24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով: Պետական եկամուտները պետք է ավելանան. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները եւ արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ: Հիմնական նպատակն է՝ ձեւավորել հավասարակշռված մոտեցում, որը կնպաստի տնտեսական զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը եւ շրջակա միջավայրի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքի ապահովմանը: Նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականության բարելավման, հարկային վարչարարության պարզեցման եւ հարկերի վճարման մշակույթի ամրապնդման ուղղությամբ անելիքներին:

Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով թեմայի կարեւորությունը, նշել է. «Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով: Այդ համարձակ որոշումների տրամաբանությունն ու նպատակը հետեւյալն է, որ պետական եկամուտները պետք է ավելանան՝ այնպես եւ այն տրամաբանությամբ, որ տնտեսությանը զարգանալու հնարավորություն տան, որպեսզի հետագայում ավելի շատ ավելանան: Եվ մարդիկ պետք է փոխեն հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ է պետք անել՝ այս ասելիքը ՀՀ քաղաքացիներին ճշգրիտ տեղ հասցնելու համար: Առաջին հերթին անկյունաքարը հակակոռուպցիոն պայքարն է, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը չի գողանում իրենից եւ ընդհանրապես որեւէ տեղից չի գողանում, եւ ոչ միայն կառավարությունը, այլեւ ընդհանրապես ողջ պետական համակարգը՝ վերեւից ներքեւ: Քաղաքացու մոտ պետք է ձեւավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում, եւ եթե գողանալու դեպքեր կան, այդ մարդիկ կհայտնաբերվեն եւ կպատժվեն:

Երկրորդը պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումն է, այսինքն՝ մենք պետք է ամեն տարի համոզենք մեր քաղաքացիներին, որ իրենց վճարած գումարները ծախսում ենք նպատակային, արդյունավետ եւ ճիշտ՝ ներառյալ, թե ինչպես են վճարվում պետական կառավարման համակարգի աշխատողները՝ սկսած պարգեւատրումներից, վերջացրած սոցիալական այլ երաշխիքներով: Կարծում եմ՝ այսօր դրա համար անհրաժեշտ բոլոր քաղաքական պայմաններն ստեղծվել են 2019 թ. արդյունքներով, որ մենք պետք է ապահովենք նաեւ պետական կառավարման համակարգի աշխատողների բարձր վարձատրությունը՝ միեւնույն ժամանակ երաշխավորելով նրանց բարձր որակավորումը»:

Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են հարկերն անխուսափելիորեն վճարելու մշակույթի ամրապնդմանն ու տարածմանը, ըստ ոլորտների հարկային արտոնությունների տրամադրմանը, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը, հարկերի հավաքմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայացված հայեցակարգը պետք է դառնա հարկային բարեփոխումների ռազմավարության հենքը, եւ այն քննարկելիս, լրամշակելիս պետք է խնդիրները դիտարկել երկարաժամկետ լուծումների, ինչպես նաեւ մյուս հայեցակարգային փաստաթղթերի հետ փոխգործելիության ապահովման կտրվածքով:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ