24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա ամենաթողության նախադեպ է. ինչ օրենք ուզենք՝ կընդունենք… պետությունը վերածվում է կրկեսի. Սահմանադրագետ

Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծին դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, և այն ընդունվեց բացառապես իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քվեարկությամբ:

ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

 

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքով՝ օրենսդիրի նպատակը հստակ է՝ ազատվել Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներից և նրանց փոխարինել նորերով:

«Եթե մենք վերցնում ենք գործող Սահմանադրական դատարանի գոյությունը, ապա ՍԴ նախագահը, խեղաթյուրելով Սահմանադրության և իրավունքի տրամաբանությունը, եկավ այս պաշտոնին, էլ չեմ ասում սահմանադրական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան՝ կյանքը ցույց տվեց, որ ոչ թե նպատակ հետապնդեցին զարգացնել, կատարելագործել պետական կառույցը, այլ նախագահին վարչապետի փոխարինելով՝ շարունակական դարձնել իշխանությունը: Հիմա այդ արատավոր ավանդույթների տրամաբանական վախճանը կամ տրամաբանական ընթացքը եղավ հեղափոխությունը: Մեր իշխանությունները (դա երևի գալիս է անփորձությունից և ոչ պրոֆեսիոնալ լինելուց) խնդրին փորձում են լուծում տալ իբր թե օրինականության հարթության մեջ, բայց եթե օրենքն ընդունվում է  անհեթեթ հիմնավորմամբ և անտրամաբանական հիմքով, սա ավելի վատթար վարքագծի դրսևորում է, քան զոռբայությամբ և այլ միջոցներով գալ, ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը: Մյուս կողմից՝ իշխանություններն արդեն նման մոտեցման մեկ այլ նախադեպ ստեղծել են՝ ի դեմս Վահե Գրիգորյանի: Նա փաստացի աշխատանքի չի գնում, նիստերի չի մասնակցում, բայց պետական բյուջեից աշխատավարձ և հավելավճար է ստանում: Նույն կերպ փորձում են շահագրգռել ՍԴ մյուս դատավորներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետը:

«Ցավալին այն է, որ խնդրի լուծման այս մեթոդաբանությունը կարող է ԱԺ-ի հեղինակությունն ավելի իջեցնել: Ազգային ժողովի վարկանիշին առաջին լուրջ հարվածն այն էր, որ խորհրդարանը դիմեց ՍԴ՝ նախագահին պաշտոնանկ անելու հարցով, իսկ ՍԴ առաջին ապտակը, անարգանքն այն էր, որ ընդհանրապես վարույթ չընդունեց դիմումը: Երկրորդ ապտակն ավելի խորը կլինի. օրենքն ուժի մեջ կմտնի, և ԱԺ այն պատգամավորները (1/5-ը), ովքեր այս օրենքին դեմ են քվեարկել, դիմում են Սահմանադրական դատարան, և այս փոփոխությունը ՍԴ-ն ճանաչում է հակասահմանադրական և ուժը կորցրած:

Այսօր գործող իշխանությունների կողմից շարունակվում են այդ արատավոր գործընթացները, այն է՝ եթե նախկին իշխանությունները խեղաթյուրում էին օրենքի, իրավունքի, սահմանադրության էությունն ու տրամաբանությունը, ապա նույն ուղղությամբ ընթանում են այսօրվա իշխանությունները, մինչդեռ հեղափոխությունը որակապես լրիվ նոր մակարդակ պետք է ապահովեր պետական կառույցի զարգացման համար»,- հավելեց նա:

Վարդան Այվազյանի դիտարկմամբ՝ վտանգավոր է, երբ պետական կառույցը և իրավական համակարգը կորցնում են իրենց իմաստն ու բովանդակությունը:

«Օրենքն ընդհանրապես չի կարող ընդունվել նեղ անձանց շրջանակի համար: Սա կարող է շատ վատ նախադեպ հանդիսանալ, և մեր երկրում իրավունքը կորցնի իր էությունը: Նախկին իշխանությունից եկող այդ շարունակական գործընթացով անէանում է պետական կառույցի էությունը: Սա ամենաթողության նախադեպ է. ինչ օրենք ուզենք՝ կընդունենք: Շուտով պետք է ձևավորվի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով: Այս նույն տրամաբանությամբ փոփոխությունների արդյունքում կարող ենք ունենալ դրույթներ, որ, օրինակ՝ ՍԴ դատավոր լինելու չափանիշերով՝ այն անձը, ով կողմ է Ստամբուլյան կոնվենցիային, կարող է լինել Սահմանադրական դատարանի դատավոր կամ ԱԺ պատգամավոր: Եթե նման անտրամաբանական մոտեցումները թույլատրելի են, ապա ԱԺ պատգամավորի համար նախատեսված ցենզերին կարելի է ավելացնել նաև Ստամբուլյան կոնվենցիային կողմ լինելը: Ով կողմ չէ, նա ԱԺ պատգամավոր լինել չի կարող: Նույն տրամաբանությամբ՝ հաջորդ քայլով կարելի է մեծ գումարներով թոշակի ուղարկել ԱԺ այն պատգամավորներին, ովքեր դեմ են Ստամբուլյան կոնվենցիային: Եվ այսպես ունենում ենք արատավոր երևույթների շրջափուլ, և պետությունը վերածվում է կրկեսի: Այն, որ գործող ՍԴ նախագահից ու անդամներից շատերից պետք է ազատվել՝ դեմ չեմ, դա բխում է Սահմանադրության ոգուց, էությունից, բայց խնդրի լուծման այս մեթոդաբանությունը, կարծում եմ՝ տեղին չէ»,- նշեց սահմանադրագետը:

Լուծման տարբերակն էլ, ըստ նրա, սահմանադրական փոփոխություններն են:

«Սահմանադրական փոփոխությունները պետք է լինեն խիստ գրագետ, հայեցակարգային և իմաստավորված և պետք է միտված լինեն պետական կառույցի կատարելագործմանը: Սակայն գործող Սահմանադրությունը մի շատ լուրջ խութ ունի. ցանկացած սահմանադրական փոփոխությունների նախագիծ պետք է ստանա Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որպեսզի դրվի հանրաքվեի: Բնականաբար, եթե նախագծերն այսօրվա ՍԴ-ի սրտով չլինեն, կարող են խոչընդոտել հանրաքվեի իրականացմանը: Այս տեսակետից տվյալ սահմանադրական դրույթը նույնպես անտրամաբանական է, որովհետև Սահմանադրությամբ պետության և իշխանության բացարձակ սեփականատերը համարվում է ժողովուրդը, և նրա կամքը բարձր է ամեն ինչից: Եվ այս պարագայում Սահմանադրական դատարանը չի կարող որոշել՝ ժողովրդի կամքը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ: Նախագիծը պետք  է դրվի հանրաքվեի, և ժողովուրդը որոշի քվեակությամբ՝ այն պե՞տք է ընդունվի, թե՞ ոչ: Եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը հստակ տրամաբանական լինի և հիմնավորված, կարծում եմ՝ միայն այս պարագայում է հնարավոր, որ իշխանության կողմից մեկ փոքր հեղափոխություն ևս լինի, իշխանության կողմից հաշվի չառնվի ՍԴ խոչընդոտը, և դա դրվի հանրաքվեի, և խնդիրը լուծվի: Հակառակ պարագայում դոփելու ենք այս արատավոր շրջափուլի մեջ»,- նկատեց Վարդան Այվազյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ