23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունը եղել է քաղաքականապես անպատասխանատու, մասնագիտական առումով անկարող. ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, վերլուծելով կորոնավիրուսի հակազդման շրջանակներում ՀՀ կառավարության գործողությունները արձանագրում է.

  1. Հակառակ 2019թ. դեկտեմբերին նոր կորոնավիրուսի մասին Չինաստանի պաշտոնական հայտարարությանը, իսկ այնուհետև բազմաթիվ պետությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարակի վտանգավորության մասին ահազանգերին՝ ՀՀ Կառավարությունն ի սկզբանե անլուրջ մոտեցում ցուցաբերեց վարակի նկատմամբ:
     
  2. Իրավիճակին արագ արձագանքելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և վարակի հետագա տարածումը կանխելու փոխարեն, քաղաքական իշխանությունը, հաշվի չառնելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգելու բազմաթիվ կոչերը, ակտիվորեն շարունակեց քարոզարշավը և կազմակերպեց բազմամարդ հավաքներ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվել  էր Հայաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի մասին: Բացի այդ, արձանագրված վարակի առաջին դեպքից հետո իշխանությունները հաղորդակցության սահմանափակումներ գործադրեցին միայն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, մինչդեռ վարակման բարձր ցուցանիշ ունեցող մի շարք երկրների հետ շարունակվում էր օդային առօրյա հաղորդակցությունը:
     
  3. Որպես հետևանք` մարտի 12-ին գրանցվեց վարակի առաջին օջախը: Սակայն հանրահավաքներն ու քարոզարշավը դադարեցվեցին և կանխարգելման աշխատանքներ սկսվեցին միայն մարտի 13-ին կայացած հանրահավաքներից մեկից հետո, երբ հայտնի դարձավ, որ հանրահավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Քաղաքական իշխանության վարքագիծն իր բացասական հետևանքներն ունեցավ համավարակով պայմանավորված վտանգներն ու բարդությունները չեզոքացնելու հետագա ամբողջ գործընթացի վրա:
     
  4. Հրատապ միջոցառումների ձեռնարկման հիմնավորմամբ Կառավարությունը մարտի 16-ին հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, անհատ քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր հանդես եկան իրավիճակի հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ կոչերով և ծրագրային առաջարկություններով (որոնցից շատերը շարունակում են արդիական մնալ նաև այսօր), սակայն իշխանությունները դրանք քննարկման առարկա չդարձրեցին: Ներկայացված առաջարկներից շատերը կառավարությունը և պարետատունը գործադրեցին հատվածաբար` ամբողջականությունից կտրված, հաճախ նաև ժամկետների անտեսմամբ:
     
  5.   Առանց համավարակին դիմակայելու հստակ ռազմավարության՝ հայտարարված արտակարգ դրությունը համապատասխան լրջությամբ չընկալվեց ո՛չ հասարակության և ո՛չ էլ արտակարգ դրության սահմանափակումները գործադրող պետական մարմինների կողմից՝ կարճ ժամանակամիջոցում վերածվելով անարդյունավետ գործողությունների:
     
  6. Իշխանության գործունեությունը հաճախ անտրամաբանական էր, զուրկ խնդիրների իրական լուծումների փնտրտուքի ճիգից, թելադրված հետագայում անգործության մեջ չմեղադրվելու մտայնությամբ՝ ուղեկցվելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շփոթ առաջացնող, իսկ հաճախ նաև անօրինական գործողություններով:
     
  7. Օգտվելով ստեղծված վիճակից` կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը վավերացրեց խնդրահարույց, խորհրդարանական երկրին անհարիր որոշումներ, որոնք միտված էին քաղաքական խնդիրների լուծմանը և/կամ նախկինում թույլ տրված անօրինականությունները օրինականացնելու շահադրությամբ: Համավարակին դիմակայելու միջոցառումների շրջանակում կատարվեցին փոփոխություններ «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում, որը բացարձակապես անարդյունավետ էր հայտարարված նպատակի առումով և ակնհայտորեն խախտում էր մարդկանց անհատական տվյալների և անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմերը։ Այս և այլ գործողություններով, քաղաքական իշխանությունը իրականացրեց քաղաքական խնդիրների լուծման փորձեր՝ ձևականորեն օգտագործելով իրավական տարբեր գործիքներ, որոնք պիտանի չեն համավարակի բացասական ազդեցությունների հակազդման տեսանկյունից:
     
  8. Մի կողմից արտակարգ դրության հստակ ռազմավարության բացակայությունը, մյուս կողմից հնչեցված հակաճգնաժամային կառավարման առաջարկությունների անտեսումն ու ինքնահավան անփորձությամբ համավարակի դեմ պայքարի քաղաքական իշխանության վարքագիծը իմաստազրկեցին նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Փաստորեն, այն գործողությունները, որոնք քիչ թե շատ պարունակում էին հանրային առողջության պահպանման տարրեր (այդ թվում՝ սանիտարահամաճարակային կանոնները և դրանով պայմանավորված բնակչության տեղաշարժի ու կուտակումների առանձին սահմանափակումները), կարող էին իրականացվել նաև առանց արտակարգ դրություն հայտարարելու, որի համար անհրաժեշտ էր բարելավել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության օրենսդրությունը և ձեռնարկել սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունները: Մինչդեռ արտակարգ դրության իրավական ռեժիմի՝ որպես ծայրահեղ միջոցի գործադրումը ենթադրում է միջոցառումների այնպիսի կոշտ համալիր, որի գործողությունը պայմանավորված է բացառապես սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը հնարավորինս արագ չեզոքացնելու հրամայականով: Այլ խոսքով` երկրում արդեն իսկ 60 օր տևած և ևս 30 օրով երկարացված արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայել (չի ծառայում) իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումներն անլրջացնում են այս հատուկ  ինստիտուտը, խախտում քաղաքացիների և իրավաբանական անձանց մի շարք իրավունքներ՝ առանց էականորեն նպաստելու կորոնավիրուսի համավարակի բացասական դրսևորումները չեզոքացնելու գործին (պատահական չէ, որ միլիոն բնակչի հաշվով, Հայաստանը տարածաշրջանում գտնվում է համավարակի դիմագրավման առումով վատագույն արդյունքներ ունեցող երկրների շարքում):   
     
  9. Կառավարությունը անկարող գտնվեց տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական խնդիրները լուծող հավասարակշիռ քաղաքականություն վարելու հարցում նույնպես: Արդյունքում` ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խորը անկում և սոցիալական վիճակի վատթարացում:
     
  10. Տնտեսությանը հասցված վնասները մեղմելու համար ձեռնարկված միջոցառումները արդյունավետ չէին (չեն), հաճախ՝ սխալ: Սոցիալական աջակցության ծրագրերը, չնայած ներկայացվող շահառուների ականջահաճո թվերին, չներառեցին իրական կարիքավորների ողջ շրջանակը: Հակաճգնաժամային սոցիալ-տնտեսական անարդյունավետ քաղաքականության դեպքերից են՝

ա) Հայտարարված կարանտինի պայմաններում տնտեսության (բացառությամբ գյուղատնտեսության)  ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրերը, իսկ գյուղատնտեսության պարագայում՝  գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին ոչ ուղղակի (բանկերի միջոցով) աջակցության անպիտան գործիքները: Անորոշություն է տիրում երկրի պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրման հարցում:

բ) Բիզնեսին աջակցելու փոխարեն բանկերին ֆինանսավորելը։ Փաստորեն, կառավարությունը խուսափեց վերցնել տնտեսական ծրագրի իրականացման պատասխանատվությունը (ռիսկերը), որի պատճառով բիզնեսի աջակցության ծրագրերը հիմնականում սահմանափակվեցին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։

գ) Առանց բյուջետային ծախսերի վերանայման և գրավոր պատշաճ հիմնավորման՝ շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարով պետական պարտքի ավելացման կառավարության որոշումը։

դ) Կառավարության և Կենտրոնական բանկի հարկաբյուջետային և դրամավարկային ոչ ներդաշնակ, հաճախ նաև հակասական քաղաքականությունները, որոնց արդյունքում քաղաքացիներն ու տնտեսավարող սուբյեկտները չեն կարողանում ժամանակին կատարել իրենց վարկային պարտավորությունները: Առհասարակ Կառավարությունը ճիշտ և ժամանակին ազդակներ չի փոխանցում հանրությանը և գործարար համայնքին, որոնք սոցիալ-տնտեսական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության կարիք ունեն։ Այս դժվար օրերին վարչապետի պոպուլիստական հայտարարություններն ավելի շատ ուղղված էին իր և քաղաքական իշխանության վարկանիշի անկումը կասեցնելուն, քան սկսված և ահանգնացող սոցիալ-տնտեսական ճգնաժամին:

ե) Հակաճգնաժամային փաթեթների կիսատությունն ու ցածր հասցեականությունը, որոնց հետևանքով, ըստ էության, փոշիացվեց շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։ Բացի այդ` առ այսօր հայտնի չէ, թե կառավարությունն ի՞նչ ուղղություններով է օգտագործելու միջազգային կազմակերպություններից և պետություններից ստացած (խոստացված) շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար օգնությունը։ 

զ) Հանրային միջոցների հախուռն և չհիմնավորված ծախսումները և խնայողության ռեժիմի հայեցակարգի բացակայությունը:

Հանրագումարում. Մի կողմից առկա է ֆինանսական միջոցների փոշիացում, մյուս կողմից շատ կարիքավորներ պետության կողմից չստացան անհրաժեշտ և կենսական օժանդակությունը:

  1. Ստեղծված անհամարժեք վիճակից քաղաքացիները ելքը գտան` զանգվածաբար խախտելով արտակարգ դրությամբ թելադրված սահմանափակումները: Վարվող քաղաքականության նկատմամբ քաղաքացիների արդարացի դժգոհություններից խուսափելու նպատակով իշխանությունը հանեց արտակարգ դրությամբ պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները՝ համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն: Փաստորեն, մայիսի 4-ից արտակարգ դրության ռեժիմի թուլացման մասին որոշումը, ըստ էության, իշխանությունների կողմից համավարակի տարածումը կառավարելու անկարողության խոստովանություն է, ինչը, առանց արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենսդրական փոփոխությունների, չափազանց վտանգավոր որոշում է և հանգեցնելու է ծանրագույն հետևանքների:
     
  2.  Կառավարության անկարողությունը դրսևորվեց նաև դժվար պահերին հայությանը հատուկ բարեգործական ու բարեսիրական տարբեր նախաձեռնություններով հանդես գալու աշխատաքները համակարգելու հարցերում: Այդպիսի աջակցությունը ցուցաբերվեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ աշխարհասփյուռ հայության կողմից: Ավելին, չնայած քաղաքական իշխանության կողմից հայկական սփյուռքում էական դերակատարություն ունեցող կազմակերպությունների և անհատների վերաբերյալ անհամարժեք գնահատականներին, աշխարհասփյուռ հայության տարբեր գաղթօջախներից ինքնակամ նախաձեռնվեցին երկրի ներսում համավարակի դիմագրավման խնդիրների լուծմանն ուղղված օժանդակություններ, այդ թվում՝ ՀՅԴ Բյուրոյի կոչով Դաշնակցության տարբեր Կենտրոնական կոմիտեներ և ենթակա կազմակերպություններ կազմակերպեցին և Հայաստան ուղարկեցին բժշկական ու անհատական պաշտպանության պարագաներ, սոցիալական խոցելի խմբերին ցուցաբերվեց պարենամթերքով աջակցություն, կատարվեցին դրամական փոխանցումներ կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարի նպատակով բացված գանձապետական հաշվին և այլն:

Ամփոփելով եզրակացնում ենք, որ

 
  1. Համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունը եղել է քաղաքականապես անպատասխանատու, մասնագիտական առումով անկարող:
     
  2. Ցուցաբերելով հակաճգնաժամային կառավարման բացարձակ անկարողություն` կառավարությունը շարունակում է նեղ քաղաքական նպատակներ հետապնդող իր վարքագիծը՝ անտեսելով երկրի ներքին և արտագին ահագնացող մարտահրավերները:
     
  3. Անտրամաբանական և անընդունելի է արտակարգ դրության իրավական ռեժիմի` հերթական անգամ երկարացումը, երբ համավարակի դեմ պայքարում իրականացված գործողությունները և արձանագրված արդյունքները համահունչ չեն արտակարգ դրություն հայտարարելու նպատակադրումներին: Ավելին` ձեռնարկվող գործողությունները, որոնք ներկա փուլում, ըստ էության, համավարակի դեմ պայքարի միջոցառումներ են, կարող են իրականացվել առանց երկրում արտակարգ դրություն հայտարարելու՝ արտակարգ իրավիճակների օրենսդրությունը բարեփոխելու և օրինականության սկզբունքով գործադրելու միջոցով: Արտակարգ դրության իրավական ռեժիմը գործող կառավարությունն առավելապես օգտագործում է քաղաքական նպատակներով: Հետևաբար, այս ձախողված քաղաքականության ողջ պատասխանատվությունը կրում է օրվա քաղաքական իշխանությունը:
     
  4. Քաղաքական իշխանությունը պետության համար այս ծանրագույն ժամանակաշրջանում պարտավոր էր (է) առաջնորդվել երկրում ներդաշնակ և հանդուրժողական մթնոլորտի ձևավորման, համահայկական ողջ ներուժի համախմբման և երկարաժամկետ հակաճգնաժամային միջոցառումներ մշակելու և գործադրելու անվերապահ վճռականությամբ:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ