24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հայաստանում ատելության խոսքի տարածման հիմնական խնդիրը մեր քաղաքական վերնախավն է՝ բոլոր կողմերից». Սամվել Մարտիրոսյան

«Այն մարդը, որը դրսևորում է ատելության խոսք, առաջին հերթին վնասում է ինքն իրեն և իր շրջապատին». անդրադառնալով վերջին շրջանում համացանցում և իրական կյանքում լայնորեն տարածվող «ատելության խոսք» երևույթին՝ հոգեբան Իրինա Ծատուրյանը զգուշացնում է՝ բացասական էմոցիաները կարող են լուրջ հիվանդությունների հանգեցնել, օրինակ՝ քաղցկեղ, ցրված սկլերոզ, ինֆարկտ:

«Ատելությունը դեստրուկտիվ էմոցիա է, որը կարող է անձը ոչնչացնել: Եթե հավատի դաշտ տանենք, ապա դա մահացու մեղքերից մեկն է: Մեղք-հիվանդություն հարաբերությունները, կամ, ժամանակակից լեզվով ասած՝ փսիխոսոմատիկան, ոչ ոք դեռ չի ժխտել: Ցանկացած հեղափոխություն բերում է նրան, որ սոցիումը, որտեղ այն տեղի է ունեցել, պառակտվում է:  «Դեմ»-ի և «Կողմ»-ի մասին ասեմ, որ սովորաբար նրանք, որոնք «Կողմ» են լինում, ատելություն են տարածում ոչ միայն նրանց նկատմամբ, ովքեր «Դեմ» են, այլ նաև նրանց նկատմամբ,  ովքեր դեռ չեն կողմնորոշվում, ասում են՝ «եկեք սպասենք», դադար են վերցնում: Ատելության խոսք տարածում են նրանք, ովքեր ունեն ներանձնային կամ միջանձնային կոնֆլիկտներ: Դա անթույլատրելի է: Պետք է հարաբերությունները բերել կոնստրուկտիվ դիալոգի»,- ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս երևույթը միայն մեր երկրում չէ, խնդրին բախվում են նաև աշխարհի զարգացած պետությունները: Այս տեսակի խոսքի տարածման համար, ըստ մեդիափորձագետի, պարարտ հող է  համացանցը, որտեղ մարդիկ հնարավորություն են ստացել խոսքը հանրայնացնելու  և արագ խմբավորվելու համար: Վտանգավոր է, սակայն, դրա անցումն օնլայնից օֆլայն տիրույթ.

«Երկու տարի է՝ քաղաքական լարվածությունը մեր երկրում չի նվազում: Հայաստանում նման իրավիճակ լինում էր մեկ ամիս՝ նախընտրական փուլում, մեկ ամիս էլ՝ ընտրություններից հետո: Փաստացի մենք, երկու տարի է, նախընտրական փուլում ենք»:

Մարտիրոսյանի պնդմամբ՝ ֆեյքերի կողմից տարածվող ատելության խոսքի ազդեցությունը փոքր է, դա վատագույն դեպքում կարող է առաջացնել տրամադրության անկում, վտանգն այլ տեղ է:

«Հայաստանում ատելության խոսքի տարածման հիմնական խնդիրը մեր քաղաքական վերնախավն է՝ բոլոր կողմերից, այստեղ սրբեր չկան: Մեր երկրում առ այսօր չի ձևավորվել քաղաքական պայքարի ձև, քաղաքական մշակույթ, պայքարը հիմնականում գնում է բաժանելու վրա: Գտնվում է թիրախ՝ սևեր, սպիտակներ, գեյեր, աղանդավորներ, կարևոր չէ, կարևորն այն է, որ քաղաքական գործիչներն անընդհատ առանձնացնում են ինչ-որ հատված, քանի որ գիտեն, որ դա իրենց թույլ է տալիս դուրս գալ քաղաքական ընդհանուր զանգվածից և ասպարեզ դուրս գալ, սա փաստացի քաղաքական պայքարի միակ ձևն է այսօր: Սա անմիջական ատելության խոսքի դրսևորում չի ունենում, բայց դա արդեն երկրորդ քայլն է: Երկրորդ խնդիրը լրատվամիջոցներն են, որոնք չեն մոդերացնում սոցիալական ցանցերի իրենց հարթակները»:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը դեստրուկտիվ էմոցիայի դրսևորում է որակում նաև ամենաբարձր ամբիոններից վարչապետի  հնչեցրած «ասֆալտին փռել», «շնաբարո դուրսպրծուկ» և այլ արտահայտություններ:

«Ոչ մի մակարդակի պետական այրի հարիր չէ նման բառապաշարը, ինչքան բարձր, այնքան ավելի հարիր չէ: Ով այդպիսի բառեր է օգտագործում, պետք է իմանա, որ այդ կերպ իր նկատմամբ հարգանքի շեմն իջնում է, մենք ուզում ենք տեսնել կատարելության գնացող ղեկավարներ, եթե չենք տեսնում, ապա հարգանքը նվազում է»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս արտահայտություններն ատելության խոսք չի որակում.

«Սա սահմանային վիճակում է, բայց պոզիտիվը չի ավելացնում»:

Լրագրողի հարցին, թե միգուցե այս արտահայտությունները նպատակ են հետապնդում բարոյազրկե՞լ հնարավոր ընդդիմախոսներին, հոգեբանը պատասխանեց.

«Մարդն ունի պաշտպանելու հատկություն, բանավեճի և կռվի ժամանակ մենք, անկախ մեր կամքից, սկսում ենք պաշտպանել նրան, ում վրա հարձակվում են: Պետք է դա էլ հաշվի առնեն, կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Մարդիկ կարող են սկսել ավելի շատ հարգել և սիրել այն մարդկանց, ում վրա հարձակվում են»:

Սամվել Մարտիրոսյանին անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանում չկա «ատելության խոսք»-ի սահմանում, սակայն սահմանելիս էլ պետք է զգույշ լինել, որ «ազատ խոսք»-ը չտուժի:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ