ԵԱՏՄ-ի ճոխ նվիրատվությունը Տիգրան Ավինյանի ձեռամբ ներքին համաձայնությամբ մեջ-մեջ են արել . 168 Ժամ
ՀՀ Կառավարությունում ԵԱՏՄ-ից որպես նվիրատվություն ստացած TOYOTA Land Cruiser Prado մակնիշի 4 շքեղ ջիփ-ամենագնացները (յուրաքանչյուրի արժեքը՝ շուրջ 70.000 դոլար) ներքին համաձայնությամբ մեջ-մեջ են արել փոխվարչապետի և նրա հովանավորյալի կոմֆորտն ապահովելու համար և թույլ չեն տվել, որ դրանք ծառայեն իրենց նպատակին։
Ավելին՝ 168․am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այս ամբողջ մախինացիան արվել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ձեռամբ։ Վերջինիս հրահանգով 2018 թ. դեկտեմբերին Երևան հասած 4 ջիփերից երկուսն օրերս ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից վերադարձվել է կառավարություն, որպեսզի դրանցից մեկը ծառայի իրեն՝ Ավինյանին, մյուսը՝ վերջինիս հովանավորյալ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանին։
Ավելին՝ մեր հրապարակումից առաջ տեղեկացանք նաև, որ Ռուսաստանից բերված թանկարժեք մեքենաներն արդեն իսկ անթույլատրելիորեն շահագործվում են նոր «տերերի» կողմից՝ չլինելով փոխվարչապետի գրասենյակի և ՏՄՊՊՀ-ի հաշվեկռին։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն խախտվել է սեփականության իրավունքի նորմը, և ամենակարևորը՝ ՀՀ-ՌԴ կառավարությունների միջև ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը, և միայն մի բանի համար, որպեսզի նորօրյա պաշտոնյաներն իրենց «կոմֆորտնի զգան»։
168․am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ ընթացակարգով է կազմակերպվել մեքենաների կամայական բաշխումը Կառավարությունում, և ի՞նչ իրավունքով է պետական X կառույցի հաշվեկշռին գրանցված ծառայողական մեքենան շահագործվում մեկ այլ կառույցի ղեկավարի կամ փոխվարչապետի կողմից, կամ առհասարակ ինչպե՞ս է փոխվարչապետ Ավինյանին հաջողվել սեփական քմահաճույքի համար շրջանցել ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրով գույքի ձեռքբերման փաստաթղթավորված նախապայմանը և դրա շահագործման նպատակային նշանակությունը։
Իսկ նպատակը, ընդգծենք, եղել է Սննդի անվտանգության ոլորտի հզորացումը, մասնավորապես, խնդիր էր դրված աջակցել կառավարությանը ենթակա Սննդի անվտանգության տեսչական մարմնին, որպեսզի նոր ու հարմարավետ մեքենաներով ապահովվի Այրում-Ջիլիզա սահմանային անցակետի նորաստեղծ լաբորատորիայի աշխատանքների արագ կազմակերպումը։
Ընդ որում, չմոռանանք, Այրումի երկաթուղային կայարանին կից նորաբաց ֆիտոսանիտարական լաբորատորիան ևս ստեղծվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության համաձայնագրի շրջանակներում։
Հարցադրումների համար Կառավարություն ուղղված զանգերը, սովորականի պես, անպատասխան մնացին, իսկ ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը հաստատեց մեր տեղեկությունն այնքանով, որքանով իրեն պաշտպանված կդարձներ՝ հետագա հնարավոր զարգացումներից ու պատասխանատվությունից խուսափելու համար։
«ԵԱՏՄ շրջանակներում Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման և կահավորման ծրագրով ՍԱՏՄ-ին հատկացված 4 ամենագնացներից մեկն է մնացել մեզ մոտ։ Ջիփերից երկուսը մոտ մեկ ամիս առաջ տվեցի կառավարությանը, որովհետև ինձ պետք չէր սենց ճոխություն, երկուսն էլ պահել ենք, որովհետև ծրագրի շրջանակներում չէինք կարող աշխատել առանց ամենագնացների։ Մյուս ամենագնացը ԵԱՏՄ-ից ստացած անալիտիկ սարքավորումների և ևս 3 բեռնատար գազելի հետ միասին՝ ամենայն հավանականությամբ, կգրանցվի մեր անասնաբուժական գծով ՊՈԱԿ-ի հաշվեկշռին (ՀԱԲԼԾԿ), սպասում ենք՝ կառավարությունը հաստատի։ Այս ամբողջը մեզ հատկացվել է նույն ծրագրի շրջանակներում և դեռևս Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված պայմանավորվածությամբ»,- պարզաբանեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ նշելով, որ ինքը մեքենաները հանձնել է Պետական գույքի կառավարման կոմիտե և տեղյակ չէ դրանց հետագա ճակատագրի մասին։
Ինչ խոսք, այս գործարքը չէր կարող ՍԱՏՄ-Պետգույքի կառավարման կոմիտեի մակարդակում որոշվել, առավել ևս, որ դրանք իսկապես անհրաժեշտ են ՍԱՏՄ-ի տեսուչներին՝ մարզային գիշերուզոր աշխատանք-վազքի համար։ Տրամաբանությունը հուշում է, որ ՍԱՏՄ և ՏՄՊՊՀ ոլորտները համակարգող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրահանգված կամ կամային որոշումներ է կայացրել՝ ըստ այդմ հետ պահանջելով ՌԴ-ից նվեր ստացած մեքենաները, և բաշխել այնպես, ինչպես սիրտն է ցանկացել։
Ի դեպ, դեռևս 2019 թ. հունվարին Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը Ֆեյսբուքում գրել էր. «Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը սպասարկում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին»: Մինչ այդ էլ՝ մայիսին, հայտարարել էին, թե Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված 4 ծառայողական ավտոմեքենաներից երկուսից:
Օրվա վերջում մենք ստացանք նաև ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանի պատասխանը մեր հարցին. «Տեղեկացնում եմ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի հաշվեկշռում առկա է թվով 2 ծառայողական ավտոմեքենա: Եվս մեկ ավտոմեքենա՝ TOYOTA LC 150 4.0 GAS մակնիշի, ՀՀ կառավարության 2019 թ. սեպտեմբերի 26-ի N 1308-Ա որոշմամբ ամրացվել է հանձնաժողովին, սակայն փաստաթղթային ձևակերպման գործընթացը դեռևս չի ավարտվել: Տեղեկացնում ենք նաև, որ ՏՄՊՊՀ հաստիքացուցակում առկա է վարորդի մեկ հաստիք, որը նախատեսված է ՏՄՊՊՀ նախագահին, 6 անդամներին և հանձնաժողովի աշխատակազմին սպասարկելու համար: Նշենք նաև, որ 2019 թ. մայիսի դրությամբ ՏՄՊՊՀ-ն ունեցել է 5 ծառայողական ավտոմեքենա։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: