23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գիտեմ, որ այս պահին ձեզնից շատերը փրկօղակ են որոնում. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Աշխատանքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Աշխատանքի օրն է:

Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով:

Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին հիվանդանոցը թե՛ տուն է, թե՛ ընտանիք: Նրանք արժանի են ամենաբարձր գնահատականի, այդ թվում՝ նաև պետության կողմից հատուկ վերաբերմունքի և պարգևի:

Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին աշխատում են սովորականից ավելի ծանրաբեռնված, առանց տրտնջալու: Նրանք գիտակցում են, որ իրենց ամեն մի լրացուցիչ ջանք կարող է առնվազն մեկ կյանք փրկել, մեկ ընտանիքի համար հաց ստեղծել, նպաստել քաղաքացու և երկրի անվտանգության պահպանությանը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ձեզնից ոմանք ժամանակավորապես կտրվել են աշխատանքից, ոմանք կորցրել են աշխատանքն՝ իրենց ամենօրյա ապրուստի միակ միջոցը: Հասկանում եմ ձեր ընտանիքների վիճակը և կիսում եմ ձեր մտահոգությունները: Հասկանում եմ, թե այս իրավիճակում ինչ է նշանակում մնալ առանց աշխատանքի:

Գիտեմ, որ այս պահին ձեզնից շատերը փրկօղակ են որոնում: Պետության աջակցության կարիք կա, նաև միմյանց ձեռքն ամուր բռնելու կարիք կա, որովհետև առանց իրար օգնելու չենք կարող առաջ շարժվել, առավել ևս՝ արտակարգ իրավիճակում: Դուք բոլորդ աշխատանքի մարդիկ եք, աշխատանք սիրող մարդիկ: Եվ բնավ կապ չունի, թե, արտակարգ իրավիճակով պայմանավորված, որտեղ եք այս պահին՝ տանը մեկուսացա՞ ծ, թե՞ շինհրապարակում, վիրահատական սեղանի առա՞ ջ, թե՞ գիտական թեզը շարունակելիս, ծառայության մեջ ե՞ք, թե՞ սպասում եք գործատուի զանգին:

Այսօր անգամ ամենազարգացած և հարուստ երկրներում սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացել: Մենք նույնպես գտնվում ենք բարդ կացության մեջ: Մի կողմից՝ համավարակն իր հետևանքներով, մյուս կողմից՝ տնտեսական ու ֆինանսական խնդիրները, և դրանց կողքին՝ սոցիալական, մարդկային խնդիրները: Բոլոր դեպքերում էլ պետությունն առաջին հերթին և մենք բոլորս անելիք ունենք։

Իրավիճակից ելքը պետություն-գործատու-աշխատող եռանկյունում է, որը պետք է լինի կուռ ամբողջություն: Սակայն լուծման ուղին առաջին հերթին պատասխանատվությունն է, կարգապահությունը, զգոնությունը և նաև հոգատարությունն աշխատող մարդու նկատմամբ, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարենք համավարակը և վերադառնանք բնականոն կյանքի:

Մենք սովոր ենք դժվարություններ հաղթահարել, և այսօր էլ դա պետք է անենք միասին: Իսկ հաղթահարելը նույնպես աշխատանք է, որը ոչ ոք մյուսի փոխարեն չի կարող անել:

Եղեք ամուր, եղեք հաստատակամ:

Առողջություն, ուժ և կորով ձեր մտքին, հոգուն ու մարմնին:

Ամենայն բարիք ձեր տանն ու ընտանիքներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ