Ոստիկանությունը չի վերծանի Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցները, նա մեղադրյալ չէ /վիդեո/
“Հարսնաքար” ռեստորանային համալիրի սեփականատեր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցները չեն վերծանվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե վերծանվել են արդյոք Ռուբեն Հայրապետյանի եւ ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների միջեւ հեռախոսազրույցները, Գագիկ Համբարձումյանը պատասխանեց. “Դուք պետք է գիտենաք, որ նման ինֆորմացիան դատարանի սանկցիայով կարող ենք պահանջել այն անձանց համար, ովքեր ունեն մեղադրյալի կարգավիճակ: Քանի որ Հայրապետյանը չունի այդ կարգավիճակը, մենք իրավական արգելքի պատճառով չենք կարող դա անել”:
Միեւնույն ժամանակ քննչական գլխավոր վարչության պետը տեղեկացրեց, որ ոստիկանությունն արդեն դիմել է “Արմենտել” եւ “Վիվասել” բջջային օպերատորներին, գործով անցնող մեղադրյալների հեռախոսազրույցների վերծանման համար:
“ Արդեն իսկ ստացել ենք վերծանումները եւ այդ կոնտակների ուղղությմաբ ակտիվ քննություն է գնում”,-եզրափակեց Գագիկ Համբարձումյանը: