Միասնական թեկնածուն չի կարող հաղթել, որովհետեւ գործող իշխանությունն ուժեղ է. Վարդան Բոստանջյան /վիդեո/
ԱԺ 4-րդ գումարման ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը հավատարիմ է իր այն տեսակետին, թե 2013թ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին չսատարելու հիմքեր չունի:
Այս մասին իր մոտեցումը Վարդան Բոստանջյանը վերահաստատել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: “Դա անձնական կարծիք է: Ես մնում եմ դրան հարազատ”,-ասել է Վարդան Բոստանջյանը:Նա անդրադարձել է նաեւ միասնական թեկնածուի մասին հարցին եւ անհավանական է համարել, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում գործող միասնական շտաբի անդամ քաղաքական ուժերի միասնական թեկնածուն, եթե այդպիսին լինի, հաղթի նախագահական ընտրություններին:
“ Եթե անգամ հաջողվի ձեւավորել միասնական թեկնածու, դա որեւէ էական նշանակություն չի կարող ունենալ մեր երկրի զարգացման համար, որովհետեւ այս ընդդիմադիր ուժերը չեն կարողացել հասնել այն մակարդակին, որ արտահայտեն հասարակության լայն զանգվածների ցանկությունները, սպասելիքները, իղձերը եւ այս պարագայում ձեւավորած միասնական թեկնածուն լիրիկական բնույթ կկրի”,- համոզմունք է հայտնել Վարդան Բոստանջյանը եւ հավելել.
” Եթե անգամ դրսից հրավիրեն մի քանի ուժեր եւս, կարծում եմ, որ միասնական թեկնածուի հաղթելու մասին խոսք գնալ չի կարող”: Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք ՀՀԿ-ն է արտահայտում հասարակության իղձերը, Վարդան Բոստանջյանը պատասխանել է.”Թեեւ չի կարելի հրովարտակային ասել, բայց ամեն դեպքում, եթե հասարակությունը շատ ձայներ է տվել, ուրեմն ավելի շատ հակված է ՀՀԿ-ին”:
Վարդան Բոստանջյանի կարծիքով իրավիճակն է այդպիսին` միասնական թեկնածուն չի կարող հաղթել, որովհետեւ գործող իշխանությունն ուժեղ է:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետ ԲՀԿ-ի կապին, Վարդան Բոստանջյանն ասել է, որ 2006թ.-ից մինչեւ օրս ինքն այդ կապը չի նկատել: Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին հարցին, Վարդան, Բոստանջյանն ասել է, որ կառավարման համակարգում գտնված մարդիկ, գրեթե միշտ մինչեւ վերջ գտնվում են այդ համակարգում:Վարդան Բոստանջյանը դժվարացել է նշել, թե կսատարի արդյոք ԲՀԿ-ն Քոչարյանի վերադարձին:
http://www.youtube.com/watch?v=auo4Bx0WiO0&feature=youtu.be