Քաջարանն ընդդեմ Կապանի, Ծաղկաձորն ընդդեմ Չարենացավանի
Հայաստանի 2015 թ-ի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարած մրցույթին այս տարի հայտ է ներկայացրել 6 քաղաք՝ Եղեգնաձոր, Ծաղկաձոր, Ստեփանավան, Չարենցավան, Կապան եւ Քաջարան: Բացի այն, որ առցանց կարելի է քվեարկել այս կամ այն քաղաքին, նաեւ հանձնաժողովն է լինում տեղում, հետաքրքրվում ներկայացված փաթեթներով: Առցանց քվեարկության արդյունքներով օգոստոսի 14-ի դրությամբ Ստեփանավանը ստացել է 47, Քաջարանը՝ 39, Կապանը՝ 7, Չարենացավանը՝ 6, Եղեգնաձորը՝1 տոկոս, իսկ Ծաղկաձորի օգտին քվեարկել է 232 մարդ:
Հետաքրքիր է, որ Կոտայքի եւ Սյունիքի մարզերից հայտ են ներկայացրել երկուական քաղաքներ: Ըստ մեր աղբյուրների, Կապանը ցանկացել է հրաժարվել պայքարից՝ իր քվեները տալով Քաջարանին: Սակայն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի” տնօրեն Դավիթ Հայրապետյանը Henaran.am-ի հետ զրույցում բացառեց, որ նման բան կարող է լինել:
“Ուղղակի մրցույթի ձեւաչափը դա թւոյլ չի տալիս: Մինչ հայտերի ներկայացնելը մենք համայնքներին պարզաբանել ենք մրցույթի մանրամասները: Համայնքի ղեկավարները պիտի իրար մեջ թերեւս բանակցեին եւ ի սկզբանե մեկ քաղաք ներկայացնեին, որպեսզի ձայները չկիսվեն”,-ասաց նա:
Ի դեպ, եթե Կապանը հրաժարվի մրցույթից, ապա նրա քվեները որեւէ քաղաքի ձայների չի գումարվելու: Դավիթ Հայրապետյանը նաեւ նշեց, որ բացի առցանց քվեարկությունը, ամփոփմանը մեծ տեղ է ունենալու անեւ մրցութային հանձնաժողովի ուսումնասիրությունները:
Հիշեցնենք, որ այս տարվա երիտասարդական մայրաքաղաքը Սիսիանն է: Արդյո՞ք կհաջողվի Սյունիքին պահել տիտողոսը՝ կպարզվի սեպտեմբերին:
Լուսանկարը Henaran.am-ի պահոցից