Ազատ խոսքի դեմ բռնությունն արդարացնող իշխանությունը չի կարող լավ ապագա ունենալ. Մարուքյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/05/220x220-2-1.jpg)
Խորհրդարաանում կիրառված բռնությունից հետո ես իմ ելույթում նշեցի, որ մենք ակնկալում ենք դատապարտում եւ քաղաքական հետեւանքներ, սակայն դրանից հետո վարչապետն իր ելույթով լեգիտիմացրեց տեղի ունեցած բռնությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ընդհակառակը, սկսեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել բռնություն կատարող կամ հիմնական մեղավոր: Այդ արշավը այսօր էլ չի կանգնել ու թափ է հավաքում: Դրա մեջ կա խորքային հանգամանք. ԱԺ-ում հնչած այլընտրանքային, ընդդիմադիր քննադատական սուր խոսքը որակել որպես սադրանք եւ նաեւ ասել, որ եթե դա սադրանք է, ապա կարելի է բռնություն գործադրել, որն արդարացված է: Դա ունենալու է հետեւանքներ, ալիքաձեւ ազդելու է ՀՀ-ում ընթացող բոլոր պրոցեսների վրա, մարդկանց ընդդիմադիր խոսքի, այլընտրանքային խոսքի ազատության վրա: Սա մի մեծ պրոցեսի սկիզբ է»,-հայտարարեց Մարուքյանը:
Նա հավելեց, որ սրանով իշխանությունը դրեց նաեւ իր վերջի սկիզբը, որովհետեւ այն իշխանությունը, որը արդարացնում է բռնությունն ազատ խոսքի դեմ այն էլ խորհրդարանում, այդ իշխանությունը չի կարող լավ ապագա ունենալ»,-հայտարարեց Մարուքյանը: