Երազանքների գիշերը կենդանաբանական այգում
Հունիսի 28-ին Երեւանի կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի առավոտյան ժամը 09:30-ից մինչեւ 16:00-ն: Այնուհետեւ ժամը 18:00-ից այգում կմեկնարկի “Երազանքի գիշեր Երեւանի կենդանաբանական այգում” միջոցառումը, որի ընթացքում այգին կհյուրընկալի շուրջ 60 հաշմանդամ երեխաների` նրանց ծնողների, խնամակալների, քույրերի եւ եղբայրների հետ:
Հրավիրվածների համար այգին նախապատրաստել է բացառիկ ծրագիր. փոքրիկները հնարավորություն կունենան շրջելու կենդանաբանական այգում եւ անմիջականորեն շփվելու կենդանիների հետ:
Ծրագրի մաս կազմող “Իրականացնենք երեխայի երազանքը” նախաձեռնությամբ էլ միջոցառման աջակիցների եւ գործընկերների օգնությամբ կիրականանան հրավիրված երեխաների նախապես հայտնած ցանկություններն ու երազանքները:
Օրվա խորհուրդը ոչ միայն սահմանափակ կարողություններով երեխաներին անմոռանալի երեկո պարգեւելն է, այլեւ հավելյալ այն խնդիրների մասին բարձրաձայնելը, որոնց նրանք ստիպված են բախվել առօրյա կյանքում:
Նկատենք, որ “Երազանքի գիշեր կենդանաբանական այգում” խորագրով միջոցառումներն աշխարհի տասնյակ քաղաքներում իրականացվում են ամեն տարի:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն