Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ, իսկ մեղադրանքը որևէ բան չի փոխի իմ կյանքում. Թովմասյան
Մեղադրանք առաջադրելը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կյանքում ոչինչ չի փոխել ու չի փոխելու։ Նա այս մասին ասաց Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։
Երեկ հայտնի էր դարձել, որ Թովմասյանը կհարցաքննվի Հատուկ քննչական ծառայությունում։ Այժմ ՍԴ–ի բակում են հավաքվել Թովմասյանի աջակիցները։
«Քննիչն ասաց, որ իր կյանքում նման մեղադրյալ չի տեսել, որն այսպիսի տրամադրություն ունենա։ Ինձ 6 ամիս առաջ ասել էին, որ X, Y, Z քայլերը չանելու, այսինքն` հրաժարական չտալու դեպքում ինձ մեղադրանք կառաջադրվի։ Մի օր կխոսեմ այդ ամբողջի մասին։ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ»,–ասաց նա։
Թովմասյանը նշեց, որ իրեն հարցաքննող քննիչի հետ բաժանվել են որպես պրոֆեսիոնալներ, սակայն քննիչին ասել է` ցավում եմ, որ իրավականի փոխարեն` ներգրավված է քաղաքական պրոցեսներում։
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:
Այսօր հայտնի դարձավ, որ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):