24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման գործընթացը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ: 

«ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծման գործընթացը:

Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: Վերջիններիս ներկայացվող պահանջները նախատեսված են նշված որոշմամբ:

Ղեկավարվելով վերոնշյալով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտնում է, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր կարող են ներկայացվել հետևյալ կարգով՝

Հայտերը ներկայացվում են Նախարարություն՝ սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ 10 օրացուցային օրվա ընթացքում:

Վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմանը համապատասխան՝ հայտ կարող են ներկայացնել՝

1) Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և հայտ ներկայացնելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ նշված ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել.

2) իրավաբանական գիտությունների դոկտորի կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք։

Հայտին կից ներկայացվում են այն փաստաթղթերը, որոնք հավաստում են սույն հայտարարության 2-րդ կետով նշված պահանջներին (չափանիշներին) հայտ ներկայացնողի համապատասխանությունը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում իրականացված կամ մասնակցած ծրագրերի կամ հրապարակված աշխատանքների կամ կատարված հետազոտությունների առկայությունը:

Հայտ ներկայացնող հասարակական կազմակերպությունը հայտում նշում է այն լիազոր ներկայացուցչին, ով պետք է ներկայացնի կազմակերպությունը հանձնաժողովում, և ներկայացնում է իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) և կենսագրությունը (curriculum vitae):

Հայտ ներկայացնող իրավաբան-գիտնականը հայտում ներկայացնում է իր վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) և կենսագրությունը (curriculum vitae):

Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

Փաստաթղթերն ընդունելու նպատակով Նախարարությունը վարում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտ ներկայացնողի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև հայտարարությունում նշված ժամկետի ավարտը:

Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

Թեկնածուների ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Հայտատուների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է Նախարարությունը: Փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն ստուգելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն:

Փաստաթղթերը և դրանց կազմը թերի լինելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր) և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:

Երկրորդ փուլում գնահատվում է հայտ ներկայացնողի գործունեությունը՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում իրականացված կամ մասնակցած ծրագրերի կամ հրապարակված աշխատանքների կամ կատարված հետազոտությունների վերաբերյալ տեղեկությունները: Երկրորդ փուլում նախապատվությունը տրվում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեցող կազմակերպություններին և անձանց (հաշվի են առնվելու իրականացված կամ մասնակցած ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, գրանցած արդյունքները):

Նախարարությունը թեկնածուների ընտրությունը կատարում է հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 4 օրացուցային օրվա ընթացքում և ապահովում է մրցույթի արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Նախարարության պաշտոնական www.moj.am  կայքում»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ