի են ունենում ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները մարզերում եւ Երեւանում, ընթանում է դասագրքերի բաշխման գործընթացը: Ուսումնական տարվա նախաշեմին մենք լրամշակել եւ կրկնակի փորձաքննության ենք ենթարկել 29 անուն դասագիրք, նոր դասագրքեր, որոնք մուտք են գործելու դպրոց: Ընթանում է նաեւ ուսումնական պարագաների, դասամատյանների եւ այլ օժանդակ նյութերի բաշխման գործընթացը: Ըստ սահմանված ժամանակացույցի, Քաղաքաշինության նախարարությունից ստացված տեղեկության համաձայն, ավարտվել են վերանորոգման աշխատանքները մի շարք դպրոցներում եւ այդ դպրոցները պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին:
Պարոն վարչապետ, այս ընթացքում մեզ հաջողվել է խուսափել ուսուցչական կազմի զանգվածային կրճատումներից, լուծելով նաեւ սոցիալական խնդիր, հաշվի առնելով, որ կրթության ոլորտը նաեւ խոշոր գործատու ոլորտ է: Հաշվարկային աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել հուլիսի մեկից՝ 9 տոկոսի չափով, ՀՀ ֆինանսների նախարարության հետ այդ աշխատանքները նույնպես ընթացել են: Մենք նոր ուսումնական տարվա ընթացքում ամբողջությամբ կթարմացնենք եւ կփոխենք ավագ դպրոցների ուսումնական գույքը՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում:
Սեպտեմբերի 1-ից մեկնարկելու է Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը, որը ֆինանսավորվում է կառավարության կողմից եւ որի նպատակն է տարրական դասարանների աշակերտներին միանվագ դպրոցական սնունդ մատակարարել՝ ելնելով տվյալ տարիքային խմբի ֆիզիոլոգիական եւ կենսաբանական առանձնահատկություններից: Այս առումով ծրագիրը ոչ միայն կրթական է, այլեւ սոցիալական, գյուղատնտեսական, առողջապահական հետեւանքներ ունի: Ծրագիրը մեկնարկելու է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերից, իսկ 2015 թվականի առաջին կիսամյակում՝ մեր ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում, տարածվելու է նաեւ Արարատի մարզի վրա: Այս տարի հայրենասիրական դաստիարակության նոր կոնցեպտ է մշակվել եւ ներդրվելու է դպրոցներում ՀՀ պաշտպանության նախարարության եւ երկրապահ կամավորականների միության հետ համատեղ:
Փորձնական կարգով ներմուծվել է ազգային երգ ու պար առարկան՝ 10 պիլոտային դպրոցներում: Այս գործողությունը նույնպես կառավարության գերակա ուղղությունների եւ միջոցառումների ծրագրի մեջ է եղել: Ծրագիրը մշակվել է համապատասխան ոլորտի մասնագետների հետ միասին, եւ փորձարկումից հետո կամփոփենք արդյունքներն ու կառավարությանը կներկայացնենք տվյալներ եւ հետո կորոշենք հետագա քայլերը՝ այս առարկայի մասսայականացման հետ կապված:
Ուսումնական տարվա ընթացքում ավագ եւ հիմնական միջնակարգ դպրոցները կստանան ութ վիրտուալ էլեկտրոնային լաբորատորիաներ՝ 4 հիմնական առարկաներից՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն մաթեմատիկա-երկրաչափություն, ինչով մենք ավելի ժամանակակից կդարձնենք տվյալ առարկաների ուսուցումը մեր դպրոցներում եւ նաեւ որոշ չափով կփոխհատուցենք այն խնդիրը, որ դպրոցներ կան, որտեղ իրական լաբորատորիաներ գոյություն չունեն, բայց էլեկտրոնային լաբորատորիաների միջոցով երեխաները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները եւ տեսնել այդ փորձերը, հաշվարկները, բանաձեւերը, փորձարկել եւ այլն:
Ազգային ժողովում է գտնվում 12-ամյա պարտադիր կրթության մասին օրինագիծը, որն անցել է առաջին ընթերցում եւ հուսանք, որ աշնանային նստաշրջանում նաեւ երկրորդ ընթերցմամբ հավանության կարժանանա, որից հետո արդեն հաջորդ տարվա ընթացքում կամփոփվեն պարտադիր 12-ամյա կրթության ներդրման կարգը եւ ծրագրային դրույթները:
Ցանկանում եմ Ձեր թույլտվությամբ շատ կարճ խոսել նաեւ քոլեջների եւ բուհերի մասին, որտեղ նույնպես սեպտեմբերի 1-ից մեկնարկելու է նոր ուսումնական տարին: Քոլեջներում եւ ուսումնարաններում պետությունն այս տարի կառավարության հատկացումների շրջանակներում աննախադեպ քանակությամբ պետական պատվեր է տեղադրել՝ շուրջ 50 տոկոսով ավելի, քան նախորդ տարիներին: Սա բավականին հետաքրքրություն է առաջացրել: Մենք վերջնական թվերը կամփոփենք մինչեւ սեպտեմբերի 10-ը: Բայց հիմա կարող եմ ասել, որ մեր երիտասարդների մոտ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունները, որ ընձեռվել են կառավարության կողմից, պահանջված են եղել եւ մենք այս տարի աննախադեպ ընդունելություն կունենանք այս կրթական ծառայությունների գծով:
Բուհերը նույնպես պատրաստվում են ուսումնական տարվա մեկնարկին: Երեկ ես հանդիպել եմ պետական բուհերի ռեկտորներին, տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ կապված կարգապահության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, միջազգային ծրագրերում առավել ակտիվ ներգրավման հետ: Հայաստանն աննախադեպ քանակությամբ եվրոպական ծրագրային գրանտներ է շահել այս տարի: 18 Տեմպուս ծրագիր ունենք Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մեր բուհերում, ինչն, իհարկե, եւ ուրախալի է, եւ պարտավորեցնող, որովհետեւ միջազգային համագործակցության շրջանակներում նաեւ երկիր են ներկայացնում մեր բուհերը:
Հակիրճ ամփոփելով այս տեղեկատվությունը՝ ասեմ, որ շարունակում ենք աշխատել Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի համատեղ ուժերով ապահովենք ուսումնական տարվա եւ հաջող մեկնարկը, եւ արդյունավետ գործունեությունը ողջ ուսումնական տարվա ընթացքում: Եթե կլինեն նոր հանձնարարականներ եւ ուղղություններ, մենք դեռ ժամանակ ունենք դրանց վրա աշխատելու: Շնորհակալություն”: