24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Աշխատիր Հայաստան»: Փիղը երկնեց եւ մուկ ծնեց

Վերջապես՝ շուրջ երկու տարի մշակվելուց ու գովազդվելուց հետո, 2019թ. դեկտեմբերի 5-ին կառավարությունը հաստատեց «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունը (https://www.e- gov.am/sessions/, օրակարգի 29-րդ հարց):

Հանրության մեջ օբյեկտիվորեն ձևավորվել էր հավաքական սպասում հնգամյա այս ծրագրից, ըստ որի՝ այն պետք է դառնար «աղքատությունից դեպի արժանապատիվ աշխատանք» ճանապարհային քարտեզը: Ցավոք, նորից արձանագրում ենք անհամապատասխանություն՝ ձևավորված հանրային սպասումների և այս դեպքում՝ արդեն հաստատված ռազմավարության:
Խոսքն էլ վերաբերում է գործող իշխանության հռչակած հեղափոխական հիմնարար թեզին՝
«աղքատությունը գլխից հանելուն և աշխատելուն»:

Բերենք բնութագրական մանրամասներ: Կառավարության այս որոշմամբ սահմանվել է՝ «Աշխատիր Հայաստան» ռազմավարությամբ ապագա հինգ տարիների համար նախատեսված ծրագրերը պետական բյուջեից կֆինանսավորվեն, եթե տվյալ տարվա բյուջեում լինի այդ ծախսերի հատկացման հնարավորություն:

Ստացվում է՝ կառավարությունը չափելի որևէ պարտավորություն չի վերցնում իր ռազմավարության իրականացման հիմնական պայմանը՝ ֆինանսավորումն ապահովելու համար: Ոչ ֆինանսական ցուցանիշների թիրախավորումը ևս որևէ աղերս չունի նախապես խոստացվածի հետ:

Փաստորեն, գործազրկության կրճատման և զբաղվածության աճի հեղափոխական խոստումները հենց ստացան թվային արտահայտություն և դարձան իշխանության համար չափելի պարտավորություն՝ «թռիչքայինից» դարձան «հազիվ սողացող»:
Մասնավորապես, «Աշխատիր Հայաստան» ռազմավարության հիմնական նպատակադրումներից է զբաղվածության ծրագրերի աջակցությամբ աշխատանքի տեղավորվածների թվի ավելացումը, որի համար էլ ապագա 5 տարիներին թիրախավորվել է տարեկան ընդամնեը 5 տոկոս աճ:

Պատկերն ամբողջացնելու համար բերենք հատկանշական ևս 2 ցուցանիշներ, որոնց մասին բազմիցս ենք հայտնել մեր առարկայական մտահոգությունները: 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը կազմել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս, իսկ 2019 թվականի փաստացի ցուցանիշներով չի գերազանցի 50 տոկոսը: Այսինքն՝ 2018-2019 թվականներին զբաղվածության պետական ծրագրերի թերակատարման հետևանքով մեծ թվով գործազուրկներ չեն ընդգրկվել պետական ծրագրերում և չեն տեղավորվել աշխատանքի: Հնարավորությունն արդեն կորցրած գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու համար նախատեսվող շահառուների տարեկան միջին թվի 125 տոկոսը:

Այլ կերպ ասած՝ աննախադեպ ցածր կատարողականների հետևանքով նախորդ 2 տարիներին կորցրած հնարավորությունը կվերականգնվի 25 տարի հետո՝ «Աշխատիր Հայաստան» ռազմավարության թիրախավորմամբ (զբաղվածության ծրագրերի արդյունքում աշխատանքի տեղավորվածների թվի ավելացում՝ տարեկան 5 տոկոսով): Այսպիսով, անհրաժեշտ կլինի իրագործել 5 հատ այսպիսի ռազմավարություն: Գործող կառավարությունը կունենա արդյո՞ք այդքան ժամանակ, որ իր նախորդ 2 տարիների
ձախողումների հետևանքները վերականգնի՝ զբաղվածության ծրագրերի իրականացման ոլորտում:

Այսքանից հետո մեղմ ասած զարմանալի են ռազմավարության մեջ ներառված «գնահատումները», որոնք վերաբերում են իրենցից առաջ իրականացվող զբաղվածության քաղաքականությանը: Ասենք օրինակ՝ ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանացել, զբաղվածության պետական ծրագրերը կա՛մ գրավիչ չեն, կա՛մ դրանց մասին իրազեկվածության մակարդակն է ցածր, առկա ծրագրերը մեծամասամբ թիրախավորում են սոցիալապես խոցելի խմբերին, մինչդեռ պետությունը պիտի սահմաներ այլ առաջնահերթություններ և
այլն:

Նախորդ շրջանը գնահատելու պարագայում օբյեկտիվորեն անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդպես էլ անպատասխան մնացած բազում հարցերի, որոնք բազմիցս բարձրացրել ենք իշխանափոխությունից հետո՝

– 2018-2019 թվականներին զբաղվածության ծրագրերի աննախադեպ թերակատարումներն արձանագրվել են պատշա՞ճ ուշադրությամբ, թե՞ …,

– զբաղվածության ոլորտի պատասխանատու և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողներն այս ընթացքում յուրաքանչյուր ամիս պարգևատրվել են օրենքո՞վ՝ կատարողական արդյունքների՞ համար,
թե՞ …,

– ծրագրերը գրավիչ դարձնելու, թե՞ ամեն գնով կատարողական ապահովելու համար է, որ այս ընթացքում հետևողականորեն վերացվում են ծրագրերի ռիսկերի կառավարման և հասցեականության ապահովման գործիքները,

– ամեն գնով կատարողական ապահովելու համար հիմա էլ նախատեսվում է վերացնե՞լ շահառուների առաջնահերթությունները, որոնք սահմանված են՝ ըստ աշխատաշուկայում գործազուրկների անմրցունակության, բա ու՞ր մնաց սոցիալական ներառական զարգացումը,

– ինչու՞ է պատասխանատու պետական մարմնի առաջարկով օրենքից հանվում ծրագրերի տարածքային բաշխման և թիրախավորման պահանջն այն դեպքում, երբ «Աշխատիր Հայաստան» ռազմավարության մեջ հիմնավորված է ծրագրերի բաշխման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ աշխատաշուկայի տարածքային առանձնահատկություններով պայմանավորված,

– ներկայումս որքանո՞վ են համակարգված ծրագրերի հանրայնացման աշխատանքները, իրազեկման ի՞նչ նոր քայլեր են արվել և որքանո՞վ է բարձրացել իրազեկվածության մակարդակը,

– գործող ծրագրերին ի՞նչ նոր ծրագիր է ավելացել,

– ինչու՞ են տարիներ շարունակ գործող ծրագրերը հանրությանը ներկայացվում՝ որպես նոր ծրագիր, ասենք օրինակ՝ անասնապահության աջակցության ծրագիրը, որը գործում է 2014 թվականից, սակայն 2019 թվականի նոյեմբերին կառավարության նիստում զեկուցվեց՝ որպես նոր ծրագիր,

– ինչու՞ են 2-3 տարով հետաձգվել զբաղվածության ոլորտի տեղեկատվական ապահովման կարևորագույն բարեփոխումները, որոնք մեկնարկել էին դեռևս 2016 թվականից և ձևավորված էին իրական նախադրյալներ՝ 2018 թվականին ավարտելու համար, ասենք օրինակ՝ զբաղվածության առցանց հարթակի մշակումը հետաձգվել է մինչև 2020 թվական, զբաղվածության պետական գործակալության տեղեկատվական ներքին համակարգը՝ 2021 թվական,

– զբաղվածության քաղաքականության փոփոխություններ նախաձեռնելիս դիտարկվում է՞ «մի՛ վնասիր» սկզբունքը, որն այս իրավիճակում առարկայական անհրաժեշտություն է,

– միջազգային անորոշ փորձ վկայակոչելով և թելադրված քաղաքական դրդապատճառներով մասնագիտական գնահատումներ կատարելիս՝ ծանոթացել ե՞ք զբաղվածության գործող մոդելի վերաբերյալ Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձր գնահատականին, ըստ որի՝ մեր երկրում ներդրված նոր ծրագրերը առաջարկվել են ԵԱՏՄ անդամ երկրներին:

Իսկ հուսադրողն էլ այն է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտում իշխանափոխությունից հետո ձախողված գոնե որոշ բարեփոխումներ վերաիմաստավորվել և ներառվել են «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունում:

Մասնավորապես, 2017 թվականին հաստատվել էր «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի հայեցակարգը: Դրա հիման վրա էլ մշակվել էր համապատասխան օրենքի նախագիծը, որը գտնվում էր քննարկումների փուլում և պետք է ընդունվեր 2018 թվականին:

Մյուսը՝ 2017 թվականին մշակվել էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ծավալուն նախագիծ: Շահագրգիռ լայն քննարկումների և միջազգային փորձագիտական եզրակացությունների հիման վրա այդ նախագիծը լրամշակվել և 2018 թվականի սկզբին ներկայացվել էր Ազգային ժողովի քննարկմանը: Նախագիծը բխում էր մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայից վեր հանված մի շարք խնդիրների լուծման օբյեկտիվ անհրաժեշտությունից:

Ի դեպ, 2018-2019 թվականներին այս նախագծից առանձնացված մի քանի հոդվածներ ընդունվել են՝ որպես իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորների նախաձեռնություն: Իշխանափոխությունից հետո ի՞նչ հիմնավորմամբ և ու՞մ թեթև ձեռքով հանվեցին
շրջանառությունից օրենսդրական այս նախագծերը և հիմա ի՞նչ հիմնավորմամբ են դրանք կարևորվել և ներառվել «Աշխատիր Հայաստան» ռազմավարության մեջ:

Առաջիկայում ևս կներկայացնենք օբյեկտիվ այլ հարցեր և սրտացավ գնահատումներ՝ զբաղվածության պետական կարգավորման խորացող խնդիրներին վերաբերող:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ