23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փուլայի՞ն թե՞ փաթեթային տարբերակ․ Լավրովի հայտարարության հետքերով․ «Ժողովուրդ»

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 22-ին արած հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին, գրել էր. «Փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ կապերի ապաարգելափակում»:

Սակայն ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի երեկվա հայտարարությունը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին միանգամայն հակառակն էր: Անդրադառնալով հարցին՝ ի վերջո Հայաստանի համար ընդունելի է խնդրի կարգավորման փուլային, թե փաթեթային տարբերակը՝ նախարարը հայտարարեց. «Մեզ համար չափազանց էական է ձեւավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են եւ վերահսկվում են: Կրկնում եմ, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն ավելի մեծ չափով է իրականացնում իր պարտավորությունները՝ չստանալով համադրելի քայլեր մյուս կողմից, խախտում է իր անվտանգային դիրքերը: Նման իրականացումն անհնար է»: Այսպիսով, ՀՀ արտգործնախարարը, ըստ էության, հերքեց Սերգեյ Լավրովին:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս թեմայի շուրջ զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ, որի տեսակետը եւս համընկավ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի խոսքի հետ:

«Որպեսզի կարողանամ մեկնաբանել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, պետք է լսել նրան եւ հասկանալ՝ ինչպես է նա տեսնում հարցի կարգավորումը, եւ միայն դրանից հետո մենք կկարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում: Ես լիովին հասկանում եմ, որ արցախյան հակամարտության սկզբունքներն ակնհայտ են, եւ դրա համար Լավրովի կամ մեկ այլ անձի հայտարարություն պետք չէ:

Պետք է լինի գործարք, որը, սակայն, չի ստացվում իրականացնել: Ես մինչեւ վերջ չգիտեմ, թե ինչ նկատի ուներ Լավրովը, սակայն կարծում եմ՝ արցախյան հակամարտության լուծումը կունենա փաթեթային լուծում, քանի որ կողմերը միմյանց չեն վստահում»:
Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես կգան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ փորձելով ե՛ւ երկրորդել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, ե՛ւ բացատրել իրավիճակը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ