Կբարելավվի գործարար միջավայրը.Կառավարության նիստում որոշվեց
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է “Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա” ՍՊԸ թիվ 1 մասնաճյուղի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված “Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար” մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2014թ. դեկտեմբերի վերջը: Համաձայն Սարատով քաղաքի նույնանուն ՍՊԸ հետ կնքված պայմանագրի, ներմուծվել են եռաֆազ գեներատորներ, դրանց նորոգման սև մետաղե հարմարանքներ, էլեկտրամեկուսացման ճկուն խողովակ, պղնձե գլանվածք և այլ ապրանքատեսակներ՝ արտահանելու անհրաժեշտությամբ: Սակայն արտադրական խնդիրների առաջացման պատճառով արտադրանքը հնարավոր չի եղել սահմանված ժամկետում արտահանել և անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: Կառավարության որոշմամբ հնարավորություն կստեղծվի ավարտել վերամշակման աշխատանքը, արտահանել արտադրանքը՝ կայունացնելով ընկերության ֆինանսական վիճակը , պահպանելով ստեղծված աշխատատեղերը:
Կառավարության որոշմամբ մինչև 2016թ. հունիսի 12-ը երկարացվել է “Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն” ԲԸ Հայաստանի մասնաճյուղի ներմուծած ապրանքի նկատմամբ կիրառված “Ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմի ժամկետը: Այս ընկերությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթողն է և Հայաստան է ներմուծել գեոդեզիական սարքավորում: “Ժամանակավոր ներմուծում” ՝ մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև պայմանագրով նախատեսված աշխատանքի ավարտը:
Գործադիրը “Չարենցավանի հաստոցաշինական գործարան” (ՉՀԳ) ԲԲԸ պետական բաժնեմասի կառավարման լիազորությունն իրականացնող ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է հայ-լեհական “Լյուբավա-Արմենիա” ՓԲԸ կանոնադրական կապիտալում որպես լրացուցիչ ներդրում օգտագործել ՉՀԳ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը: 2013թ. օգոստոս ամսից մինչ օրս լեհական կողմը կատարել է 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում. այդ թիվը պետք է հասցվի 10 միլիոնի: Գույքի փոխանցումը լեհական կողմին կպարտավորեցնի շարունակել համամասնական ներդրումները:
Գործադիրն ընդունել է ՀՀ 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշում: ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության 2013թ. մայիսի 15-ի համաձայնագրով նախատեսված է փաստաթղթերի և Արարատյան դաշտի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն Վեդու ջրամբարի կառուցման նպատակով: Սահմանված ժամկետում վճարումներն իրականացնելու համար այս ծրագիրը ևս ներառվել է ՀՀ 2014թ. Պետբյուջեn:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել շուրջ 52 մլն դրամ սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական ենթակառուցվածքը վերազինելու նպատակով:
Նիստում հաստատվել է Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցության ապահովման կարգը, որով կարգավորվում են այդ գործընթացի իրավահարաբերությունները: Հավանություն է տրվել տնտեսական, ռազմական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչների վրա հիմնված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման հայեցակարգին: