Տոնոյանը կատակեց՝ «բանակը կարող է գրոհել», վարչապետն էլ արձագանքեց՝ «ուզում են բանակը գրոհի, բայց՝ ուրիշ ուղղությամբ»
Կառավարությունը հաստատեց Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագիրը։
2020 թվականի պետական բյուջեով Նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազ դրամ։
Նպատակային ծրագրերն են.
միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար,
կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն,
երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։
2020 թվականին նախատեսվում է.
միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի,
կանխավճարի ապահովագրության տրամադրել 540 շահառուի,
երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։
Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվեն շահառուների նախատեսվող թվաքանակը՝ ըստ նպատակային ծրագրերի։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց՝ զինծառայողներին սա վերաբերելո՞ւ է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ ասաց, որ որևէ սահմանափակում չկա։
Դավիթ Տոնոյանը խնդրեց հարցը ճշգրտել, թե չէ «բանակը նորից կգրոհի»:
«Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նկատեց, որ շատ պոզիտիվ ու ռազմավարական ծրագիր է։
«Շնորհակալություն եմ հայտնում այն մշակելու համար», – ասաց Փաշինյանը։