12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թողեք մարդիկ իրենց գործն անեն.հորդորում է պատգամավորը

Բազմիցս տարբեր առիթներով նշել եմ ՝ Արտաքին քաղաքականության ամբողջական հանրայնացումն ու վերլուծությունը վտանգավոր է, իսկ քննարկումը միայն թշնամու ջրաղացին է ջուր լցնում..
Գաղտնիք չէ, որ հայկական մեդիայում պատվիրված եւ ակհնայտ զրպարտելու միտումով հոդվածների եւ ոչ պրոֆեսիոնալ վերլուծությունների պակաս չի զգացվում  Դա առավել ցայտուն դրսեւորվեց վերջին շրջանում սահմանին լարվածության աճի ժամանակ ԱԳՆ հասցեին հնչող քննադատություններում: Մի շարք հեղինակներ իրենց հոդվածներում փորձ են անում ԱԳՆ ներկայացնել որպես պարապուրդի մատնված կառույց, որպես արդյունավետության զրոյական ցուցանիշ ունեցող կառույց: Լայնորեն տարածվող եւ դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների այբուբենին խորթ “թեզերից” բացի շատ հաճախ էլ ԱԳՆ-ից ակնկալում են այնպիսի գործառույթների իրականացում, որոնցով պետք է զբաղվեն լրատվամիջոցները:

Նման հոդվածների հեղինակները, դրանք հրապարակող ԶԼՄ-ները եթե իրենց առջեւ խնդիր են դնում նպաստել ՀՀ արտաքին քաղաքականության առավել ակտիվացմանն ու արդյունավետության առավել բարձրացմանը, ապա հոդվածը տպագրելուց հետո գոնե թող իրենց հարց տան, թե ինչքանով նպաստեցին իրենց առջեւ դրված խնդրի կատարմանը, կամ ընդհանրապես նպաստեցին, թե ոչ: Իսկ եթե չկա այս հարցին դրական պատասխան, եւ նրանք շարունակում են գրել նույն ոգով, ապա ուղղակիորեն հաստատվում է այն, որ տվյալ հոդվածների նպատակը միմիայն կառույցը սեւացնելն է, ոչ ավելին: Իհարկե, ասվածից չի հետեւում, որ ԱԳՆ անթերի կառույց է, կամ յուրաքանչյուր նախաձեռնություն հարյուր տոկոսանոց արդյունք է ապահովում: Հարցն այստեղ նրանում է, որ բոլորս ենք հասկանում մեր առջեւ հառնած մարտահրավերները, բայց ոչ բոլորս ենք ձգտում ադեկվատ գնահատականներ տալ:

Ժողովրդական իմաստությունն ասում է, որ նայելն ու տեսնելը տարբեր երեւույթներ են: Գուցե իրենց լուրջ վերլուծաբաններ համարող որոշ հոդվածագիրներ նայում են ՀՀ արտաքին քաղաքականության, այդ թվում ԱԳՆ ուղղությամբ, բայց միանշանակ է, որ չեն տեսնում: Այլապես, ինչպես կարելի է բացատրել, որ ԱԳՆ-ին պարապուրդի մատնված կառույց որակող լրագրողները զլանում են տեսնել ԱԳՆ գործունեության անգամ երեւացող մասը, բազմաթիվ ելույթները, հայտարարությունները, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող տարբեր հարցերի հետ կապված միջազգային կառույցների վերաբերմունքը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հենց հայկական դիվանագիտական համակարգի գործունեության արդյունք են: Որպես օրինակ վերցնենք հենց տխրահռչակ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու վերաբերյալ աշխարհի տարբեր ծայրերից դատապարտող արձագանքները։

Բնականաբար, դիվանագիտության յուրահատկությունն այն է, որ նրա մեծ մասը իրականացվում է մասնակի հրապարակայնության կամ էլ հաճախ գաղտնիության պայմաններում, իսկ դրական կամ բացասական արդյունքն էլ միայն երեւան է գալիս տարիների համառ աշխատանքի արդյունքում: Սակայն, եթե մեր անհամբեր, բայց միեւնույն ժամանակ հավակնոտ լրագրող-վերլուծաբան-քաղաքական գործիչները չեն ցանկանում որեւէ կերպ ընդունել այս ճշմարտությունը, ապա լավագույն դեղամիջոցը նրանց արդեն խրոնիկ դարձած հիվանդության համար կլինի այն, որ պարզապես նայեն վերը նշված երեւացող հատվածը եւ գոնե փորձեն մատնացույց անել այստեղ եղած թերությունները:

Քննադատական դաշտում աչքի ընկած մի շարք լրատվական միջոցներ ԱԳՆ-ի վրա ցեխ շպրտելուն զուգահեռ նշում են նաեւ, որ այնտեղ աշխատում են լուրջ պրոֆեսիոնալներ: Եվ ուրեմն թողեք` պրոֆեսիոնալները իրենց գործը անեն, որը, հավատացած եղեք, լրագրողներից լավ գիտեն:

Հ.Գ. արդեն պատրաստվում էի հրապարակել այս հոդվածը, երբ հերթական քննադատական նյութն աչքովս ընկավ, թե ԱԳՆ-ն բան չի անում Կարեն Պետրոսյանի սպանության գործով։ Հետաքրքիր է, հրապարակման հեղինակն ինքն իրեն հարց տվել է, իսկ արդյոք այսօր ԱԳՆ աշխատանքների հրապարակայնացումը կխոչընդոտի նրա Պետրոսյանի դիակի վերադարձին։

Նաիրա Կարապետյան

Ազգային ժողովի պատգամավոր

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ