Արսինե, «Թավշյա խայտառակությունը» նկարելու հնարավորություն ունեք
Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի Արսինե Խանջյան
«Թավշյա խայտառակությունը» վերնագրով ֆիլմ նկարելու հնարավորություն ունեք: Չէ որ Ձեր հայտնի տեսախցիկի հետ միասին Դուք Հայաստանում հայտնվում եք մեծ խառնակչությունների ժամանակ: Հիմա բազմահազար հայաստանցիների մոտ հարց է առաջանում. ինչու՞ է Արսինե Խանջյանն ամենօրյա ռեժիմով քարոզում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության մասին ֆիլմը, ամեն կերպ կինոփառատոններ խցկում այդ ֆիլմը, բայց չի ցանկանում ֆիլմ նկարել դրա հետևանքների, ավելի կոնկրետ` թավշյա խայտառակության մասին:
Այն խայտառակության, որ Արսինե Խանջյանն ու իր նմանները փաթաթեցին Հայաստանի քաղաքացու վզին ու վերադարձան իրենց հայրենի եզերքները: Հիմա Հայաստանում խայտառակ ժամանակներ են, և կա արդարացի հանրային պահանջ, որ հենց Դուք սերունդների համար վավերագրեք այս մեծ խայտառակությունը: Ինչու՞ Դուք, որովհետև սա Ձեր հրահրած, սա Ձեր երազած խայտառակությունն է, և Ձեզանից լավ ոչ մեկն այդ ֆիլմը չի նկարի ու չի խցկի տարբեր միջազգային կինոփառատոներ:
Ձեզանից լավ ոչ մեկ վավերագրական ֆիլմ չի ստեղծի նրա մասին, թե ինչպես ժողվարչապետի գլխավորությամբ Դուք և հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերներն իշխանությունը զավթելուց հետո ընդամենը երկու տարվա ընթացքում փչացրեցիք հարաբերությունները բոլորի` Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի հետ, բայց լավացրեցիք հարաբերությունները Ադրբեջանի «կիրթ» և «կառուցողական տրամադրություններ ունեցող» նախագահի հետ: Ինչպես Սահմանադրական դատարանը զավթելու համար շան տեղ չդրեցիք կորոնավիրուսի համաճարակը, հետո խայտառակ ձախողեցիք կորոնավիրուսի դեմ պայքարն ու այս պահի դրությամբ 45 մարդու գլուխ կերաք` ձեռքի հետ էլ ոչնչացնելով հայկական տնեսությունն ու սովի շեմին հասցնելով մի ողջ ժողովրդի:
Ինչպես էիք Դուք ու հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները ընդգծված ցինիկությամբ ու բացահայտ լկտիությամբ մայիսյան եռատոնի օրերին դատում այդ երեք տոներից երկուսը կերտած մարդկանց: Ինչպես Ձեր ժողովրդավարության բաստիոն ներկայացող ընկերները Ազգային ժողովում ոհմակով ծեծեցին քննադատական խոսք ասող պատգամավորին, և ինչպես Ձեր ժողվարչապետն արդարացրեց այդ ծեծը` ոհմակով հարձակվելու, իր սարեցի բարեկամ Ղալումյանի և տարիներով սոռոսական կանտոռաներում ժողովրդավարությունից ու կոռուպցիայի դեմ պայքարից խոսացող Մանուկյանի թիկունքից խփելու հանգամանքներով հանդերձ: Ինչպես է Ձեր ժողվարչապետը փորձում այլախոհներից փող և քաղաքական լռություն շորթել քրեական հետապնդումներ չիրականացնելու շանտաժով:
Ինչպես է Ձեր ժողվարչապետը երկու տարի թաքցնում բոլորից, որ փուլային տարբերակ է բանակցում` հայ զինվորի արյամբ ազատագրված տարածքները ոչնչի դիմաց Ադրբեջանին հանձնելու համար: Հարգելի Արսինե Խանջյան, կարծու՞մ եք` Դուք այս ամենի համար պատասխանատվություն չեք կրու՞մ: Ո՞նց եք կարծում. Հայաստանը որբի գլու՞խ է, որ Ձեր նման գաստրալյորները երբ ուզեն խուզեն ու հեռանան` իրենց արածի համար պատասխանատվություն չկրելո՞վ: Չարաչար սխալվում եք: Հիմա կամ Դուք եք վավերագրական ֆիլմն նկարելու այս ողջ խայտառակության մասին կամ շատ մոտ ապագայում Ձեր մասին են ֆիլմ նկարելու` «Խառնակիչներն արտասահմանից» վերնագրով: Լավ մնացեք, մտածեք, ծանր ու թեթև արեք, ու ամենակարևորը` հպարտ ու դուխով, հպարտ ու դուխով…»։