26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի դեմ ծիծաղելի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա ԵԺԿ–ում հնչեցրել է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումը. վերլուծաբան

ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործեր հարուցելուց հետո առաջանում է լեգիտիմ հարցադրում՝ բա 1–ին նախագահի դեմ գործ չի՞ հարուցվելու։ Նա սո՞ւրբ է։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի սիրած թեմաների՝ թալանի ու ընտրակեղծիքների հիմքը դրվել է Լևոն Տեր–Պետրոսյանի կառավարման շրջանում։

1995թ. խորհրդարանական և հատկապես 1996թ. նախագահական ընտրությունների գնահատականներն ամենախայտառակն են 1991–ից հետո (խոսքը նաև միջազգային գնահատականի մասին է, մասնավորապես՝ ԱՄՆ պետդեպը «անարդար» է որակել 1996–ի ընտրությունները և արձանագրել ընդդիմադիր քաղաքական գործիչների ծեծը, բանտերում կատարված սպանությունները, մարդկանց խոշտանգումներն ու հետապնդումները, դատական իշխանության լիակատար կախվածությունը գործադրից)։

1996թ. ընտրությունները միակն են, որոնց կեղծման մասին խոսել են այդ օրերի իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներ Վանո Սիրադեղյանը (Ներքին գործերի նախարար) և Կարապետ Ռուբինյանը (ԱԺ փոխնախագահ)։

Ներսի ու դրսի գնահատականները համադրելով պետք է արձանագրել, որ 96–ին տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում և մի խումբ անձանց կողմից իշխանության բռնազավթում։

96–ի կեղծիքների մասին վարչապետի կարգավիճակով խոսել է նաև Փաշինյանը, բայց համառորեն իրավական ընթացք չի տալիս այդ օրինախախտմանը։ Փոխարենը նա ապօրինաբար կալանքի տակ է պահում Ռոբերտ Քոչարյանին, ով 1998–ի իշխանափոխությունից հետո ապացուցեց, որ Արցախի հարցում «փուլային» լուծման տարբերակը սխալ է և կարելի է զարգանալ՝ չզիջելով։

Քոչարյանը կալանավորված է նաև այն պատճառով, որ 2008–ին թույլ չի տվել ՀՀՇ–ական ռևանշ ու սահմանադրական կարգի տապալում, ինչին Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարը պատրաստ էին գնալ անգամ 10 զոհի գնով։

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի դեմ ծիծաղելի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա ԵԺԿ–ում հնչեցրել է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումը, ինչից համառորեն խուսափում է վարչապետ Փաշինյանը։

Քաղաքական դաշտի ջրբաժանն այժմ անցնում է 1998–ին սրված գաղափարական հակասության սահմանագծով։ Սա ոչ թե պատերազմի ու խաղաղության, այլ կապիտուլյացիայի ու հաղթանակի սահմանագիծն է։

1998-ից սկսած Փաշինյանը դարձել է Արցախի հարցում «փուլային» կապիտուլյացիայի գնալու գաղափարի քարոզիչներից։ 2008–ին նա կանգնեց իր իսկ բնութագրմամբ «չարիքի իշխանության» հիմնադիր–նախագահի կողքը։ Այժմ նա նույն «փուլային» տարբերակի տիրույթում է գործում։

Եթե քրեական գործեր են հարուցվում և քաղաքական հետապնդում իրականացվում 1998–ին Տեր–Պետրոսյանին իշխանությունից հեռացնողների դեմ, իսկ վերջինս սրբի կարգավիճակում է մնում, ապա դա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե նոր Հայաստանի, այլ հնագույն Հայաստանի ռևանշի հետ։

Փաշինյանը բացել է «Պանդորայի արկղը» և ստիպված է լինելու գնալ մինչև վերջ։ Իսկ վերջում, որպես կանոն, «արկղում» հայտնվում է նա, ով այն բացել էր»։

Այս մասին գրում է վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ