Կառավարությունն առաջարկում է Ազգային Ժողովի վաղվա արտահերթ նիստում քննարկել հրատապ հարցեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին: 2007թ. ընդունված օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում էր, որ հայցադիմումին պետք է կցվեն նաեւ հայցադիմումը եւ կից փաստաթղթի պատճենները ստանալը հավաստող փաստաթղթերը: ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով նշված իրավանորմի սահմանադրականության հարցը, 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով այն ճանաչել է Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր:
Նույնաբովանդակ ձեւակերպմամբ դրույթ է ամրագրվել նաեւ 2014թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, հանգամանք, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը: Հարցին լուծում տալու նպատակով առաջարկվում է օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված դրույթը խմբագրել ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ ձեւակերպմամբ: Նշված փոփոխությունից բխող անհրաժեշտ փոփոխություն է կատարվել նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում՝ դատարանի համար հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման հետ հայցադիմումը եւ կից փաստաթղթերի պատճենները նույնպես պատասխանող կողմին ուղարկելու պարտադիր պայման ամրագրելով: Օրինագծի ընդունմամբ օրենսգիրքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
Կառավարության հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը կազմել է ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը: Նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: Եվ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ օրենքում առաջարկվող փոփոխություններն համակողմանիորեն քննարկվել են պատկան մարմիններում, երեկ դրանց վերաբերյալ կարծիք է հայտնել ՀՀ նախագահը: «Մեծ զիջում ենք անում, – հավելել է վարչապետը, – տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաեւ առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե ս.թ. սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից»:
Նիստում հավանություն է ստացել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով հստակ սահմանվում են այն դեպքերը, որոնց պարագայում սեփականության չօտարված մասի սեփականատերը իրավունք ունի օտարում պահանջել, ինչպես նաեւ սեփականության չօտարված մասի օտարման պահանջի քննարկման կարգը: Իրավական ակտն ընդունելու արդյունքում կկանոնակարգվեն սեփականության չօգտագործված մասի օտարման հիմքերը եւ ընթացակարգերը, ինչպես նաեւ կհստակեցվի դատական կարգով սեփականության օտարումը:
ՀՀ կառավարությունն հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ եւս մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլեւս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս համատեքստում նշել է, որ ս.թ. հուլիսի 1-ից մոտ 200 հազար պետական աշխատողների աշխատավարձն է բարձրացվելու: Այս իրողությունը նաեւ նպատակային սոցիալական վճար սահմանելու հիմք է: Կառավարության կողմից շատ համարձակ քայլ է հուլիսի 1-ից աշխատավարձի բարձրացմանը 38 մլրդ դրամ հատկացնելը: Հանրությունը, Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան այս իրողությունը, – շեշտել է վարչապետը:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: