Քաղաքապետարանին մեքենաներ նվիրած գործարարի որդու դեմ քրգործը կարճվել է. Հետք
Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել:
Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս տարվա հուլիսին ավելի վաղ հարուցված քրեական գործի հատկանիշներով Վահագն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` զինվորական ծառայության զորակոչից խուսափում` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով:
Դեկտեմբերի 9-ին որոշում է կայացվել Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Մենք հետաքրքրվել էինք նաև ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, առաջադրված մեղադրանքից և այդ քրեական գործի ընթացքից: Քննչական կոմիտեից սակայն հայտնել են, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք, բացի Սպարտակ Ղուկասյանից, չկան: Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից ազատվելու մեջ:
Հիշեցնենք նաև, երբ ավելի վաղ Վարդան Ղուկասյանին հարցրել էինք, թե իր որդին ինչ հիմքով է ազատվել զինծառայությունից, նա դժվարացել էր պատասխանել, թե կոնկրետ որ հիմքով է ազատվել զինծառայությունից, քանի որ որդին և՛ ակադեմիական տարկետում է ստացել, և՛ առողջական հիմք է ունեցել, և՛ ընտանեկան տարկետման իրավունք է ստացել՝ երկու և ավելի երեխա ունենալու հիմքով: