23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զոհրաբ Մնացականյանը լավ գիտի, թե ինչ ինֆորմացիայի ենք մենք տիրապետում. Արմեն Աշոտյան

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը:

-Պարոն Աշոտյան, նախօրեին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կրկին անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ փուլային տարբերակը բանակցային սեղանին լինելու մասին հայտարարությանը եւ ասաց, որ եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համաչափությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։  Ըստ էության, ԱԳ նախարարը կրկին , չհերքե՞ց այս տարբերակի գոյությունը բանակցային  սեղանին:

– Լավրովի հայտարարությունից հետո հայ հասարակության, քաղաքական  շրջանակներում դեռ կար միամտություն, որ Լավրովը մոլորեցնում է եւ Նիկոլ Փաշինյանը կամ գոնե Զոհրաբ Մնացականյանն ուղիղ տեքստով կհերքեն այդ հայտարարությունը: Իրականությունը ուրիշ բանի մասին էր եւ այն էր, որ  Ռուսաստանի ԱԳ նախարարը բացահայտեց ղարաբաղյան  բանակցությունների շուրջ ընթացող այն գործընթացները, որոնց մասին այս իշխանությունները ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկու տարի անընդմեջ մոլորեցնում էր հայ հասարակությանը՝  պարբերաբար պնդելով, որ բանակցություններ չկան, փաստաթուղթ չկա, բայց, ինչպես տեսանք, ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը ոչ միայն չհերքվեց, այլ փաստացի,  ՀՀ ԱԳ նախարարի երեկվա՝ ծավալուն, մոլորեցնող եւ խուճուճ  գնահատականների մեջ կարմիր  թելով անցնում էր մի ենթագիտակցական միտք, որ Լավրովը ճիշտ է, իսկ Նիկոլը ստում էր։

Սա, իհարկե, ամենավատ նորություններից մեկն էր, որ  կարելի էր ունենալ Հայաստանում: Արցախի հետ կապված բանակցային ֆիասկոն կանխատեսելի էր դեռ երկու տարի առաջ, եւ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի մեծամիտ ու ամպագոռգոռ հայտարարություններից հետո, օրինակ, ես իմ կետի եմ սկսում բանակցությունները եւ այլն, մտահոգությունները միայն խորացնում էին , պարբերական հանդիպումները, որոնց մասին այս իշխանությունները միայն դեկորատիվ, արարողակարգային  դետալներ էին պատմում , իսկ բովանդակությունից ՝ ոչինչ, իրականում, փաստորեն 2018 թվականի ապրիլի 23-ից հետո հանդիսանում էին Արցախյան բանակցություններում շրջադարձային փոփոխությունների մեկնարկի մասին տեղեկություններ: Անտաղանդ կերպով որոշ իմքայլականներ, իրենց սպասարկող իբր փորձագիտական  շրջանակներ փորձում էին մեղքեր գցել նախորդ իշխանությունների վրա, բայց ՀՀԿ հայտարարությունը, մեր հանրային գնահատականները ապացուցում  էին այն հանգամանքը, որ եթե Սերժ Սարգսյանը բանակցեր փուլային տարբերակ, ապա այսօր մեծ-մեծ խոսացողները իրենց պաշտոններին չէին լինի:

-Բայց  ԱԳ նախարարը հայտարարում է, որ մեր դիրքերը հիմա առավել ամուր են, քան նախկինում եւ 2016-ի ապրիլյան զարգացումները բացառված են:

– Զոհրաբ Մնացականյանը ավելի զգուշավոր էր նախորդ իշխանություններին  քննադատելիս այս անգամ, որովհետեւ  լավ գիտի, թե ինչ ծավալի ինֆորմացիայի ենք մենք տիրապետում, լավ գիտի իրականությունը եւ, ի տարբերություն տարբեր մանրապճեղ պատգամավորների , շատ ավելի զուսպ էր խոսում նախորդ իշխանության թողած ժառանգության մասին: Իրականության մեջ փաստը մնում է փաստ, որ նախորդ իշխանությունների օրոք այնպիսի  բանակցային  գործընթաց էր, որ Լուկաշենկոյի  հավաստմամբ, իրենք ՝ Պուտինի հետ, առաջարկում էին Սերժ Սարգսյանին ազատել  5 շրջանները, Սերժ Սարգսյանը մերժել էր այդ տարբերակը եւ Ալիեւը իր կառավարության նիստին խոստովանել էր, որ իր վրա ճնշում են գործադրել Արցախի անկախությունը ճանաչելու հարցում: Դե, ստացեք այս գնահատականները եւ յուրաքանչյուրը մեկ ականջի վրա օղ արեք, հիշեք՝ հանրային –քաղաքական գնահատականների մասով սա էր բանակցային գործընթացը Սերժ Սարգսյանի ժամանակ:

-Պարոն  Աշոտյան, Լավրովի հայտարարությունների, այդ թվում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ  ու դրանց շուրջ  Փաշինյանի լռության ֆոնին ներքաղաքական հետապնդումների նոր ալիք է բարձրացել երկրում: Կապ տեսնո՞ւմ եք:

-Սկսենք հայ –ռուսականից: Զոհրաբ Մնացականյանը  փաստացի հաստատեց ՆԻկոլ Փաշինյանի այն պնդումը, որ հայ-ռուսական հարաբերություններն իրոք, աննախադեպ են, բայց աննախադեպ են ավաղ, իրենց բացասական գնահատականի մեջ: Իմ հիշողության մեջ առաջին անգամն է, որ ՀՀ որեւէ ԱԳ նախարար բարձրաձայնի այն հանգամանքը, որ հայ-ռուսական  հարաբերություններում կան խնդիրներ:  Եվ դա ոչ թե իրենց ազնվությունից է գալիս, այլ հայ-ռուսական հարաբերություններում երկու  տարի շարունակ եղել են այդ խնդիրները, իսկ իրենց ինքնախոստովանությունը եղավ միայն այսօր: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծավալի են դրանք, որ  թաքցնելու որեւէ ձեւ այս իշխանությունն  այլեւս չունի: Բացատրությունը, որ եթե խնդիրներ չլինեին, ապա այդտեղ պետք է պրոբլեմ լիներ, ինձ  հիշեցնում է ռուսական ասացվածքը՝ «Бьет – значит любит»:

Կա՞ մեկը, որ հավատում է դրան: Ինչ վերաբերում է ներքաղաքական  ռեպրեսիաների նոր ալիքին, Փաշինյանի մոտիվացիան բազմաշերտ է, առաջինը , կառավարության կողմից տապալված հակահամաճարակային  քաղաքականությունը եւ առողջապահական բազմաթիվ խնդիրներ են առաջացրել, եւ սոցիալական՝ կապված տնտեսության կաթվածահար վիճակի հետ: Հարյուր հազարավոր դժգոհ մարդկանց բերանը Փաշինյանը իր լայվերով փակել չի կարող: Իհարկե, այստեղ նշանակություն ունեն նաեւ ղարաբաղյան բանակցային ճակատում սկանդալային մերկացումների ֆոնին  ներքաղաքական բուռն քննարկումները, բայց ուզում եմ շեշտել՝ առաջին նպատակն է լռեցնել քաղաքական  մրցակիցներին, որոնք այս իրավիճակում՝ կորոնավիրուսային եւ արցախյան բանակցությունների ճգնաժամային իրավիճակում կարող են  լուրջ գործընթացներ սկսել, երկրորդը՝ վախեցնել հնարավոր մրցակիցներին եւ երրորդը, քանի որ  ժողովրդին հաց տալ Փաշինյանը չի կարող, փորձում է կերակրել տեսարաններով: Բայց ես վստահ եմ, որ երեխաներին կերակրելու խնդիր ունեցող հայ ընտանիքը չի կարող «կշտանալ» նրա բեմադրած հակակոռուպցիոն շոուներով , դրանով ստամոքս չես լցնի, երեխայի համար կոշիկ չես առնի, սոցիալական  բեռը չես թեթեւացնի: Այդ ռեպրեսիվ գործողությունները վկայում են, որ փաշինյանը ցայտնոտային վիճակի մեջ է , իր էմոցիոնալ վիճակն էլ կայուն չէ, ներիշխանական տարբեր խլվլոցներին  մասին արտահոսքերն էլ դարձել են ինտենսիվ եւ վստահելի, այսինքն, Փաշինյանն իր իշխանության համակարգային կոլապսի եզրին է կանգնած:

-Վերադառնալով բանակցություններին, ասում եք, Զոհրաբ Մնացականյանը փաստացի ասաց, որ Լավրովը ճիշտ էր: Սա ի՞նչ է նշանակում:

-Փաստացի նա ասաց, որ  կան բանակցություններ, փաստացի ընդունեց, որ կա փաստաթուղթ , փաստացի այդպես էլ մենք չլսեցինք ԱԳ  նախարարի կամ առավել եւս վարչապետի  շուրթերից, որ նրանք բացառում են փուլային տարբերակը: Լավրովի  ռազմավարությունը, մասամբ աշխատեց, որովհետեւ, կարծում եմ, համանախագահող երկրները հոգնել էին այս երկու տարվա մուկն ու  կատու վիճակից, երբ ՀՀ իշխանությունները դրսում մի բան են ասում, ներսում՝ այլ : Լավրովը, կարծում եմ, փորձեց նույնականացնել դրսում եւ ներսում Արցախի  շուրջ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղերձները, ինչը, իհարկե, պետք է  արձանագրենք,  հստակ մարտահրավերներ է պարունակում Արցախի եւ Հայաստանի ապագայի համար:

Աղբյուր` Փաստինֆո

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ