«Իմ քայլը» խմբակցությունը մերժեց վարչապետի առաջարկը. Տիգրան Ուրիխանյան
«Իմ քայլը» խմբակցությունը մերժեց վարչապետի առաջարկը, հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Սա առնվազն տարօրինակ եմ համարում։ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամ չվճարված միլիարդների պատմությունն արդեն բոլորը գիտեն, բոլորը նաև լսեցին վերջին անգամ իմ հարցին Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու և խնդիրը քննության առարկա դարձնելու վերաբերյալ։ Եվ ահա իմ կողմից այդ առաջարկն ընդունելու և ԱԺ բոլոր խմբակցություններին դիմելու (քանի որ օրենքը պահանջում է առնվազն 33 պատգամավոր) ու գործընթացը սկսելու արդյունքում ստացա հենց այս պատասխանը «Իմ քայլ»-ից։ Սա արդեն համարում եմ քաղաքական հարված՝ խնդրով հետաքրքրված հասարակության, զինծառայողների, իմ և հենց իրենց ղեկավար Փաշինյանի նկատմամբ։ Նորից հայտարարում եմ՝ խնդիրը չի անհետանալու, մինչև ամենը չբացահայտվի։ Գնում եմ մինչև վերջ։ Նշեմ, որ ընդդիմադիր խմբակցություններից պատասխան դեռ չկա», – ասված է Ուրիխանյանի հայտարարության մեջ։
Նա նաև ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից ստացված պատասխանը.
«Ձեր կողմից ներկայացված թեման, մեր դիտարկմամբ, չի հանդիսանում քննիչ հանձնաժողովի առարկա, ուստի առաջարկում ենք, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ստեղծել աշխատանքային խումբ, որի շրջանակներում կկարողանանք քննարկել Ձեր կողմից ներկայացված հարցերը և դրանց տալ լուծում»: