Մեր կառավարությունը ստի, կեղծիքի, սահմանները չպաշտպանելու վրա է հիմնված. Մարգարիտա Խաչատրյան
Շուրջ մեկ տարի «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգող խորհուրդը դիմել է կառավարությանը եւ ակնկալիքը եղել է այն, որ ավելացվի զոհված ազատարակտիկների ընտանիքներին տրվող 30 հազարական պարգեւավճարները: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Մեկ տարվա կտրվածքով կառավարության կողմից 8-10 դիմումների ոչ մի արձագանք չենք ստացել: Մեկ օրվա ընթացքում սրբապղծությունը մտնում է Ազգային ժողով եւ քննարկման առարկա է դառնում, մեծամասնությունն էլ կողմ է քվեարկում: Երեկ էլի ունեինք կորուստ, մի անգամ չեմ տեսել թե կառավարությունը, թե ԱԺ-ն իր ցավակցական ուղերձը հղի մայրերին: Արդյոք մենք սխալվել ենք, որ մեր բալեքին տվել ենք հայրենիքի պաշտպանությանը»,-ասաց նա։
Մարգարիտա Խաչատրյանը անդրադարձավ նրան, որ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներն իրեն դատի են տվել վիրավորանքի համար. «Ես գրություն ստացա, որ քլոյանենք (նկատի ունի «մարտի 1»-ի զոհ Գոռ Քլոյանի հորը-խմբ) ինձ դատի են տվել, թե ինչու ես բարձրաձայնել, որ մեզ տվին 30 մլն, ձեզ չեն տալիս: Ես դատվելուց չեմ վախենում: Ես համոզվեցի, որ մեր կառավարությունը ստի, կեղծիքի, պարգեւավճարների, մեկը մյուսի դեմ քրգործ հարուցելու, հայրենիքի սահմանները չպաշտպանելու հայրենիքը կործանման եզրին տանելու վրա է հիմնված:
Ինչի՞ եք հասնելու, արդյոք դուք իսկապես ալերգիա ունեք թե զոհվածի, թե ազատամարտիկի ընտանիքներից: Ամեն կողմից մենք դարձել ենք կարկոծման աղբյուր: Ուշքի եկեք, մի քարկոծեք, ոտնձգություն մի արեք: բանակում չծառայածները երբեք չեն կարող ծառայած զինվորի մոր գինն ու արժեքն իմանալ»,-ասաց նա։