Քանի Պողոսն արբած է, մեքենա կունենա նաև Արփին, իսկ Աշոտը կարող է նույնիսկ տանկ առնել տալ. Հրապարակ
Երեկ առավոտից համացանցում լուր տարածվեց, թե պետբյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանի դստեր համար գնվել է 27 հազար դոլար արժողությամբ նոր ամենագնաց: Վարչապետի քարոզչական հենարանը հանդիսացող սոցցանցերի ակտիվ օգտատերերի, նրանց ֆեյքերի զգալի հատվածը շտապեց մեղադրել լուրը տարածողներին հակաիշխանական, ֆեյք-տեղեկություններ տարածելու մեջ: Նույնիսկ եղան մարդիկ, ովքեր պատրաստ էին երդվել, որ Փաշինյանը նման բան չի կարող անել, ու հանկարծ՝ Վլադիմիր Կարապետյանի շուրթերով Փաշինյանն ասաց, որ, այո, մեր ու ձեր հարկերից գոյացող բյուջեի հաշվին վարչապետի ավագ դստեր համար նորագույն մեքենա է գնվել: Ճիշտ է՝ ոչ հենց այսօր, այլ ժամանակ առաջ, ուղղակի ուշացումով է հայտնի դարձել մարդկանց:
Իհարկե, եթե այս թեմային անդրադառնա ՀՀԿ-ական որևէ պաշտոնյա, ապա վարչապետը կամ ֆեյքերի իր բանակը կգրոհեն վերջինիս վրա ու կհիշեցնեն նախկինում կատարված բազմաթիվ ապօրինությունների մասին: Իսկ մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, մի պահ կթվա, թե ապրում ենք արդար իշխանությունների օրոք, և քչերը վերջապես կարթնանան ու հարց կտան՝ թքած նախկինում տեղի ունեցածի վրա, ինչու ես պետք է հանդուրժեմ այս անիմաստ ծախսերը, ինչու պետք է շարունակ հիշեմ անցյալը և դրանով արդարացնեմ ներկան:
Չէ՞ որ այս վիճակը շարունակվում է մեկուկես տարի, քանի դեռ Պողոսի մեջ չի արթնացել քաղաքացին, որ վեր կենա ու ասի՝ Նիկոլ, մենք քեզ բերել ենք իշխանության, որ դու մեր թոշակն ու նպաստը բարձրացնես, աշխատատեղ բացես, եկամուտներն ավելացնելու հնարավորություն տաս, իսկ դու քո ընտանիքի ապրուստն ես ավելացնում և կյանքի պայմաններն ես ճոխացնում:Նոր մեքենա ես առնում մեր հաշվին, ուղևորությունից ուղևորություն եք գնում՝ ընտանյոք հանդերձ, և այլն: Քանի Պողոսն արբած է, մեքենա կունենա նաև Արփին, իսկ Աշոտը կարող է նույնիսկ տանկ առնել տալ, ու այս ամենը՝ մեր հաշվին:
Պատկերացրեք միայն, թե հեռավոր մի համայնքում ինչ կարելի էր անել 27 հազար դոլարով, քանի տասնյակ երեխաների կարելի էր ուրախացնել դպրոցի կամ մանկապարտեզի նորմալ պայմաններ ապահովելով, իրենց տատիկ-պապիկներին նոր տարուց առաջ որոշակի աջակցություն ցույց տալով: Բայց, չէ՝ Նիկոլը ճիշտ է. շուրջ 13 մլն դրամով պետք էր ոչ թե տուն չունեցող մի քանի ընտանիքի ծածկով ապահովել, այլ պետք է իր դստերը մեքենա գներ, Նիկոլը ճիշտ է՝ չէ որ իր հենարանը համարվող «հարևան» Պողոսն ամեն բան հանդուրժում է:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: