Առաջարկ է եղել էլեկտրաէներգիան դեռ հունվարից թանկացնել
Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության որոշման և դրա հիմնավորման վերաբերյալ լսումների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինչու է սեփական նախաձեռնությամբ վերանայում սակագինը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախ նշեց, որ էներգետիկայի մասին օրենքում հստակ ձևակերպում կա, որ սակագները կարող են վերանայվել կամ հայտերի առկայության դեպքում, կամ հանձնաժողովի որոշմամբ: ՛՛Մենք կարող էինք լրիվ այլ բնույթի ձևակերպում տալ, ֆորմալ առումով ասել՝ այդպիսի հայտեր կան: Մասնավորապես մենք ունենք գրություններ, որ մեզ գրել են, պաշտոնական գրություններ՝ բոլոր էլեկտրաէներգիա արտադրող կայաններից՝ տեղափոխող, բաշխող, բոլոր ընկերություններից, նույնիսկ կան երկու-երեք գրություններ, դրանցից մեկում նաև պահանջում են հունվարի մեկից սակագները վերանայել, մենք ասացինք՝ տարին կփակվի, կգնա, կհարթվի ֆինանսական ամբողջ դժվարությունը՛՛,- ասաց նա:
Նազարյանի խոսքով՝ իրենք բոլոր ընկերություններից ունեն գրություններ՝ պահանջի տեսքով, որ դրվում է սակագնի վերանայման հարցը: Նա տեղեկացրեց, որ այդ պահանջով 11 ընկերություն են դիմել, բացառություն է միայն Որոտանի կասկադը, այն էլ՝ հասկանալի պատճառներով: Հանձնաժողովի նախագահը նշեց, թե եթե յուրաքանչյուր ընկերություն իր սակագնային մարժայով հայց ներկայացներ, այս ամբողջ խառնաշփոթի մեջ վերջնական սակագնի մեծությունն ինչքան պիտի լինի, այդ ամբողջը վերլուծել, բերել, հանրության առաջ հրապարակային ձևով հանդես գալ և գնահատական տալ, դա կարող էր անել միայն օրենքով վերապահված մարմինը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: