24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում մեկ ամսով՝ մինչև ապրիլի 16-ը հայտարարվեց արտակարգ դրություն /Ուղիղ/

Այսօր՝ ժամը 17։00-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 9։00-ը Հայաստանի Հանրապետությունում  հայտարարվում է արտակարգ դրություն: Որոշումը կայացրեց կառավարությունը՝ արտահերթ նիստի ընթացքում: 

Արտակարգ դրությունը պայմանավորված է կորոնավիրուսի վարակով: 

Որոշումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը,

հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահմանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից,

հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին չանցնելու և համապատասխան ախտանիշների առկայության դեպքում բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,

հիմք ընդունելով այն, որ Սահմանադրության 120-րդ հոդվածը Կառավարությանը լիազորում էթույլ է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի՝ Սահմանադրության հոդված 1-ով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության (հոդված 27), ազատ տեղաշարժվելու իրավունքի (հոդված 40), հավաքների ազատության (հոդված 44), սեփականության իրավունքի (հոդված 60) և արտակարգ դրության ժամանակ Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածներով` 8-րդ հոդվածը լրացնել

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ն, ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:
2. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` Պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին (այսուհետ` Պարետ):
3. Պարետատան կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատում է պարետը:
4. Պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովում է վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:
5. Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական և ինքնավար մարմինների, կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համայնքների ղեկավարները:
6. Պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ղեկավարների և ներկայացուցիչների համար։
7. Սահմանել արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի գործադրման շրջանակները` համաձայն հավելված N 1-ի:
8. Սահմանել, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ