23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետությունից թալանածը վերադարձնելու անվան տակ խլելու են այն մարդկանց ունեցվածքը, որոնք վտանգ են ներկայացնում իշխանությունների համար. 168 Ժամ

Իշխանությանը չի հաջողվում վերադարձնել խոստացած միլիարդները, որոնք նախկինները «գողացել» են պետությունից։ Ու հիմա որոշել են ստեղծել օրենսդրական այնպիսի հիմքեր, որոնք կարող են թույլ տալ առանց դատ ու դատաստանի՝ բռնագանձում իրականացնել։ Խոսքը պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ կապված անձանց պատկանող գույքի կամ բաժնեմասերի բռնագանձման մասին է։

Անկախ նրանից, թե դա ինչպես կներկայացվի՝ այն տանելու է սեփականության վերաբաշխման։ Պետությունից թալանածը վերադարձնելու անվան տակ խլելու են այն մարդկանց ունեցվածքը, որոնք վտանգ են ներկայացնում իշխանությունների համար։ Սա, ըստ էության, կուլակաթափության փորձ է, որից որևէ մեկն ապահովագրված չէ։

Թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ, նույնիսկ դժվար է պատկերացնել։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ օրինական դաշտում աշխատողները վախենալու պատճառ չունեն, միևնույն է, դա չի փրկի իրավիճակը։

Սեփականության վերաբաշխումը, այն էլ՝ նման մեթոդներով, մեծ ռիսկ է ստեղծում տնտեսության համար։ Խնդիրը միայն ներդրումները չեն։ Պարզ է, որ ոչ մի խելամիտ մարդ իր գումարները չի ներդնի մի տեղ, որտեղ վաղն առանց դատ ու դատաստանի՝ կարող են խլել իր ունեցվածքը։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե իշխանություններն ինչ նպատակ կդնեն դրա տակ։

Բայց գույքի բռնագանձումը լինելու է միայն առաջին փուլը։ Իսկ ի՞նչ է լինելու այդ գույքի հետ։ Պարզ է, որ կառավարությունն ինչ-որ պահից այն հանելու է վաճառքի։

Այստեղ էլ առաջանալու է երկրորդ խնդիրը՝ կգտնվե՞ն արդյոք գնորդներ այդ գույքի համար։ Փորձը ցույց է տալիս, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Նման օրինակ արդեն ունենք. բավական ժամանակ է, ինչ կառավարությունը չի կարողանում վաճառել մաքսայինի նախկին պետի՝ Արմեն Ավետիսյանի՝ պետությանը նվիրաբերած, Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ խոսքը կամավոր նվիրաբերության մասին է։

Իսկ ի՞նչ կարող է լինել, եթե բռնագանձված գույքը կամ այլ սեփականությունը հանվի վաճառքի։

Կասկած չկա, որ շատ-շատերը կխուսափեն այն ձեռք բերելուց։ Առավել ևս, որ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի հետագայում, երբ երկրում իշխանություն փոխվի։ Ոչ մի երաշխիք չկա, որ նույնը չի կրկնի հաջորդ իշխանությունը։ Դա կլինի այն ամենամեծ հարվածը, որը կարելի է հասցնել երկրի տնտեսությանը։

Չվաճառվելու դեպքում բռնագանձված գույքը հայտնվելու է այն վիճակում, ինչ վիճակում հայտնվել էր «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը։ Ամիսներ շարունակ այն մատնված էր անտերության։

Ի վերջո, որոշվեց հյուրանոցային համալիրը դարձնել մեկուսարան՝ կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված քաղաքացիների համար։ Էլ չասենք, որ դրանով կառավարությունը, ըստ էության, «թաղեց» այդ համալիրը ոչ միայն վաճառելու, այլև չվաճառվելու դեպքում՝ շահագործման հանձնելու հույսերը։

Այնպես որ, դեռ մեծ հարց է, թե անգամ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի կիրառմամբ՝ որքանով կհաջողվի լուծել հայտարարվող միլիարդների վերադարձման խնդիրը։ Հակակոռուպցիոն պայքարի արդյունքում կառավարությունը խոստացել է 5 տարում հետ բերել առնվազն 1,5 մլրդ դոլար։ Բայց չի կարողանում։ Նախորդ գրեթե 2 տարվա ընթացքում ունենք ընդամենը 100 մլն դոլարի կարգի գումար։

Այսինքն՝ 15 անգամ պակաս, քան խոստացվել է։ Չնայած նույնիսկ այդ գումարի մեծության հետ կապված՝ կան լուրջ կասկածներ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ նախկինները թալանել են երկիրը, որ պատժելու են թալանչիներին և թալանած գումարները լումա առ լումա վերադարձնելու են պետությանն ու ժողովրդին։ Իշխանափոխությունից անցել է գրեթե 2 տարի, ու թվում է, թե այդ ժամանակը քիչ չէր խոստումը կատարելու համար։

Բայց այն, ինչ ունենք բացահայտումների արդյունքում վերադարձված գումարների առումով, աղերս չունի հայտարարվող համատարած թալանի հետ։ Ու դա հունից հանում է իշխանություններին, որոնք միլիարդների թալանից են խոսում, իսկ արդունքները չեն երևում։

«2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե: Բայց պետք է ասեմ, որ և՛ անձամբ ես, և՛ մեր հանրությունն այս ցուցանիշից դժգոհ ենք, որովհետև մենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ». սա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններից մեկն է։

Այն, որ հանրությունը կարող է դժգոհ լինել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից, նորմալ է։ Բայց, որ վարչապետն է դժգոհում, դուրս է տրամաբանությունից։ Եթե կոռուպցիայի դեմ պայքարը ցանկալի արդյունք չի տալիս, մեղավորը ոչ թե հասարակությունն է, այլ իշխանությունը։ Միայն սրան-նրան տեղի-անտեղի մեղադրելով չէ։ 2 տարին քիչ ժամանակ չէր հայտարարվող թալանը բացահայտելու և պետությանը վերադարձնելու համար։

Չափազանց շատ են վերադարձված գումարների հետ կապված մութ պատմությունները։ Այդպես էլ ոչինչ չի ասվում այն մասին, թե որտեղի՞ց են դրանք եկել, ո՞ւր են գնացել, ինչի՞ համար են ծախսվել, ինչքա՞նն է մնացել, և այլն։ Չկա որևէ թափանցիկություն այս գործընթացում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համաորւմ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ