24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախագահին զրկում են օրենք ստորագրել-չստորագրելու լիազորությունից․ Կոստանյան. Հրապարակ

«Հայաստանի իշխանությունները որոշել են անցնել իրավունքի եւ իրավաբանության վրայով, ոտնահարել ՀՀ բոլոր հնարավոր օրենքներն ու Սահմանադրությունը, թքած ունենալ միջազգային կառույցների վրա, «խայտառակել ռեսպուբլիկա»՝ զուտ նրա համար, որ բավարարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նեղ անձնական ամբիցիաները։ Տվյալ դեպքում խոսքը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ձերբազատվելու անմարդկային ջանքերի մասին է, որը վարչապետի հրահանգով գործադրում են Հայաստանի իրավապահ կառույցները, կառավարությունն ու խորհրդարանը ու դեռ արդյունքի չեն կարողանում հասնել։ Բայց Փաշինյանը հրահանգել է՝ առավելագույն սեղմ ժամկետում պետք է ազատվել Հրայր Թովմասյանից, դրա համար ՀՀ իրավական մտքի գիգանտներն իրենց ունեցած ու չունեցած խելքը միավորել ու մի «հանճարեղ» միտք են հղացել՝ ՀՀ Սահմանադրությունը ոտնահարելու ճանապարհով ազատվել Թովմասյանից ու գործող ՍԴ կազմից։ Եթե սա էլ չստացվի, կմնա Թովմասյանին իր շքամուտքում գնդակահարելը։ 

Հանճարեղ միտքն իրագործվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ձեռամբ, որը երեկ նախագծերի մի փաթեթ է դրել շրջանառության մեջ, որով ուզում են ազատվել օրենքների ընդունման հարցում Սահմանադրական դատարանից ու ՀՀ նախագահից կախվածությունից։ Այսինքն՝ դեմ են գնում Սահմանադրության 168-րդ հոդվածին, որի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է ԱԺ-ի, կառավարության որոշումների, նախագահի հրամանագրերի, այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ ե՛ւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ե՛ւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի համապատասխանությունը Սահմանադրությանը՝ մինչեւ դրանց ընդունումը։ Հովակիմյանի փաթեթով նաեւ անտեսվելու է հանրաքվեի ինստիտուտը։ Այսինքն՝ ուզում են, որ օրենքներ ընդունելիս, Սահմանադրություն փոխելիս այլեւս չդիմեն ՍԴ՝ դրանց սահմանադրականության հարցը որոշելու, եւ չուղարկեն ՀՀ նախագահին, որ նա ստորագրի կամ չստորագրի, չհարցնել ժողովրդի կարծիքը, այլ բոլոր հարցերը լուծել 88 հոգանոց խմբակցության միջոցով։ Սա անում են, որ Սահմանադրության մեջ ցանկացած փոփոխություն իրականացնեն առանց ՍԴ-ի եւ ժողովրդի մասնակցության։ Այսինքն՝ այս օրենքի ընդունումից հետո Հայաստանում այլեւս չեն լինի իշխանության տարբեր ճյուղեր, որոնք պետք է զսպեն մեկը մյուսին, կլինի միայն մեկ մարմին՝ խորհրդարանը՝ Արարատ Միրզոյանով ու բազմաթիվ վահագնհովակիմյաններով, եւ որեւէ մեկը չի կարողանա նրանց ապօրինությունների դեմն առնել։ Սա իրավական անարխիա է, որն իր մեջ սահմանադրական կարգի տապալման բացահայտ տարրեր է պարունակում։ 

Ի դեպ, Հովակիմյանի ներկայացրած խայտառակ նախագիծն անգամ Վենետիկի հանձնաժողով չեն ուղարկելու՝ կարծիքի, ինչն ընդունված է եղել մինչ օրս։ Մեր իշխանությունները թքած ունեն Վենետիկի հանձնաժողովի վրա էլ, միջազգային մյուս կառույցների էլ։ Իրենց համար կարեւորը Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելն է՝ ամեն գնով։

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գեւորգ Կոստանյանն այս նախագծի վերաբերյալ երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ե՛ւ ձեւական, ե՛ւ բովանդակային առումով այս նախագծի մասով լրջագույն խնդիր կա, ընդ որում՝ ոչ միայն Սահմանադրական դատարանի հետ կապված։

«Այնպես է ստացվում, որ հանրապետության նախագահը, որն օրենքը ստորագրելու կամ ՍԴ ուղարկելու լիազորությամբ է օժտված, սահմանադրական այս օրենքով, փաստորեն, զրկվում է օրենքի ստորագրման լիազորությունից։ Եվ ի՞նչ խնդիր է սա առաջացնում։ Սահմանադրության 123 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը երկրում։ Իսկ նախագահն այդ լիազորությունն իրականացնում է, այդ թվում՝ այս կամ այն օրենքը ստորագրելու կամ չստորագրելու եղանակով։ Հետեւաբար, երբ որ նախագահին զրկում են որեւէ օրենք ստորագրել-չստորագրելու կամ այն ՍԴ ուղարկելու լիազորությունից, դրանով, ըստ էության, սահմանափակում են հանրապետության նախագահի գործառույթը՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը»,- ասաց Կոստանյանը։

Երկրորդը, ըստ մեր զրուցակցի, Սահմանադրության 168 հոդվածի հակասության հարցն է, որով, փաստացի, այդ հոդվածը շրջանցում են։ «Էդ, որ ասում են՝ օրենքները մինչեւ քվեարկելն ուղարկում են ՍԴ, դա հենց էնպես, ապրիորի չէ, դա իշխանությունների հակակշռման մեխանիզմի ամենակարեւոր սկզբունքներից մեկն է, որ էս դեպքում էլ այդ լիազորության ուժով Սահմանադրական դատարանն էլ՝ որպես դատական իշխանության մաս, հակակշռում է խորհրդարանին, որպեսզի խորհրդարանն ինչ ուզենա, չանի։ Այսինքն՝ այս լիազորության բովանդակային իրականացումը բխում է իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքից»,- ասաց պարոն Կոստանյանը։ Նա նաեւ մտահոգություն հայտնեց առ այն, որ նախագիծը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու, ինչը եւս կոպիտ խախտում է։ Վերջում Կոստանյանը հավելեց․ «Այս ամեն ինչը, վստահաբար, ունենալու է իր իրավական եւ քրեաիրավական հետեւանքները»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ