Չհանգստանալը` ասթենիկ սինդրոմի պաշտճառ
Ֆիզիկական ակտիվությունը շատ կարեւոր է: Ծանր աշխատանքային տարուց հետո կարելի է մեկ-երկու օր քնել-ուտելով հանգստանալ, բայց այնուհետ անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն դրսեւորել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի սրտային անբավարարության բաժանմունքի գիտական ղեկավար Լիանա Թումասյանը:
Նրա խոսքով, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ֆիզիկական ակտիվությունը բերում է սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի եւ անգամ հոգեկան հիվանդությունների նվազման: Բժշկի խոսքով, հայերի հինգ, տասը տոկոսը կնախընտրի հանգստի ժամանակ ֆիզիկական ակտիվություն դրսեւորել, ինչը, սակայն չափազանց կարեւոր է: Օրինակ, ինֆարկտ տարած մարդուն խորհուրդ է տրվում օրական հինգ կիլոմետր արագ քայլել:
Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով էլ հոգեբանության մեջ գոյություն ունեցող ուղղությունը` հանգստի հոգեբանությունը, ի տարբերություն աշխատանքի հոգեբանության, լավ ուսումնասիրված չէ, թեեւ անգամ Աստվածաշնչում է ասվում, որ շաբաթվա յոթերորդ օրը անպայման պետք է հանգստանալ, մինչդեռ մարդիկ կան, որ տառապում են աշխատանքամոլությամբ:
Հոգեբանի խոսքով, մարդը չի զգում , որ գերհոգնած է, բայց հանկարծ, դա այսպես ասած, դուրս է գցում` ասթենիկ սինդրոմի տեսքով, երբ մարդը դառնում է գերլարված, ամեն ինչ նյարդայնացնում է նրան:
Հանգիստը, Սամվել Խուդոյանի խոսքով, անհատական է: Սովորաբար, միջավայրի եւ ստերեոտիպերի փոփոխութունն է հանգստի բերում, երբ օրինակ մարդն աշխատում է ֆիզիկական լարվածությամբ, նրան պետք է պասիվ հանգիստ, իսկ մտավոր աշխատանքով զբաղվողներին`ընդհակառակը, ակտիվ հանգստ է հարկավոր: Իսկ հանգստի ժամանակը պայմանական է եւ խիստ անհատական, բայց այն նվազագույնը պետք է ձգվի մինչեւ մեկ շաբաթ:
Հոգեբանի խոսքով, լավ հանգստից հետո նաեւ լավ ու արդյունավետ աշխատանքն է երաշխավորված: Շաբաթ օրն աշխատելը եւս բացասաբար է ազդում առողջության վրա: “Մեր գործատուները մինչեւ վերջ քամում են` դու մինչեւ տասներկու ժամ պիտի աշխատես, դա օրենքի խախտում է եւ աշխատողի առողջությունից է դուրս գալիս”,-նշում է Սամվել Խուդոյանը:
Չհանգստանալը, մասնագետների խոսքով, բացասաբար է ազդում մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա: Դրա թիվ մեկ հետեւանքն ասթենիկ սինդրոմն է ` թուլություն, գերհոգնածություն, ինչը հանգեցնում է սթրեսի, իսկ վերջինս էլ ` սիրտանոթային հիվանդությունների: Սթրեսը, Սամվել Խուդոյանի խոսքով, խփում է թույլ տեղին: