25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թանկացումներին սպասելիս․ 168.am

168․am-ը գրում է․«Սպասումները, որ նախորդ իշխանություններին հեռացնելուց հետո սոցիալական իրավիճակը Հայաստանում կբարելավվի, չիրականացան։ Իշխանափոխությունից նույնիսկ 2 տարի անց հասարակության հիմնական մասը շարունակում է նույնքան քիչ վաստակել և նույնքան վատ ապրել, ինչպես նախկինում։

Կառավարության նախորդ շրջանի գործունեությունը ցույց տվեց, որ արագ փոփոխությունների ակնկալիքները, որոնք ժամանակին ձևավորել էր իշխանության եկած քաղաքական թիմը, հիմնազուրկ են։ Կյանքը գնալով թանկանում է, իսկ մարդկանց եկամուտները շատ դանդաղ են ավելանում։

Մի կողմ թողնենք այն տվյալները, որոնք արձանագրում են վիճակագիրները։ Դրանք չեն, որ բնութագրում են հասարակության կյանքում տեղի ունեցող փոփոխությունները։ Պատահական չէ, որ արտաքուստ Հայաստանում տնտեսությունն արագ աճում է, միջին աշխատավարձը բարձրանում է, գնաճն անհամեմատ ավելի ցածր է, քան միջին աշխատավարձի աճը, բայց մարդկանց կյանքի պայմանները չեն բարելավվում։

Բարելավվելու մեծ հույսեր չկան նաև այս տարի։ Աշխատավարձերի ու կենսաթոշակների այն բարձրացումները, որոնց մասին շատ հաճախ խոսում է Նիկոլ Փաշինյանը, չեն փակելու անգամ թանկացումների ազդեցությունը։

Խոսքն արձանագրվող գնաճի մասին չէ։ Խոսքը թանկացումների իրական ազդեցության մասին է, որից անհնարին է լինելու խուսափել։

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից գործողության մեջ են մտել նոր մաքսային դրույքաչափերը, որոնք մեծացրել են գնաճային ճնշումը բազմաթիվ ապրանքների վրա։ Երրորդ երկրներից ներմուծվող մի քանի հարյուր ապրանքների նկատմամբ կիրառվող լրացուցիչ մաքսային վճարներն առաջիկայում ուզած-չուզած ազդելու են դրանց գների վրա։

Որքան էլ Կենտրոնական բանկը կամ կառավարությունն այդ թանկացումների ազդեցությունը գնահատի ընդամենը կես տոկոս, պարզ է, որ իրական ազդեցությունը հասարակության վրա շատ ավելի մեծ է լինելու։ Պատճառն այն է, որ դրանց մեջ քիչ չեն այնպիսի ապրանքատեսակները, որոնք լայն կիրառություն ունեն։ Խոսքը, մասնավորապես, մսամթերքի, թռչնամսի, կարագի, բուսական և կենդանական յուղերի, հացահատիկի, կենդանական կերերի, պարարտանյութերի, գյուղատնտեսական տեխնիկայի և այլ ապրանքների մասին է, որոնց ներմուծման ժամանակ գործելու են մաքսային նոր և ավելի բարձր դրույքաչափեր։

Հունվարի 1-ից Հայաստան ներմուծվող շուրջ 900 ապրանքի համար ավարտվում է Եվրասիական միության շրջանակներում տրված արտոնյալ ժամկետը։ Պետք է սպասել, որ առաջիկայում դրանց գները կբարձրանան։ Գուցե ոչ բոլորի, բայց զգալի մասի դեպքում այդպես է լինելու։

Կան բազմաթիվ ապրանքներ, որոնց ներկրումը երրորդ երկրներից, այսպես թե այնպես, շարունակվելու է։ Փոխարենը ժամանակին քայլեր ձեռնարկելու մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը թուլացնելու և այն ի շահ ներքին տնտեսությանը ծառայեցնելու համար՝ կառավարությունն այդպես էլ ոչինչ չարեց։ Այնինչ դա լավ հնարավորություն էր տնտեսության գոնե առանձին ճյուղեր զարգացնելու համար։

Նախորդ տարի թռչնամսի ներմուծման մաքսատուրքը բարձրացավ 22 տոկոսով։ Այս տարվա սկզբից բարձրացել է ևս 3 տոկոսով։ Այսինքն՝ հունվարի 1-ից թռչնամսի ներմուծման մաքսատուրքը կազմում է 25 տոկոս։

Թվում է, թե այլ ավելի լավ հնարավորություն դժվար է պատկերացնել տեղական արտադրության զարգացման համար։ Սակայն Հայաստանը շարունակում է մեծ քանակությամբ թռնամիս ներմուծել երրորդ երկրներից, մասնավորապես՝ Բրազիլիայից և Միացյալ Նահանգներից։ Ու դրանց գները հունվարի 1-ից հետո կրկին բարձրանալու են։

Նույնը վերաբերում է նաև մսամթերքին, որի ներմուծման մաքսատուրքը տարվա սկզբից ավելացել է 2,5 տոկոսով` հասնելով 15 տոկոսի։ Այս շուկայում ևս Հայաստանը չի կարողանում բավարարել ներքին պահանջարկը։ Ու ստիպված է մեծ քանակությամբ մսամթերք ներկրել երրորդ երկրներից։

Կարագի, բուսական և կենդանական յուղերի մաքսատուրքերը բարձրացել են 2 տոկոսով։ Նույնքան ավելացել է նաև մարգարինի ներմուծման ինքնարժեքը։

Սպասվում է, որ մաքսատուրքերի բարձրացումը բացասաբար կազդի նաև հացամթերքների գների վրա։ Բրնձի, ցորենի, գարու ներմուծման մաքսատուրքերը հունվարի 1-ից ավելացել են ևս 3 տոկոսով։

Կապված մաքսատուրքի բարձրացման հետ` վերստին կթանկանա նաև դեղորայքը։ Չնայած այն առանց այդ էլ շատ ավելի թանկ է, քան, ասենք` հարևան Վրաստանում։ Պատահական չէ, որ մարդիկ նախընտրում են սեփական օգտագործման նպատակով դեղեր ձեռք բերել Վրաստանում, քան Հայաստանում։

Սա նոր երևույթ չէ, բայց այդպես էլ լուծում չի ստանում։ Կառավարությանը հետաքրքրում է ոչ այնքան դեղերի թանկությունը, որքան բյուջեի եկամուտները։ Դեղերի ներմուծումը Հայաստանում հարկվում է ավելացված արժեքի հարկով, ինչը բավականաչափ թանկացնում է դրանք։ Հիմա կավելանա նաև մաքսատուրքի հերթական բարձրացումը։

Գյուղտեխնիկայի ներմուծման մաքսատուրքերն ավելացել են 3 տոկոսով։ Նույնքանով բարձրացել են նաև նավթամթերքի և գազի ներմուծման գները։ Այս տարվա հունվարի 1-ից նախկին 2-ից այն դարձել է 5 տոկոս։

Նոր դրույքաչափերը տարածվելու են նաև շինարարության վրա: Ներմուծվող շինանյութերի մաքսազերծման դրույքաչափերն ավելացել են 2,5-3 տոկոսով: Կտորեղենի և գործվածքի մաքսատուրքերը բարձրացել են 3 տոկոսով։ Գնաճը տարածվելու է նաև կենցաղային տեխնիկայի վրա։

Մեծ է այն ապրանքատեսակների ցանկը, որոնց մաքսատուրքերը տարեսկզբից ավելացել են։ Ուդա, ուզած թե չուզած, ազդելու է գների վրա։

Բայց միայն դրանով չեն սահմանափակվի գնաճային ռիսկերը։ Դրանք ավելացել են նաև տարեսկզբից գործողության մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով։

Սպասվում է մի շարք ենթաակցիզային ապրանքների գների բարձրացում` կապված հարկային բեռի ավելացման հետ։ Դրանց թվում է նաև հեղուկ վառելանյութը, որի ակցիզային հարկերն ավելացնելու դեմ ժամանակին պայքարում էր Նիկոլ Փաշինյանը։ Ակցիզային դրույքաչափերի բարձրացման հետևանքով սպասվում է գնաճային ճնշման ակտիվացում նաև ներմուծման ու տեղական արտադրության ծխախոտների, խմիչքների շուկաներում։

Թե այս ռիսկերն առավել կոնկրետ ինչպե՞ս կարտահայտվեն գների վրա, կերևա առաջիկայում։ Ամեն դեպքում, գնաճից խուսափել անհնարին կլինի։

Այդ պայմաններում թանկացումներին դիմակայելու այլ ճանապարհ, քան հասարակության եկամուտների ավելացումն է, չկան։ Բայց միշտ չէ, որ հաջողվում է գնալ այդ ճանապարհով։ Այս տարի ևս հասարակության եկամուտների ավելացման սպասումները մեծ չեն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ