Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը կլինի նաև Հայաստանի վրա
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ եթե Եվրամիությունը որպես պատժամիջոց դադարեցնի երկակի նշանակության բարձրտեխնոլոգիական ապրանքների մատակարարումը Ռուսաստան, ապա դա իի բացասական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա: ՛՛Ռուսաստանի հանդեպ ցանկացած պատժամիջոց ազդելու է Հայաստանի վրա, նկատի ունեմ ճյուղային պատժամիջոցները, որոնք վերաբերում էին որոշ ընկերությունների, այդ թվում այն ընկերություններին, որոնք Հայաստանում ուզում էին լուրջ գործունեություն ծավալել: Եթե ռուսաստանի հանդեպ նման պատժամիջոց ծավալվի, հատկապես եթե Հայաստանը լինի Ռուսաստանի հետ նույն միության մեջ, ապա պարզ է, որ եթե Ռուսաստանը լինելու է պատժամիջոցների և սահմանափակումների տակ, դա ուղղակի ձևով կվերաբերվի Հայաստանին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իգիթյանը:
Ըստ նրա՝ ազդեցությունը կլինի նաև ՄՄ անդամ մյուս երկրների վրա: ՛՛Այդ պետությունների միջև գոյություն չունի սահման և հնարավոր չէ Ռուսաստանին չուղարկել որևէ ապրանք՝ ուղարկելով դա որևէ երկիր Մաքսային միության տարածքում, որը առանց սահմանների կթափանցի Ռուսաստան՛՛,-նկատեց նա:
Հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ը չի կարող համաձայնության գալ ԵՄ-ի հետ, որպեսզի այդ պատժամիջոցների ազդեցությունը չտարածվի Հայաստանի վրա, Իգիթյանը պատասխանեց. ՛՛Եվրամիությունը կասի՝ ես ձեզ հետ խնդիր չունեմ, բայց եթե դուք Ռուսաստանի հետ նույն ազատ գոտում եք, պարզ է, որ ձեր վրա էլ է ազդելու: Ես չգիտեմ՝ կարող է՝ ինչ-որ բացառություններ լինեն, բայց առայժմ Հայաստանը համարվու է Ռուսաստանի ենթակա, պրոռուսական, Ռուսաստանին կից երկիր, բոլորն այդպես են տեսնում՛՛: