23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կորոնավիրուսը, որ չգիտես թե ում շունն էր, սկսում է կծել

Լավ, ո՞րն է «արտակարգ դրության ռեժիմը» էլի մեկ ամսով երկարաձգելու իմաստը, եթե գրեթե ամեն ինչ՝ հասարակական տրանսպորտից մինչև տնտեսություն, պատկերավոր ասած՝ բացվում է: Ու որքան էլ ասում են, թե կառավարության գործողություններում ու նույնիսկ իրավիճակային նախանշած քայլերի հաջորդականության մեջ տրամաբանություն փնտրելը ժամանակի անօգուտ ծախս է, երևի անհույս լավատես եմ, որ ոչ միայն շարունակում եմ փնտրտուքը, այլև անկեղծորեն ցանկանում եմ գտնել: Առայժմ, կոնկրետ covid-19 կորոնավարակի հետ կապված, չեմ գտնում:

Ինչ-որ կոնկրետ ուղեգիծ չկա:

Սկզբում կառավարության համար «կորոնավիրուսն ում շունն էր», անլուրջ մի բան: Հետո, այդ «շունը» կարծես գռմռաց ու նույնիսկ հաչաց: Անգամ սկսեց «կծել»: Կառավարությունը ձև արեց, թե լրջացավ: Հետո կարծես իսկապես էլ լրջացավ: Հետո արտակարգ դրություն հայտարարվեց՝ տեղաշարժերի սահմանափակումներով, ինքնագիր-անցաթղթերով և այլն:

Այդ ընթացքում հայտնաբերված վարակվածների թիվը սկսեց աճել ու աճել: Սկզբնական մի քանի տասնյակից հասանք մի քանի հազարի տխուր ցուցանիշներին: Ու վերջն էլ չի երևում:

Հիմա, եթե այդ վարակի տարածման սպառնալիքը պահպանվում է, իսկ տարածումն էլ ծավալվում, ուրեմն երկու ամիս «արտակարգ դրության» պայմաններում կանխարգելման ու շփման, տեղաշարժման սահմանափակման մեխանիզմները կառավարությունն ու հասարակությունը չեն կարողացել պահպանել: Այնինչ, թվում էր, թե ինչպես իրենք են սիրում ասել՝ 75-80 տոկոսանոց աջակցություն վայելող իշխանության համար խնդիր չպետք է լիներ գոնե այն, որ հանրույթունը հետևի իր ասածներին: Որքան էլ իշխանությունն ուռճացված պատկերացում ունենա իր վարկանիշի կամ հանրային աջակցության աստիճանի մասին, միևնույն է, պետք է որ խնդիր չլիներ:

Բայց, փաստորեն, եղավ, հակառակ դեպքում էլ ինչպե՞ս բացատրես գրեթե երկրաչափական պրոգրեսիայով վարակվածների թվի նման աճը, այն էլ՝ արտակարգ դրության պայմաններում: Չնայած բացատրույթուններ կան:

Ռեալ արդյունքի համար ամենից առաջ կարևոր էր, որ իշխանությունը, հատկապես՝ կառավարությունը նախ ինքը հստակ ու կոնկրետ մոտեցումներ ցուցաբերեր, ծրագրված, հետևողական քայլերով դիմագրավեր այս չարաբաստիկ փորձությանը: Բայց իրենք էլ կարծես չգիտեին և դեռ չգիտեն, թե ինչ են ցանկանում անել: Վատ «պարողներ» են, դիլետանտ, այլ բառով ասած:

Հենց միայն հանրային տրանսպորտը «բացելու» և դրանից մեկ շաբաթ անց դիմակներ կրելը պարտադիր համարելու վերջին գլուխկոտրուկը կամ գլուխգործոցը թույլ է տալիս պատկերացում կազմել կառավարողների ունեցած պատկերացումների մասին:

Ամեն դեպքում, ավելի լավ է կոնկրետ մի գիծ որդեգրել ու դրանով գնալ առաջ, ասենք, Շվեդիայի կամ Բելառուսի նման կամ խիստ սահմանափակումներ կիրառած երկրների նման, քան թե մեկ այս կողմ շրջվել, մեկ այն կողմ:

Այն օրը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մերձակայքում նախագահ Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ աջակիցներ էին հավաքված: Ու գրեթե նույնքան էլ՝ ոստիկաններ: Ոստիկանության ծառայողները միմյանցից 50 սանտիմետրից մինչև 1 մետր հեռավորության վրա կողք-կողքի շարված են: Ու ոստիկանության ներկայացուցիչը բարձրախոսով դիմում է քաղաքացիներին, թե բա՝ սոցիալական տարածություն պահեք, իրարից առնվազն 2 մետր հեռու կանգնեք: Ու իրենք ասում են մի բան, որի հակառակն են անում: Գուցե մտածում են, որ համազգեստն իրենց պաշտպանո՞ւմ է վարակից:

Նման պատկերը բնութագրական է գործող կառավարության նկարագրի տեսանկյունից: Ասում են դիմակով շրջեք, բայց առողջապահության նախարարի՝ ինչ-որ սրճարանում արված անդիմակ լուսանկարը սոցցանցի «հիթ» է դառնում:

Հիմնականն, իհարկե, հարցն է, որ եթե համարյա ամեն ինչ «բացվում» է, ապա էլ արտակարգ դրության ռեժիմի պահպանման իմաստը ո՞րն է:

Ռացիոնալ ընկալումը հուշում է առնվազն երկու ենթադրություն: Առաջինն այն է, որ արտակարգ դրության պայմաններում երթեր, ցույցեր, հավաքներն արգելվում են: Հնարավոր է, գործող իշխանությունը նման մտահոգություններ ունի և գոնե այս շրջանը հաղթահարելու համար անհրաժեշտ է տեսնում ԱԴ ռեժիմի երկարաձգումը:

Հակասություն իհարկե կա. արտակարգ դրությունը հենց շփումն ու տեղաշարժերը սահմանափակելով վարակի տարածումը կանխելու նպատակով էր մտցվում: Հիմա եթե այդ սահմանափակումները հանվում են, էլ ի՞նչ արտակարգ դրություն:

Տրամաբանական է այն դիտարկումը, որ մայիսի 18-ից սպասվող «բացումներից» հետո վարակի տարածումն ավելի արագ կարող է ընթանալ: Ենթադրությունն այն է, որ հնարաովր է, կորոնավարակի առումով եղածից լարված վիճակ ունենալը հնարավորություն է տալու արտաքին դոնորներից ավելի լուրջ ֆինանսական աջակցություն ակնկալել: Բայց դա ընդամենը ենթադրություն է:

Հա, ու վարչապետ Փաշինյանը մի տեսակ կարծես սրտնեղում էր, թե հասարակության մի մասը այնքան էլ լուրջ չի վերաբերվում այս ամենին: Կարելի է կարծել, թե այդ «հակահեղափոխականներն» էին հայտարարում, թե «կորոնավիրուսն ու մ շունն է», թե «տնական արաղով, պինցետով» հախից կգանք…

Արմեն Հակոբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ