Նախագահը տեսնում է ականները, բայց վարանում գործադրել լիազորությունները. Չալաբյան
Նախագահը հստակ տեսնում է օրենքում առկա ականները, բացահայտ նշում է դրա մասին, սակայն վարանում է գործադրել սահմանադրական լիազորությունները՝ պայթյունները կանխելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Նա նշել է․
«Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին” օրենքը։ Մեր կուսակցությունը եւ ես անձամբ, այդ օրենքի նախագծի ի հայտ գալու պահից, հետեւողականորեն պայքարել ենք ներկայացված տեսքով նրա ընդունման դեմ, համարելով, որ կոռուպցիայի եւ հանցագործության դեմ պայքարի քողի տակ, այն կարող է հարվածել բազմաթիվ անմեղ մարդկանց, որոնք որեւէ հանցագործություն երբեւիցե չեն գործել, եւ ակամա մեղավոր են դարձել հիմա, քանի որ որպես բարեխիղճ գնորդ, գույք են ձեռք բերել այն տարիներին, երբ դրա միջոցների հավաստագրումը ոչ ոքից չէր պահանջվում։
Նախագահը, ստորագրելով այս չարաբաստիկ օրենքը, զուգահեռ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ոչ միայն ընդունել է մեր բերած փաստարկները, այլեւ դրանց ավելացրել է նորերը՝ մասնավորապես նշել է, որ այս օրենքը իրավապահ մարմինների ձեռքում կարող է դառնալ կոռուպցիայի եւ կամայականության գործիք։
Նա նաեւ նշել է, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, օտարերկրյա ներդրողներ, իրավաբանական եւ մասնագիտական հանրության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ եւ անհատ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են ներկայացրել՝ օրենքի սահմանադրականության, դրա կիրառման արդյունքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաեւ տնտեսության զարգացման, ներդրումային միջավայրի եւ ֆինանսական կայունության վրա օրենքի հնարավոր բացասական ազդեցության եւ հետեւանքների վերաբերյալ:
Դրանով հանդերձ, նախագահը տարօրինակ որոշում է կայացրել այդ օրենքը ստորագրել, թեեւ շատ ավելի տրամաբանական կլիներ՝ ներկայացված հիմնավորումների ծանրության ներքո, հրաժարվել այն ստորագրելուց, եւ ուղարկել Սահմանադրական դատարան՝ ստուգելու օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը եւ նրանով երաշխավորված մարդու հիմանարար իրավունքներին։
Ես ծայրահեղ հիասթափված եմ Նախագահի այդպիսի որոշմամբ՝ մի բան է, երբ այսպիսի օրենք ընդունում է իր քաղաքական կարճատեսությամբ եւ նեոբոլշեւիկյան հակումներով հայտնի գործող քաղաքական մեծամասնությունը, լրիվ այլ բան է, երբ այն ստորագրում է տարեց, փորձառու, եւ «աշխարհ տեսած» երկրի նախագահը, որը հստակ տեսնում է այս օրենքի մեջ դրված ականները, բացահայտ նշում է դրա մասին իր հայտարարության մեջ, սակայն վարանում է գործադրել իր սահմանադրական լիազորությունը՝ կանխելու այդ ականների հնարավոր պայթյունները։
Մենք շարունակելու ենք պայքարել նրա համար, որպեսզի այս օրենքը փոփոխվի, եւ նրա գործողությունը սահմանափակվի միայն իրական հանցագործների դեմ պայքարով։ Դրա հնարավորությունները, նույնիսկ Նախագահի ստորագրելուց հետո, կան, եւ մենք դրանք լիարժեք օգտագործելու ենք։ Համոզված եմ, որ մեր քաղաքացիների օգնությամբ, մենք տեսանելի ապագայում կհասնենք դրան, մինչ այդ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր իմ գործընկերներին, որոնք այս ընթացքում սկզբունքային պայքար մղեցին այս օրենքի ընդունման եւ ստորագրման դեմ՝ այն առնվազն հնարավորություն տվեց հասարակության համար բացահայտել այս օրենքի վտագները, եւ հիմքեր նախապատրաստեց դրանք հետագայում չեզոքացնելու համար»: