Զինվորի հաց ուտողներ եք. Նիկոլ Փաշինյանը «սկանդալ» է սարքել հայտնի ռեստորանում /տեսանյութ/
Մեր հաճախակի հյուրերից է Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտանիքը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Ari Resort»-ի սեփականատեր Արշակ Զաքարյանը՝ նշելով, որ մի քանի անգամ թիկնապահների հետ այնտեղ է այցելել նաև վարչապետի որդին՝ Աշոտը։
Զաքարյանը նշել է, որ կիրակի վարչապետի ընտանիքը, նախօրոք պատվիրելով սեղան, գնացել է և ճաշել մոտ 4-5 ժամ, ինչից հետո մոտեցել է վճարելու, սակայն ՀԴՄ-ի սարքը չի աշխատել․ «Արցախի օրենքով մենք հաստատագրված հարկ ենք վճարում, ՀԴՄ չխփելու իմաստ գոյություն չունի։ Անկախ նրանից, թե մենք որքան ՀԴՄ կխփենք, մեր հաստատագրված վճարը նույնն է։ Այս ամենը բացատրվել է վարչապետին, սակայն նա սկսել է իրեն հատուկ մանիպուլատիվ ձևով բարձրաձայն ասել, թե «ճիշտ են ասում, որ դուք զինվորի հաց ուտող եք»։ Մենք դարձանք զինվորի հաց ուտող հա՞, իսկ Իմ քայլը, ՔՊ-ն և այլն զինվորին հաց տվող են հա՞։ Դա ուղղակի վայել չէ Հայաստանի Հանրապետության վարչապետին, դա վայել չէ ընդհանրապես տղամարդուն»։
Զաքարյանը հավելել է, որ դրանից հետո վարչապետը զանգահարել է Արցախի պետնախարարին և պահանջել, որ զբաղվեն իրենցով․ «Խուսափել ինչ-որ ճղճիմ կոպեկներ մուծելուց և այլն, մանավանդ, որ մենք հաստատագրված հարկ ենք մուծում և մեզ այդպես անվանել, ելույթ ունենալ, միտինգ անել մեր ռեստորանում, ես ուղղակի գնահատականը կթողնեմ ձեզ։ Այս մասին չէի խոսի, եթե այդ արտահայտությունն արված չլիներ։ Մենք զինվորին հաց տվողներ ենք եղել, կմնանք հաց տվողներ և այս կյանքից կհեռանանք հաց տվողներ։ Դուք ձեր մասին մտածեք, պարոն վարչապետ, թե դուք ինչպես եք եկել, ինչ եք անում, ինչ եք ուտում, ինչ պարգևավճարներ եք տալիս, դա թողնում են պատմության դատին: Ես չեմ ձեզ դատողը, բայց նման ցածր հայտարարություն անելը մեծ վիրավորանք է։ Դա վայել չէ վարչապետին, վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, վայել չէ ընդհանրապես տղամարդուն»։