«Ինչի՞ պիտի ԿԲ-ից իջնեն… 5 օրինակ տվեք, ես անձամբ կկարդամ». Նիկոլ Փաշինյանը՝ բողոքող քաղաքացիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երեւան քաղաքում շրջայցի ժամանակ մոտեցան ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները՝ խնդրելով ուշադրություն դարձնել իրենց խնդրին։
«Արտակարգ դրության պայմաններում բանկերն իրավունք ունե՞ն զանգել ու փող ուզեն մարդկանցից։ Զանգում ու ասում են՝ գալիս ենք ավտոդ վերցնենք ձեռքիցդ»,- ասաց ակցիայի մասնակիցներից Սամվել Մանուկյանը։
Վարչապետն էլ ասաց, որ այս ընթացքում 500 հազար մարդու տրվել է վարկային արձակուրդ. «Բոլոր մարդիկ, ովքեր բանկերի հետ նորմալ, ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են մոտենում»։
«Դա ճշմարտություն չի պարոն Փաշինյան։ Բոլոր տեղերը գրավոր դիմել եմ»,- ասաց քաղաքացին։
Փաշինյանն էլ ասաց, որ 5 օրինակ փոխանցեն իր օգնական Նաիրի Սարգսյանին, ինքն անձամբ կուսումնասիրի խնդիրը. «Եթե օրինակներ ունեք, տվեք 5 օրինակ, նամակը փոխանցեք, անձամբ կկարդամ միայն մի պայմանով, խնդրում եմ՝ հեռու կանգնեք միմյանցից, դիմակներ ունեցեք։ Այդ 5 օրինակը կուզեմ, հետո ուրիշ օրինակ կնայեմ։ Որ ծանոթանաք, կզարմանաք ուղղակի»։