17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պարոն նախագահ, Ձեր քայլը պետք է տարբերվի «Իմ քայլից»

Համաճարակով պայմանավորված՝ նոր աշխարհում մարդու իրավունքները և հումանիզմը անկյունաքարային թեմաներ են դառնում։ Պետությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, առաջադեմ գործիչներ, հեղինակավոր միջազգային կազմակերպություններ և իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարություններով, կոչերով՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։Ձևակերպվել են սկզբունքներ, հստակ մոտեցումներ՝ ուղղված առավել խոցելի և ռիսկային խմբերի, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվողների իրավունքների պաշտպանությանը, քանի որ պետությունները պոզիտիվ պարտականություն են կրում ՔԿՀ-ներում գտնվողների իրավունքների պաշտպանության հարցում։ Տարբեր պետություններում, առաջնորդվելով այս սկզբունքներով, դրսևորելով մարդասիրական մոտեցում, ՔԿՀ-ներում գտնվող բազմաթիվ անձանց ազատել են կալանքից։ Սկզբունքը եղել է խտրականության բացառումը՝ հիմք ընդունելով տարիքային և առողջական առանձնահատկությունները։

Տարբեր երկրներում այս ամենը կատարվել է իրավապաշտպանների ակտիվ ազդեցության, երկրի առաջադեմ հանրային, քաղաքական գործիչների հետևողական վերահսկողության պայմաններում՝ բոլոր նրանց, ովքեր փորձում են նպաստել համավարակի ծանր հետևանքների կառավարման ծանր գործին։

Ձեր ելույթներում և հրապարակային խոսքում Դուք՝ որպես ՀՀ նախագահ, մասնակիցն եք առաջադիմական պրոցեսներին, Դուք խոսում եք ապագայի բանաձևերով և հանդես եք գալիս որպես հումանիզմի և վեհության ջատագով։

 

Այսօր՝ համաճարակի օրերին, մայիսի 9-ի նախօրյակին եկել է այն պահը, երբ Դուք հնարավորություն ունեք տեսական գաղափարների դաշտից անցում կատարել իրական կյանք։ Սա բացառիկ հնարավորություն է՝ ապացուցելու, որ հումանիզմը Ձեզ համար տեսություն չէ, այլ՝ էություն։

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ իրականացվող դատական «վրեժը» ծաղր է արդարադատության հանդեպ։ Բայց այսօր նույնիսկ դրա մասին չէ խոսքը։ Նույնիսկ իշխանության անթաքույց միջամտությունների մասին չէ խոսքը. ակնհայտ է, որ դատարանները գտնվում են ինտենսիվ ճնշման ներքո։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է։

Խոսքը նախագահի հեղինակությամբ պայմանավորված կոչի, հայտարարության մասին է՝ առանց խտրականության քրեակատարողական հիմնարկներում գտնվող ռիսկային խմբերի խափանման միջոցի, առանձին դեպքերում՝ նաև պատժի վերանայման վերաբերյալ։ Դա կլինի միջազգային հանրության մղումներին համահունչ քայլ՝ համաճարակի և մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների պայմաններում։ Դա կլինի ավելի լավ որակի, ավելի հանդուրժող հասարակություն ունենալուն միտված քայլ։

Մայիսի 8-ին՝ շաբաթներ ի վեր անհարկի ձգձգումից հետո, դատարանը պետք է քննարկի ՀՀ նախկին վարչապետերի միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու մասին։

Նրանցից յուրաքանչյուրը մեր պետության շրջադարձային փուլերում ունեցել են բացառիկ դերակատարում։ Նրանք գործիչներ են, որոնց շնորհիվ մեզ հաջողվել է անհավանական թվացող իրավիճակներում պահել և զարգացնել պետությունը։ Ճակատագրի հեգնանքով՝ միջնորդության քննարկումը տեղի է ունենալու Շուշիի ազատագրման օրը։

Օրվա խորհրդին և այս նոր ժամանակների տրամաբանությանը համահունչ կլինի Ձեր քայլը՝ առաջնորդվելով հումանիզմի, մարդու իրավունքների և օրենքի գերակայության բարձր գաղափարներով՝ կոչ անել՝ փոխելու երկրորդ նախագահի խափանման միջոցը։

Նման կոչով արդեն հանդես են եկել նախագահներ, վարչապետեր, ազատամարտիկներ, մտավորականներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և այլոք։ Արեք այնպես, որ Ձեր քայլը տարբերվի «Իմ քայլից»։ Դա պատմության համար կարևոր է։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ